Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Ներսիսյան. «Ուզում ենք օլիմպիական խաղերի երեք մասնակից ունենալ»

Փետրվար 02,2015 12:30

Հայաստանի ծանրամարտի կանանց ազգային, երիտասարդական, պատանեկան եւ դեռահասների հավաքականները հունվարի 26-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

«Առավոտը» զրուցել է կանանց թիմերի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ:
– Սա առաջին հավաքն է, որը համատեղ անցկացնում եք բոլոր տարիքային խմբերի մարզուհիների մասնակցությամբ: Ի՞նչն է պատճառը, որ որոշել եք բոլորին միավորել:
– Տարեսկիզբ է եւ մրցաշրջան 2015-ը հագեցած ու պատասխանատու է լինելու կանանց ծանրամարտի համար: Ուզում ենք տեսնել, թե ինչ ունենք այսօրվա դրությամբ: Կանանց ծանրամարտն ուրիշ է: Աղջիկները տեղերում լիարժեք կամ պարբերաբար չեն մարզվում. Դպրոց, այնուհետեւ տան հոգսեր եւ այլն: Այս հավաքը, որի ընթացքում ուշադրություն դարձնում ենք ընդհանուր ֆիզիկական եւ տեխնիկատակտիկական պատրաստվածությանը, ծառայեցնում ենք նրանց մարզավիճակը բարձրացնելուն, որպեսզի փետրվարի 10-ին մեկնարկող Հայաստանի առաջնության ավարտին ֆեդերացիան եւ հավաքականի մարզիչներն ընդհանուր պատկեր ունենան:

– Մեր բոլո՞ր առաջատար մարզուհիներն են մասնակցում այս հավաքին:

– Ոչ: Բացակայում են Էլեն Գրիգորյանը եւ Մելինե Դալուզյանը: Էլենն ուսի վնասվածք ունի եւ չի հրավիրվել: Մելինեն անցած տարվա աշխարհի առաջնությանը մասնակցեց արմունկի վնասվածքով: Նրա մասնակցությունն անհրաժեշտ էր թիմին օլիմպիական վարկանիշներ նվաճելու համար: Դրանից հետո ֆեդերացիան նրան ուղարկեց Մոսկվա՝ հիմնովին վնասվածքը վերացնելու: Դալուզյանը շարունակում է ապաքինվել: Նա չի մասնակցի մարտի սկզբին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որպեսզի լրիվ պատրաստ լինի նոյեմբերին Հյուսթոնում մեկնարկող աշխարհի առաջնությանը, որի արդյունքներով էլ պարզ կդառնա, թե Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում Հայաստանը քանի՞ կին ծանրորդով ներկայացված կլինի: Ինչ վերաբերում է մեր մյուս առաջատար մարզուհիներին, բոլորն էլ Ծաղկաձորում են՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, Աննա Գովելյանը, Քրիստինե Պետրոսյանը, Իզաբելլա Յայլյանը: Մի լավ նորություն էլ ասեմ: Հիմա մեզ հետ է նաեւ Նազիկ Ավդալյանը, որն սկսել է թեթեւ մարզվել: Բայց դա չի նշանակում, թե մեր աշխարհի չեմպիոնն արդեն վերադարձել է մեծ սպորտ: Նազիկի բժշկական թղթերը Հայաստանի բժիշկները մանրամասն ուսումնասիրել են ու ուղարկել Իսրայել: Այնտեղ էլ նայել են ու եզրակացրել, որ թեթեւ մարզումները նրան առայժմ հակացուցված չեն: Այնպես որ, ներկայիս դրությամբ դեռ ոչինչ վերջնականապես հայտնի չէ:

– Մրցաշրջան 2015-ում ի՞նչ պաշտոնական առաջնություններ կան:

– Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունն արդեն նշեցի: Ամռանը կայանալու է երիտասարդների աշխարհի առաջնությունը, հոկտեմբերին՝ Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունը, իսկ նոյեմբերին մեր կարեւորագույն մրցումն է՝ աշխարհի առաջնությունը:

– Անցած տարվա աշխարհի առաջնության արդյունքներով Հայաստանը օլիմպիական խաղերի երկու վարկանիշ ունի: Դա մեր հնարավորությունների առավելագո՞ւյնն է:

– Եթե մեր ծրագրերը մինչեւ վերջ կատարենք եւ չնախատեսված խանգարող հանգամանքներ չլինեն, աղջիկներն էլ այդ ժամանակ լավագույն մարզավիճակ ձեռք բերած լինեն, պայքարելու ենք օլիմպիական ուղեգրերի քանակը երեքի հասցնելու համար:

– Նազիկ Ավդալյանն աշխարհի առաջնությանը կմասնակցի՞:

– Ոչ: Նա նոր սկսել է թեթեւ վարժություններ անել: Հինգ տարի նա ոչինչ չի արել: Ու դեռ պարզ չի, թե կկարողանա՞ ավելի մեծ ծանրաբեռնվածությունների տակ մտնել: Այնպես որ, եկեք Նազիկին առայժմ հանգիստ թողնենք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728