Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն արդյունավետ է գնահատել մարզպետարանների աշխատանքը

Մարտ 21,2015 15:42

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է հանրապետության մարզպետարանների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Գործունեության արդյունքները ներկայացրել են հանրապետության բոլոր մարզպետները: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը,  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Մարզպետները ներկայացրել են իրենց գլխավորած մարզերում ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, ուսումնական հաստատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման և այլ ուղղություններով կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզերում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:

ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետներին շարունակել քայլեր ձեռնարկել մարզերում ենթակառուցվածքների զարգացման,  ներդրումների և նոր  աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակել և աջակցել գործարարներին՝ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար:  Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը ևս կնպաստի կառավարության և ՏԻՄ-երի միջև արդյունավետ համագործակցությանը՝ ուղղված համայնքների զարգացմանն ու հզորացմանը: 

Զեկուցվել է, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ և չնայած տարեսկզբին արձանագրված եղանակային անբարենպաստ պայմաններին՝ կառավարության աջակցությամբ գյուղացիական տնտեսությունները շարունակել են արդյունավետ աշխատանքները: Ընդգծվել է հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի պետական ծրագրի արդյունավետությունը, որն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը: Քննարկվել է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է դրանց արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ գյուղատնտեսության զարգացումը կառավարության առաջնայնություններից մեկն է:

Խոսելով գյուղատնտեսական ծրագրերի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոռոգման սեզոնին լավ է  նախապատրաստվել և ամեն ինչ արվելու է, որպեսզի ոռոգումը նախորդ տարվա համեմատ իրականացվի առավել կազմակերպված ու արդյունավետ: Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ լոլիկի պահանջարկը հանրապետությունում մեծ է և կառավարությունը պատրաստ է վերամշակող ընկերություններին օժանդակել, քննարկել ֆինանսական հարցերը, գյուղացիական տնտեսությունների ողջ արտադրանքը մթերելու համար: «Գյուղացիական տնտեսությունները որքան լոլիկ արտադրեն, մենք կօգնենք, որպեսզի վերամշակող գործարաններն ընդունեն և վերամշակեն: Լոլիկի պահանջարկը շատ է և կառավարությունը պատրաստ է այդ ծրագիրը ֆինանսավորել: 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում ակնկալում եմ ավելի մեծ արդյունքներ, քանի որ ընթացիկ տարում այդ բնագավառում լինելու են ավելի մեծ ֆինանսական ներարկումներ: Ծրագրերը լավագույնս իրականացնելու համար ակնկալում եմ մարզպետների և համապատասխան նախարարությունների համատեղ աշխատանքը»,- նշել է կառավարության ղեկավարը:  

Ամփոփելով քննարկումը, վարչապետն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է գնահատել մարզպետարանների աշխատանքը և հայտնել կառավարության աջակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏԻՄ-երի դերը երկրի զարգացման գործում և նշել, որ մարզպետարաններն ու համայնքները գտնվելու են կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:  Խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին՝ վարչապետը նշել է, որ ընտրվել է ճիշտ ճանապարհ և համայնքների խոշորացումը բխում է համակարգված կառավարման, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման ու ներդրման շահերից:  

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզպետարանների 2015 թվականի ծրագրերին: ՀՀ վարչապետը կարևորել է բոլոր ոլորտներում ակտիվ, համակարգված գործունեությունը և կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների արդյունավետորեն կյանքի կոչումը:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031