Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառության հարկի փաստաթղթավորման պահանջը կասեցվեց

Փետրվար 04,2015 13:29

ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կասեցման հարցը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են լինելու. «ԲՀԿ-ն ասել է, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ: Մենք փորձեցինք կոնստրուկտիվ դաշտում պայմանավորվել, հույս ունենք, որ շատ կարճ ժամկետում հիմնավորապես կլուծվի այդ խնդիրը եւ կհանի ՓՄՁ-ների մտահոգությունը: Բնականաբար, մենք կողմ չենք կարող քվեարկել ժամանակ ձգելուն: Իհարկե, նաեւ դեմ չենք, որովհետեւ դեմ-ի դեպքում կմնա այդ վատ տարբերակը: Այդ պատճառով էլ ԲՀԿ-ն այս առաջարկին այս պահին կքվեարկի ձեռնպահ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ իրենք էլ են ձեռնպահ քվեարկելու եւ դա պայմանավորված է վարչապետի հետ հանդիպմամբ: Նրանք պայմանավորվել են, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում միասնական նոր նախագծով կներկայանան, իսկ 6 ամիս հետաձգելու մասին խոսքն արդեն օրակարգում չէ. «Հիմա ընդունելով վարչապետի հետ մեր պայմանավորվածությունները՝ ձեռնպահ ենք քվեարկելու»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Մտահոգություն ունենալով, որ եթե օրինագիծը չանցնի, կմնա վատ տարբերակը, մենք կողմ ենք քվեարկում, որպեսզի այս օրինագիծն անցնի»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ ձեռնպահ են քվեարկելու:

Լեւոն Զուրաբյանը, ներկայացնելով ՀԱԿ-ի դիրքորոշումն, ասաց . «Կառավարության եւ իշխանությունների այս անհետեւողական եւ անսկզբունքային քայլի համար չենք ուզում պատասխանատվություն կրել, դրա համար քվեարկելու ենք ձեռնպահ»:

Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Ողջունում եմ այլակարծությունը» եւ հարցը դրեց քվեարկության:

75 կողմ, 1 դեմ, 40 ձեռնպահ արդյունքներով որոշումն ընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728