Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը երեկ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած վթարի մասին տեղեկացրեց հետևյալը. «2014 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102-րդ կիլոմետր հատվածում, Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի խաչմերուկում միմյանց են բախվել 1970 թվականին ծնված Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի, ինչպես նաև Երևան -Գյումրի երթուղու Ռազմիկ Մկրտչյանի կողմից վարած «Գազել 32» մակնիշի ավտոմեքենաները: Նշված վթարի հետևանքով «Գազել 32» մակնիշի մեքենան այրվել է, 7 ուղևորներ մահացել են տեղում, իսկ 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն»:
Լրագրողները դատախազից հետաքրքրվեցին, թե ինչի՞ց է բռնկվել հրդեհը, գազի արտահոսքի՞ց, թե՞ «Կամազ» մակնիշի մեքենայից է բենզին հոսել «Գազելի» վրա, այդ պատճառով է այն այրվել ու մարդիկ զոհվել են: Դատախազն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այս գործի շրջանակներում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ, կատարվել և ներկայումս էլ կատարվում է դեպքի վայրի զննություն:
Ըստ նրա, վթարի առաջացման մեխանիզմի, հրդեհի առաջացման պատճառների մասին վերջնական եզրահանգումներ կարող են անել փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո: Դատախազը նաև ասաց, որ դեպքի վայրի զննությամբ տեսանելի է եղել, որ «Գազելի» գազի բալոնները պայթել են: Սակայն, ըստ նրա, պետք է ի նկատի ունենալ, որ մեքենան դիմային հատվածով է հարվածել «Կամազ» ավտոմեքենային: «Ըստ նախնական տվյալների և քրեական գործով հարցաքննված անձանց ցուցմունքների, բեռնատարի վարորդը երկրորդական ավտոճանապարհից կանգառ նշանի առկայության պայմաններում մուտք է գործել գլխավոր ավտոճանապարհ, այսինքն՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհ»,- տեղեկացրեց դատախազը:
Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է հանցագործության կատարման անմիջական կասկածանքով և քրեական գործով բավարար ապացույցների առկայության պայմաններում կներգրավվի որպես մեղադրյալ առաջիկա երկու օրերի ընթացքում:
Դատախազը նաև ասաց, որ թեև զոհվածների հարազատները ճանաչել են զոհվածների ինքնությունը, սակայն քրեական գործի շրջանակներում կքննարկվի նաև գենետիկական փորձաքննություն նշանակելու հարցը: Ըստ դատախազի, «Կամազ»-ի վարորդը, ըստ նախնական տվյալների, սթափ է եղել, թեև արյունով դարձյալ դատաքիմիական փորձաքննություն է նշանակված ու հարցի վերջնական պատասխանը կտա փորձաքննությունը:
Կարդացեք նաև
Իսկ արագության գերազանցման մասին Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ հետևությունները դեռ չեն կարող անել, քանի դեռ չունեն դատատեխնիկական փորձաքննության եզրակացությունը, սակայն, ըստ «Կամազի» վարորդի ցուցմունքի, վերջինս խաչմերուկ մուտք է գործել 30-40 կիլոմետր ժամ արագությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































