Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է աղոթել թագավորների ու իշխանավորների համար

Մարտ 14,2015 11:45

Աղոթքը եւ ողորմությունը քրիստոնյայի կյանքում առաջնային նշանակություն ունեն: Մարդ, եթե աղոթքի միջոցով չի խնդրում սեփական մեղքերի տեսություն, նրանցից ձերբազատվելու շնորհ, երկյուղ, խոնարհություն, դժոխքից խուսափում եւ երկնքի արքայությանն արժանանալու ուղի, ապա աղոթքը լինում է անպտուղ: Այս մասին հավաստում է միջնադարյան հոգեւոր հայր Գրիգոր Տաթեւացին: Նա ասում է, որ աղոթքը պետք է լինի ոչ միայն ձեր անձի փրկության համար, այլ այլոց համար: Եթե միայն ձեր անձի համար խնդրեք, ապա անձնասեր եւ անողորմ կլինեք:

Տաթեւացին խորհուրդ է տալիս առաջին հերթին աղոթել թագավորների եւ աստվածասեր իշխանների, հոգեւոր առաջնորդների համար: Պետք է հայցել նաեւ խաղաղություն ու միաբանություն՝ համայն աշխարհի եւ եկեղեցու համար, օդի բարեխառնության, անձրեւի ու բերքի առատության, ինչպես նաեւ պատուհասների եւ մարդկանց միջից ամեն տեսակ խռովությունների վերացման համար:

Գրիգոր Տաթեւացին խորհուրդ է տալիս ոչ միայն աղոթել, այլեւ մեղքերի թողություն խնդրել, որոնք հանկարծակի մեռնելով՝ չկարողացան խոստովանել իրենց մեղքերը: Այսպես, ըստ Տաթեւացու, պետք է հիշել սրբերին ու արդարներին՝ որպես բարեխոսների, իսկ մեղավորներին՝ նրանց համար ներում խնդրելու:

Խնդրվածքների շարքում Գրիգոր Տաթեւացին առանձնացնում է թշնամիների համար աղոթելը, ինչը որ շատերի համար դժվար է, բայց այս խնդրվածքը կատարվում է ըստ տիրոջ հրամանի. «Սիրել ատելիներին եւ աղոթել թշնամիների համար»: Աղոթելուց առաջ նախ պետք է իմանալ՝ թշնամի ասելով Տաթեւացին ինչ ի նկատի ունի. «Թշնամիները երեքն են. նախ՝ սատանան, որ ատելի է թե՛ Աստծո, թե՛ մեզ համար, երկրորդ՝ անհավատներն ու մեղավորները, եւ երրորդ՝ մեր վնասարարներն ու թշնամիները»:

Գրիգոր Տաթեւացին ասում է, որ թվարկվածներից միայն սատանային պետք է ատել, քանի որ Աստծուն եւս ատելի է, ինչպես մարգարեն է ասում. «Քեզ ատելիներին, տե՛ր, ատեցի եւ քո թշնամիներից գարշեցի» (Սաղմ. 138:21): Հոգեւոր հոր կարծիքով՝ մեղավորների եւ անհավատների համար պետք է տրտմել, որ դեպի կորուստ են ընթանում, իսկ վնասարարներին ու թշնամիներին, ըստ Տաթեւացու, ո՛չ օրհնել է պետք, ո՛չ էլ անիծել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031