Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Նովիկովը վաղուց «մեր Մաքսն» է դարձել

Մարտ 14,2015 13:00

Հայաստանցի արվեստագետների բնորոշմամբ՝
երաժիշտը «մխրճվել» է հայաստանյան մշակութային կյանքի մեջ

Ընտանիքով Երեւանում հաստատված ճանաչված ալտահար Մաքսիմ Նովիկովի (լուսանկարում) մասին խոսելիս երաժիշտները նշում են, որ «մեր Մաքսը» իր կարիերային համընթաց մխրճվել է հայաստանյան մշակութային կյանք: «Առավոտի» հետ զրույցում, արդեն մեկ տարի Հայաստանում ապրող ալտահարն այս տարվա իր համերգներից առանձնացրեց երգեհոնահար Տուոմաս Պիրխոնենի ընկերակցությամբ ելույթը Ֆինլանդիայում: Ասաց նաեւ, որ այլ ստեղծագործությունների թվում հնչեցրել է Խաչատրյանի Սոնատը եւ երգեհոնահարի հետ հանդես եկել Վաչե Շարաֆյանի նոր ստեղծագործության կատարումով: «Շուտով կմեկնեմ Սանկտ Պետերբուրգ: Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում մարտի 29-ին նշանակված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երեկոն, որտեղ առաջին անգամ կհնչի Արամ Խաչատրյանի սան Գեորգի Պելեցիսի «Աշուղի ասքը» կոնցերտը՝ ալտի, դուդուկի եւ կամերային նվագախմբի համար: Համերգը կղեկավարի Անտոն Գաքելը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է երաժշտի կարիերայից բացի, այլ աշխատանքներին, Մաքսիմ Նովիկովն ասաց, որ ինքն իբրեւ հնչյունային ռեժիսոր, զբաղված է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից բաղկացած նոր CD-ի ձայնագրման աշխատանքներով: «CD-ի շնորհանդեսը նախատեսված է գարնան վերջին: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կմատուցվեն Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի մեկնաբանմամբ:

Դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը կձայնագրեն կոմպոզիտորի սոնատները: CD-ում, ի թիվս այլ ստեղծագործությունների, տեղ կգտնեն Խաչատրյանի՝ վերջերս հայտնաբերված եւ, բնականաբար, չկատարված սյուիտը՝ գրված ալտի եւ դաշնամուրի համար, երբեւէ չձայնագրված «Օրորոցայինը»…»,- ասաց Մ. Նովիկովը:

Ալտահարի «այլ աշխատանքների» թվում հաճախ է հոլովվում Ազգային օպերային թատրոնում նրա պրոդյուսերական գործունեությունը: Մեր զրուցակիցը նշեց, որ 13 օպերային երգիչներ՝ 8-ը թատրոնից, 5-ը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, հունիսին կմասնակցեն Ռիգայում կայանալիք Յազեպ Վիտոլայի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթին: Երիտասարդ վոկալիստների ձայնագրություններն ու տեսագրություններն անձամբ Մաքսիմ Նովիկովն է իրականացրել ու հանձնել մրցույթի կազմակերպիչներին: Հետո էլ մանրամասնեց. «Մեծ է ցանկությունս, որ վոկալիստների հայկական հավաքականի 13 անդամներն էլ մասնակցեն հեղինակավոր այդ մրցույթին: Իմիջիայլոց, ժյուրիի աշխատանքները գլխավորում է հանրահայտ Մայա Կովալեւսկան, իսկ անդամները հեղինակավոր դեմքեր են, այդ թվում՝ Քովեն Գարդեն թագավորական օպերային թատրոնի տնօրեն Նիկոլաս Փեյնը, Վոկալի մասնագետների եվրոպական ասոցիացիայի նախագահը: Ամենակարեւորը՝ մրցույթից հետո կհրավիրվի սեմինար, որին կմասնակցեն արտերկրից ժամանած վոկալի դասախոսներ: Շատ կուզեի, որ այս հարցում մեզ օգներ մշակույթի նախարարությունը եւ մեր կոնսերվատորիայի որոշ պրոֆեսորներ էլ ներգրավված լինեին սեմինարին»:
Հաստատելով մեզ հասած տեղեկությունները, թե Մաքսիմ Նովիկովը գործունեություն է ծավալել նաեւ վերջերս բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, երաժիշտը հայտնեց, որ ամեն երեքշաբթի թանգարանում կազմակերպում է համերգներ՝ հայաստանյան կոլեկտիվների եւ անհատ կատարողների մասնակցությամբ:

Հայաստանցի արվեստագետների «մեր Մաքսը» արտահայտությունից Նովիկովը լավ է զգում, նաեւ հավելում է, որ վաղուց հարազատ է ընդունում հայաստանցի կոլեգաներին, առիթի դեպքում էլ պատրաստ է աջակցել:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031