Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը հորդորեց Մետրոպոլիտենի ներկայացուցիչներին հաշտության եզրեր գտնել երեք նախկին աշխատակիցների հետ

Հոկտեմբեր 10,2014 22:55

Այսօր` հոկտեմբերի 10-ին, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասությունների դատարանում` «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» նախկին աշխատակիցների գործով դատական նիստի ընթացքում Մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը դատարանին ներկայացրեց նյութական վնասի չափը հաստատող փաստաթուղթ, որը կազմվել է մայիս ամսին:

Սակայն դատավոր Հայրապետյանը նշեց, որ համաձայն քաղաքացիական օրենսգրքի ապացույցները պետք է ներկայացվեն մինչեւ դատաքննության սկսվելը եւ չընդունեց այն:

Սամվել Մնացականյանն իր խոսքում նշեց, որ աշխատակիցները չունեն որեւէ ապացույց, որ իրենց աշխատանքը նորմալ են կատարել. «Եթե լիներ դիտավորություն, ապա ցուցակի 70-ից ավել մարդիկ էլ ազատված կլինեին աշխատանքից, մեր ձեռքը չէր»: Փաստաբան Արտակ Երեմյանը այս նախադասությանը շտապ ավելացրեց` «ըստ ձեր տրամաբանության»:

Դատավոր Հայրապետյանին հետաքրքիր էր, թե այն պահին, երբ երեք աշխատակիցներն ազատվել են աշխատանքից, Մետրոպոլիտենի ղեկավարությանը հայտնի էր նյութական վնասի չափը, Սամվել Մնացականյանը պատասխանեց, որ իրենց հայտնի էր միայն  այն հանգամանքը, որ իրենց նյութական վնաս է հասցվել.

«Մենք չէինք կարող մի թիվ վերցնել, ասել այ այսքան նյութական վնաս ունենք: Դրա համար ժամանակ էր պետք»:

Սամվել Մնացականյանը նշեց, որ աշխատակիցները, չկատարելով աշխատանքը, մատյանում նշել են, որ այն արդեն կատարված է:

Դատավոր Հովսեփյանին նկատեց, որ մատյաններում աշխատակիցների կատարած գրառումները ստորագրվել եւ հաստատվել են վարպետի կողմից, նրան հետաքրքրեց, թե վարպետը պատասխանատվության ենթարկվե՞լ է:

«Իհարկե’, պատասխանատվության է ենթարկվել: Վարպետը մասնակցել է իրենց հետ իրենց կատարած հանցագործությանը: Աշխատանքից չի ազատվել, որովհետեւ վարպետ պատրաստելը երկար ժամանակի խնդիր է»:

Դատավոր Հայրապետյանը հորդորեց Մետրոպոլիտենի ներկայացուցիչներին հաշտություն հաստատել Մետրոպոլիտենի երեք նախկին աշխատակիցների հետ:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:

Հիշեցնենք՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի արդեն նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը հունվար ամսին ազատվել են աշխատանքից: Եվ հիմա դատարանում իրենք վիճարկում են աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքը վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարները վճարելու հարցերը:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031