Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իշխանավորներից ո՞ր մեկը կբացատրի՝ այդ երբվանի՞ց Ղարաբաղը Հայաստան չէ»

Փետրվար 10,2015 23:40

Վերլուծելով հունվարի 31-ին Բերձորում կատարված դեպքերը՝ ակամա գալիս ես մի եզրակացության, որ Բերձորի դեպքերը պետք է գնահատել որպես պետական մակարդակով կազմակերպված և իրականացված ահաբեկչություն՝ ոչ միայն Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների, այլև ամբողջ հայ ժողովրդի դեմ:

Իշխանությունները անում են ամեն ինչ՝ կատարվածի մեղքը Հիմնադիր խորհրդարանի անդամների վրա բարդելու համար:

Հիմնադիր խորհրդարանն անց է կացնում 100-ամյակը առանց ռեժիմի միջոցառում, հանրապետության տարբեր մարզերը գնալու համար կազմակերպվում են ավտոերթեր: Այս ակցիան ուղղված չէր Արցախի իշխանությունների կամ նրա ենթակառույցներից որեւէ մեկի դեմ: Ուղղված չէր նաև Լեռնային Ղարաբաղի ներքին կամ արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ և այլ ոլորտներում
փոփոխություններ մտցնելու դեմ:

Ակցիան ուղղված է Հայաստանում ժողովրդի մի մասի կողմից բացարձակապես անընդունելի Ս.Սարգսյանի և նրա ստեղծած ռեժիմի դեմ: Ուրեմն ինչու՞ էին խուճապի մատնվել Արցախի իշխանությունները՝ հանձին Բակո Սահակյանի, Արթուր Աղաբեկյանի, Դավիթ Բաբայանի և այլ ծանր ու միջին տրամաչափի իշխանավորների: Ի՞նչ կարող էին ասել Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները դե ֆակտո Հայաստանի մաս կազմող արցախցիներին, որը կարող էր թուլացնել, օրինակ, Ղարաբաղի պաշտպանական համակարգը, կամ վնասեր Ղարաբաղ պետությանն ու նրա ժողովրդին:

Այդ ինչպե՞ս է պատահում, որ պետականության մաս կազմող նրա ոստիկանությունը կատարում է ազատամարտիկների միության ժողովի որոշումները, իսկ պետության ղեկավարները տեղյակ չեն: Ո՞ւմ դեմ և ի՞նչի համար էին պատրաստվել բարձրունքների վրա գտնվող ավտոմատներով զինված ոստիկաններն ու դիպուկահարները, գուցե ավտոշարասյան մասնակիցներին հրազենային համազարկերով ողջունելո՞ւ համար: Դե՛, խոսե՛ք, պարո՛ն Աղաբեկյան, բայց թողեք Ձեր անիմաստ, ոչինչ չնշանակող բառակույտերը՝ նախատեսված միայն Ձեր շրջապատի լսարանի համար:

Կամ պարո՛ն Դավիթ Բաբայան, այդ ի՞նչ սադրանքի մասին եք խոսում,երևի անզեն գլխով ոստիկանական մահակին հակազդե՞լը նկատի ունեք,թե՞ անզեն մարդկանց ծեծելու նոր գաղտնի մարտավարության մշակույթ ունեք: Իսկ պարոն Բակո Սահակյանը երևի Ղարաբաղի ամենասուր հումորի զգացման տեր անձնավորությունն է: Նա կարգադրել է ոստիկանությանը կատարել ծառայողական քննություն՝ ոստիկանության կատարած ծեծն ու ջարդը պարզելու և անհապաղ իրեն զեկուցելու համար: Այս ամենը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում,ոչ Ղարաբաղի ոստիկանության անիմաստ վայրագությունը, ոչ էլ Ղարաբաղի ղեկավարության անողնաշար պահվածքը:

Կատարվածի գնահատականը մեկն է՝ անձի՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների կոպիտ խախտում: Առաջանում է պարզ հարց՝ իսկ ու՞մ էր սա հարկավոր: Այո՛, ճիշտ եք, հարկավոր էր նրան, ում դեմ ուղղված էր շարժումը, այսինքն՝ Ս.Սարգսյանին:

Օգտագործելով ՀՀ բարձրագույն օրենսդրական մարմին ԱԺ-ում կիրառվող բառապաշարը՝ ասեմ. Ս.Սարգսյանի թե՛ միջազգային դիվանագիտության, թե՛ ներքին մարտավարության մեջ ղեկավարումը՝ կառուցված «մուտիլովկաների», «տոկոս խփելու» և «քցելու» տեխնոլոգիայի վրա, «ստուկ տվեց»: Ակցիայի կազմակերպիչը Ս.Սարգսյանն է, ուրիշ տարբերակ չկա, այս անգամ նա իր նպատակներին հասնելու համար խայտառակեց Արցախի ղեկավարությանը՝ նրա դեմ օգտագործելով արդեն սովորական դարձած և հղկված «քցելու» տեխնոլոգիան:

Մեր իշխանավորներից ո՞ր մեկը կբացատրի՝ այդ երբվանի՞ց Ղարաբաղը Հայաստան չէ: Ինչու՞ մեր որդիները սրբորեն և պարտաճանաչ պաշտպանում են Արցախի մարզը, ինչպես և Հայաստանի այլ մարզերը, իսկ Ղարաբաղ գնալու և այն մեր հայրենիքը համարելու իրավունք չունենք: Բացի դրանից՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, մտածե՞լ եք արդյոք՝ ի՞նչ կպատահի Ղարաբաղի հետ, երբ դադարեք այն Հայաստան համարելուց:

Վերջերս Ս.Սարգսյանը որդեգրել է ռեժիմից դժգոհ ակտիվիստների դեմ պետական ահաբեկչության կիրառման մեթոդը, որի օրինակն է նաև Բերձորում կիրառված ահաբեկչությունը: Ազգային ժողովի կողմից արդեն իսկ օրինականացվել է պետական դրամաշորթության կիրառումը, այժմ էլ հավանություն տալով Բերձորում կատարված ահաբեկչությանը՝ նախադրյալներ են ստեղծվում ահաբեկչության օրինականացման համար:

ԱԺ նախագահ Գ. Սահակյանը հայտարարում է, թե Ղարաբաղի քաղաքացիների գործն է՝ ում թողնել Ղարաբաղ, ում չթողնել, իսկ քաղաքական գնահատական տալ այս ամենին՝ Գ.Սահակյանը չի կարող, քանզի ծեծողների կամ ծեծվողների թվում չի եղել:

Վերջացնելով թեման՝ չեմ կարող ասել, որ լրագրողների դաժան ծեծը, ոստիկանների կողմից նկարահանող սարքերի գողությունը, սփյուռքում և այլ միջազգային կառույցներում Ղարաբաղի վարկանիշի կորուստը կմնա Ս.Սարգսյանի խղճի վրա, քանզի նրա մոտ խիղճը՝ որպես դասակարգ, բացակայում է: Սակայն կան հատկանիշներ, որոնք պարտադիր են նախագահի և մարդու համար`պատիվը, արժանապատվությունը, ինքնասիրությունը…
Սպարտակ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Հայ ազգին վաղուց է հայտնի Սերժ Սարգսյանի ,,խղճի,, վիճակը: Այժմ հրապարակի վրա դրված է մեր լինել, չլինելու հարցը:Նա պետք է պատասխան տա իր արածների համար; Նրան դատողը պետք է ժողովուրդը լինի, ու նրան պատշպանողը պաշտպանելիս հաստատ չի կարողանա, որովհետև չի ունենա գոնե մեկ փաստարկ արդարացնելու:

  2. Seyran says:

    Արցախը Հայաստանի մաս լինելու կողմնակիցներ պետք է իմանան,որ դրանով Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում:Ադրբեջանը 20 տարի է միջազգային հանրությանը համոզում է,որ Հայաստանը Ղարաբաղյան հարցը մտցրել է իրենից տարածքներ զավթելու համար,այլ ոչ թե Արցախի ինքնորոշման համար:Ինչ? տարբերություն:Եթե հայաստանը ընդունում է,որ Արցախը Հայաստանի մարզ է,ապա գործում է տարածքային ամբողջականության սկզբունքը՝որին ձգտում է ապացուցել ադրբեջանի իշխանությունը:Եթե Արցախը անկախ պետություն է՝գործում է ինքնորոշման սկզբունքը,որին ձգտում են ապացուցել Արցախի իշխանությունները:Իսկ ՀՀ իշխանություններից դժգոհողներին ասեմ՝ձեր քաղաքական խաղերին Արցախին միք խառնի՝նրանք առանց ձեզ էլ խնդիրներ շատ ունեն..

    • Տիգրան says:

      Շատ խելոք ես Seyran….մենակ հայերին ա թվում, թե աշխարհին խաբում են՝ համոզելով, թե Ղարաբաղը Հայաստան չի: Բա խի ա Հայաստանը մասնակցում անկապ բանակցություններին…թող քո էդ Ղարաբաղն էլ մասնակցի….Թե դե յուրե, թե դե ֆակտո Ղարաբաղը Հայաստան է: Ցավալին էն ա, որ սա գիտեն ողջ աշխարհում…չգիտեն մենակ հայերը, խաբված հայերը….մենք խաբում ենք մեզ ու մենակ մենք ենք խաղում Հայաստան-Ղարաբաղ խաղը…ու տուժում են ովքեր..բնականաբար հայերը…աշխարհին դրանից ոչինչ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728