Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի հետ հարցեր է պարզաբանում եւ քննադատում ՀԱԿ-ի լոգոյի տակ թաքնվող գործչին

Դեկտեմբեր 01,2014 14:52

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի դիրքորոշմանը, թե ինչու չմիացան Սերժ Սարգսյանի իմպիչմենտի իր որոշման նախագծին:

Նրա խոսքերով՝ «Եռյակի դիրքորոշումը խոսուն է»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, երբ որպես իր որոշումը, որպես օրենսդրական նախաձեռնություն դրվի շրջանառության մեջ, պատրաստ է ընդունել առաջարկներ եւ բոլոր կետերի շուրջ համագործակցել:

Հարցին՝ Արտաշես Գեղամյանն ասաց, որ  ձեր նախաձեռնությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը վստահություն է վայելում պատգամավորների կողմից, քանի որ կա երեք ստորագրություն, ինչպե՞ս եք դրան վերաբերվում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Շատ լավ: Բոլոր այն ուժերը, ովքեր համաձայն չեն Գեղամյանի հետ, կարող են հերքել Գեղամյանի այդ հայտարարությունը: Ես կարող եմ ցույց տալ պատգամավորներ, որոնք իրենց դիրքորոշումը հստակ ցույց տվեցին եւ հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը թույլ է տվել պետական դավաճանություն:

Եթե կան քաղաքական ուժեր, որոնք այդ  դիրքորոշումը կիսում են, իրենք կարող են Գեղամյանի արած այդ հայտարարությունը շատ հեշտությամբ հերքել: Ցանկացած քաղաքական ուժ, պատգամավոր, որը հանդես կգա ուրիշ նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու, ուրեմն ես այսօրվանից ասում եմ, որ դուք իմ ստորագրությունը կգտնեք դրա տակ»:

Հարցին՝ կա կարծիք, որ Ձեր ներկայացրած կետերը շատ թույլ էին՝ պետական դավաճանություն որակելու համար՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ցանկացած կարծիք իրավունք ունի գոյություն ունենալ, կարող են այլ կետեր ձեւակերպել եւ դնել շրջանառության մեջ, ինքն էլ կստորագրի:

Հարցին՝ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որ Դուք 2012-ին մասնակցել եք խմբակցության նիստի որոշմանը եւ կողմ եք քվեարկել, որ չունեք բավարար ռեսուրսներ, այդ հարցը քննարկման դնելու եւ որ դա ի սկզբանե դատապարտված է ձախողման, տապալման՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նախ, այն հայտարարությունը, որը տարածվել է ՀԱԿ-ի լոգոյով, դրա հեղինակը ՀԱԿ խմբակցության՝ իմ մասնակցությամբ որեւէ նիստի ներկա չի եղել:

Պատշաճ չեմ համարում քաղաքական գործիչների այն վերաբերմունքը, երբ նրանք թաքնվում են իրենցից կախվածության մեջ գտնվող մարդկանց հետեւում, եւ նրանց հետեւից ինչ-որ դիրքորոշում են հայտնում: Սա առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու համար է: Երբ որ հարցեր կպարզաբանվեն, կասեն, որ այդ հայտարարությունը, գիտեք, մենք չենք արել, դա արել է փորձագետի տեղակալի հարեւանը եւ մենք այդ հայտարարության հետ որեւէ կապ չունենք»:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու շրջանառության մեջ դրեց նախագիծը, եթե գիտեր, որ չկար անհրաժեշտ թվով ստորագրություն. «Ուզում եմ հիշեցնել, որ ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դրել մի քանի նախագծեր, այդ թվում՝  եռյակը՝ նախապես իմանալով, որ չեն անցնելու այդ նախագծերը, որովհետեւ չկա անհրաժեշտ թվով ձայն: Օրինակ, Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որը երկու անգամ մինչեւ վերջ տարվել է, դրվել է քվեարկության՝ նախապես իմանալով, որ այդ նախաձեռնությունը չի անցնելու:

Ուրեմն, հարց՝ ինչի՞ համար է դա արվել: Ես այն ժամանակ կողմ եմ արտահայտվել, որ  Մարտի 1-ի հարցը դրվի շրջանառության մեջ: Կարող եմ ասել շարժառիթը՝ ես ուզել եմ, որ խորհրդարանի մակարդակով ֆիքսվի, որ ՀՀ օրակարգում կա Մարտի 1-ի հարց եւ այդ հարցը դուրս չի եկել շրջանառությունից: Եվ հիմա էլ ինձ համար կարեւոր խնդիրներից մեկն այն է, որ ֆիքսենք, որ ՀՀ օրակարգում կա Սերժ Սարգսյանին պաշտոնից զրկելու հարց եւ այդ հարցն օրակարգից դուրս չի եկել»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն ներկայացրել է այն 3 կետերը, որոնք դրդել են իրեն իմպիչմենտի նախագիծը դնել շրջանառության մեջ, եւ ինքը լիովին բավարարված է արդյունքներով:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցին ինքը դեմ է քվեարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031