Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 20-ը՝ սգո և պահանջատիրության օր

Հունվար 20,2015 10:32

Մենք՝ Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներս, գիտակցելով, որ մեր երկրի իշխանության ղեկին հայտնված անձինք վաղուց բաց են թողել պահը և իրենց անգործությամբ անարգել Գյումրիի արյունալի դեպքերից զոհվածների հիշատակը, հունվարի 20-ը հայտարարում ենք սգո և պահանջատիրության օր։ Քաղաքացիներին կոչ ենք անում անպայման ժամանակ հատկացնել Ազատության հրապարակում հարգելու անմեղ զոհերի հիշատակը։

Հունվարի 20-ը կլինի սգո օր՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի, որն իսպառ հոշոտվեց ռուսական 102-րդ ռազմաբազայում գրանցված ռուս տխրահռչակ զինծառայողի և նրա հնարավոր աջակիցների կողմից, ինչպես նաև պահանջատիրության օր՝ որպես կոչ բոլոր երկրների հայ համայնքներին և Հայաստանի ազատ քաղաքացիներին՝  համախմբվելու և պահանջելու արդար դատաստան հանցանքի կազմակերպիչների և իրականացնողների նկատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։

Ապօրինի և անբարոյական ենք համարում ոստիկանության կողմից սգավոր ժողովրդի մոմավառությանը և խաղաղ հավաքներին խոչընդոտելու փորձերը ինչ-ինչ կցկտուր պատճառաբանություններով և առավել ևս առևանգելն ու բերման ենթարկելը, և հուսով ենք, որ իրավապահ կոչվող մարմինները չեն կրկնի անցած երկու օրերի խիստ անպատվաբեր և ամոթալի այդ գործելակերպը։

Իշխանության ղեկին հայտնված մարդկանց մենք որևէ կոչ չունենք։ Նրանց ցուցաբերած խայտառակ անտարբերությունն ընդունում ենք որպես անկարողության բացահայտ դրսևորում, հետևաբար նաև՝ համապատասխան պաշտոններից ինքնակամ հրաժարական։

 

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031