Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամի առավելությունը

Դեկտեմբեր 23,2014 10:22

Ռուսաստանցի հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկին վերջերս, ինձ թվում է, միանգամայն արդարացիորեն նկատել է, որ ռուսաստանյան տնտեսության խնդիրները պայմանավորված են ոչ այնքան արեւմտյան պատժամիջոցներով եւ նավթի գներով, որքան իր երկրի հասարակության մեջ տիրող անվստահությամբ: Մարդիկ, ըստ Խոդորկովսկու, կարող են հրապարակավ ողջունել Պուտինի իմաստուն ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իսկ հետո վազել փոխանակման կետեր եւ դոլարներ գնել: Իսկ անվստահության հիմնական պատճառն այն է, որ տնտեսական այն մոդելը, համաձայն որի՝ բարեկեցությունը հնարավոր է առանց ազատության, Ռուսաստանում ցույց է տվել իր սնանկությունը:

Նման դեպքերում ընդունված է բերել Չինաստանի, Սինգապուրի եւ զանազան այլ «վագրերի» օրինակները, որտեղ տնտեսական ազատությունները գործում են իշխանության կենտրոնացման եւ կարծր ավտորիտար ռեժիմի պայմաններում: Այդ փորձն, իհարկե, արժանի է ուսումնասիրության, բայց անպայման պետք է հաշվի առնել մշակութային, պատմական հսկայական տարբերությունները. այն, ինչ հնարավոր է Սինգապուրում՝ Հայաստանում, Վրաստանում կամ Ռուսաստանում հնարավոր չէ:

Դրանով է, կարծում եմ, այն ճգնաժամը, որի մեջ մենք թեւակոխում ենք (եկեք իրերն իրենց անունով կոչենք), տարբերվում 1998-ի եւ 2009-ի ճգնաժամերից: Այս մեկն ավելի համակարգային է եւ, եթե կարելի է այդպես ասել, ավելի «գաղափարական»: Տնտեսական խնդիրների առաջ են կանգնելու ինչպես վերը նշված, այնպես էլ մի շարք այլ հետխորհրդային երկրներ: Ըստ մասնագետների՝ կյանքի մակարդակը, մարդկանց իրական եկամուտները նվազելու են մոտ 20-30 տոկոսով: Դոլար առնել-ծախելն այստեղ չի օգնի՝ ոչ պետական, ոչ կորպորատիվ, ոչ էլ անձնական մակարդակներով:

Իսկ ի՞նչը կօգնի: Նախեւառաջ՝ ազնվորեն խոստովանել, թե ինչպիսին է մեր վիճակը: Նախորդ ճգնաժամի ժամանակ մենք փորձեցինք ղեկավարվել այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի դեղատոմսով՝ որքան քիչ խոսենք ճգնաժամի մասին, այնքան նա մեզ շրջանցելու է: Մենք, կարծես թե, համոզվեցինք, որ այդ դեղատոմսը չի օգնում: Այս անգամ եկեք ոչ մի բան չթաքցնենք եւ ինքներս մեզ չխաբենք:

Այո, պետք է խոսել ճգնաժամի մասին, բայց՝ ինչպե՞ս: Կարելի է խուճապի մատնվել, ընկնել հուսահատության գիրկը, ասել, որ դա փակուղի է, որ հանգամանքների առջեւ մենք անզոր ենք եւ այլն: Իսկ կարելի է ճգնաժամը դիտարկել որպես բացվող բազմաթիվ նոր հնարավորություններ, շատ բան վերանայելու եւ փոխելու ասպարեզ (օրինակ՝ հրաժարվել ավտորիտար-մենաշնորհային մոդելից):

Ճգնաժամի առավելությունն այն է, որ հաղթելու են նրանք, ովքեր ճիշտ են մեկնաբանում իրավիճակը եւ ըստ այդմ էլ կառուցում իրենց հետագա գործունեությունները: Այս իրավիճակում ուժեղն ուժեղանում է, իսկ թույլը՝ թուլանում: «Ով ունի, նրան պիտի տրվի ավելիով, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցած փոքր բաժինն էլ» (Մատթեոս 13; 12): Հուսով եմ՝ հասկանալի է, որ խոսքը նյութական ունեցվածքի մասին չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գալուստ says:

    Հարգելի Արամ, Ձեր մտքի հետ «այն, ինչ հնարավոր է Սինգապուրում՝ Հայաստանում, Վրաստանում կամ Ռուսաստանում հնարավոր չէ » մի փոքր համաձայն չեմ: Իհարկե չինացիները իրենց վեցհազարամյա պատմությամբ հայտնի են որպես անկրկնելի ձեռներեցներ , գյուտարարներ եվ առեվտրականներ, բայց մենք հայերս եվս պակաս հայտնի չենք…դարերով լինելով պարսիկների, արաբների, ոսմանների լծի տակ հայերս մեզ դրսեվորել ենք որպես ստեղծարար, ընտանիք պահող, արժանապատիվ կյանքով ապրող մարդիկ…Ինչ վերաբերում է Ռուսաստանին, իհարկե Պետրոս առաջինը փորձեց ռուսներին մոտեցնել եվրոպակենտրոն քաղաքակրթությանը, սակայն չփոխեց ստրկական-ճորտատիրական համակարգը, որը գոյատեվեց թերեվս մինչեվ այսօր: Ցավոք այդ իրողությունը ռուս ժողովրդի մեջ սպանել էր ձեռներեցության ձգտումը…նույնիսկ Հոկտեմբերիան հեղափոխությունը իրականացրին հրեաները, հայերը, վրացիները…Իննսունականներից հետո էլ նույնը , ռուսական հողում Օլիգարխ հրյաները,ուկրաինացիները, հայերը,վրացիները հիմնականում կիսեցին Ռուսաստանի հարստությունը…Ռուսները տաղանդավոր ժողովուրդ են, ունեն Դոստոեվսկի, Չայկովսկի, Մենդելեեվ…սակայն , եթե ուկրաինացին, հայը , վրացին սեղան նստելիս մի լավ ուտում է հետո են խմում, ապա ցավոք ռուսները վարժվել են…ռուսական ցարերը,արիստոկրատիան, եվ հետո Ստալինզմն ու կոմունիսները իրենց դրոշմն են դրել նրանց մշակույթային «առանձնահատկության… »: Իհարկե այդ դրոշմը մասամբ արտահայտվել է նայեվ մեր արեվելահայ հատվածի, նաեվ ուկրաինացիների, վրացիների ապրելակերպի վրա…Ես հավատացած եմ ԵՏՄ ից դուրս մեր երկրը ավելի վառ հեռանկարներ կունենա…

  2. Կարապետ says:

    «Պատերազմի տարիներին նույնպես շատ քչերին էին հավատում, որ Աղդամը հնարավոր է ազատագրել: Կարճ ժամանակ անց այն մարդիկ, այն արցախցիները, որոնք Աղդամի ազատագրումը բառի բուն իմաստով անհնար էին համարում, իրենց իսկ ձեռքով ազատագրեցին այն» – Ժիրայր Սեֆիլյան (https://www.youtube.com/watch?v=WJvWMdf5740

    «այն, ինչ հնարավոր է Սինգապուրում՝ Հայաստանում, Վրաստանում կամ Ռուսաստանում հնարավոր չէ » – եթե իշխանության են մարդիկ, ում ներկայությունը բավարար է , որ մի բան հրդեհվի (կարեն ավագյանի ականջը կանչի), այլ ոչ Հերոսներ, ում շնորհիվ մենք այսօր կանք ու կլինենք վաղը։

  3. Gibindus says:

    Սինգապուրին նման չլինելը դեռ չի նշանակում, որ Հայաստանն ու Ռուսաստանը նման են: Խոդորկովսկին Ռուսաստանի համար նույնն է, ինչ որ Լֆիկը կամ Գռզոն մեր համար: Տարբերություն զգալու համար մեծ խելք պետք չի: Եվ այդպես ամենուրեք` Սադովնիչին Մոսկվայի համալսարանի ռեկտոր, Արամիկը` մեր, Պուտինը Ռուսաստանի պրեզիդենտ, Սերժիկը`մեր… ու գնա հասի մինչև շարքային “ընտրողներին”: Եթե Ռուսաստանը տուժում է ազատության բացակայությունից`մենք հիստերիկ ցնցումների մեջ ենք ընկնում ազատության առկայությունից:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031