Լրահոս
Օրվա լրահոսը

«Ում ինչը ցավում է, այդ մասին է խոսում»

Մարտ 23,2015 15:30

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ

– Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումները սահմանադրական բարեփոխումների հարցով միանշանակ չընկալվեց անգամ այդ կուսակցություններում, նաեւ մամուլում շատ քննարկվեց ու քննադատվեց: Սերժ Սարգսյանին մեղադրանքներ ուղղվեցին ընդդիմադիր դաշտը վերջնականապես պառակտելու համար: Ինչո՞ւ նախագահն ընտրեց այդ ճանապարհը:

– Ընդդիմադիր դաշտը միասնական դարձնել եւ պառակտել կարող են միայն իրենք՝ ընդդիմադիրները: Ինչո՞ւ չեք մտածում, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հիանալի միջոց է՝ համախմբվելու եւ սեփական «այո» կամ «ոչ» տեսակետները միասնական պաշտպանելու: Հայ քաղաքական իրականության մեջ փառահեղ ավանդույթ կա՝ ձմռանը ձյուն չեկավ՝ մեղավորը նախագահն է, ամռանը արեւը կծում է՝ մեղավորը նախագահն է: Բոլորը գիտեն նախագահի պարտականությունները, ոչ ոք չի ընդունում նախագահի իրավունքները: Իսկ ո՞ւմ եւ ինչո՞ւ պիտի նախագահը հարցներ՝ հանդիպի՞ քաղաքական ուժերի հետ, թե՞ ոչ: Բոլոր տարբերակների համար կան պատրաստի կարծրատիպեր՝ հանդիպեց՝ պառակտում է, չհանդիպեց՝ անտեսում է:

Պնդեր, որ խորհրդարանական կառավարման մոդելն է ճիշտը՝ դիկտատոր է, երկու մոդելն էլ քննարկման է դնում՝ խորամանկում է: Իսկ ինչպե՞ս եք Դուք պատկերացնում՝ հիմնական օրենքի փոփոխության հարցը միանձնյա՞ պիտի որոշվի: Ես կընդունեի, եթե ասեք՝ ինչո՞ւ այդքան քիչ ուժերի հետ հանդիպեց, չէ՞ որ երկրում քաղաքական այլ ուժեր եւս կան, բայց որ նախագահը պառակտում է քաղաքական դաշտը՝ մառազմ է: Նվազագույնը երկու ակնհայտ պատճառով. առաջին՝ դա նախագահի ինչի՞ն է պետք, երկրորդ՝ որտե՞ղ եք տեսել այդ միասնական դաշտը, որ ինչ-որ մեկն էլ գա ու պառակտի: Բոլոր նրանք, ովքեր թեմայի մեջ են մտնում ու իրենց իրավունք են վերապահում գնահատականներ տալու, պիտի ելակետ ունենան, ոչ թե ապրիորի պատկերացումներ քաղաքական դաշտի, քաղաքական ուժերի ու նախագահի մասին, այլ ռեալ, 2015-ի մարտի Հայաստանը՝ իր քաղաքական դաշտով ու քաղաքական ուժերով, այլապես նրանց բոլոր եզրակացությունները կլինեն նույնքան վերացական ու ապրիորի, որքան դատողությունների ելակետն է: Ցավոք:

– Այդ հանդիպումների պատկերն արտացոլո՞ւմ է հաջորդ խորհրդարանի պատկերը:

– Իհարկե, մինչեւ խորհրդարանական ընտրություններ այնքան ժամանակ չի մնացել, որ այդ ընթացքում գործող քաղաքական ուժերը հօդս ցնդեն կամ տիեզերք մեկնեն, ու մեր երկրում հայտնվեն նոր քաղաքական ուժեր: Նոր գումարման խորհրդարանում լինելու են այսօրվա խորհրդարանական ուժերը եւ արտախորհրդարանական ուժերը, իսկ մանդատների բաշխվածության համամասնությունը որոշելու է ընտրողը՝ իր տված ձայնաքանակով: Նախագահի հետ հանդիպումներում հաջորդ խորհրդարանի պատկերն արտացոլվել-չարտացոլվելու խնդիր ի սկզբանե չի եղել, այդ ենթատեքստը հանդիպումներին վերագրվել է քաղաքական վերլուծաբանների ջանքերով, ովքեր աշխարհում ամեն ինչ գիտեն, տեսնում են, հասկանում են ու բացատրում են, իսկ կյանքը գալիս ու հերքում է նրանց:

– Սահմանադրական բարեփոխումները առաջին իսկ օրից ընդդիմադիրները որակեցին ՀՀԿ-ի իշխանությունը երկարաձգելու քայլ: Բայց վերջին քննարկումներում էլ նախագահը հայտարարեց, որ այդքան էլ վստահ չէ, որ կառավարման համակարգի փոփոխությունը ճիշտ է, ասաց, որ ոչ նախագահ, ոչ ԱԺ նախագահ չի պատրաստվում դառնալ: Իմաստը ո՞րն է այժմ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, երբ երկրի առջեւ բազում սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական հարցեր են կանգնած:

– Ում ինչը ցավում է՝ այդ մասին էլ խոսում է: Իրականում, եթե ՀՀԿ-ն մտադիր լինի երկարաձգել իշխանությունը, սահմանադրական փոփոխությունները խանգարելու են: Գործող համակարգը հրաշալի աշխատում է, ինչ կարիք կա էներգիա, աշխատանք, ծախսեր անել: Ինչո՞ւ չեք մտածում, որ տեղի է ունենում է հակառակը՝ առաջարկվում են փոփոխություններ, որոնց ընդունման դեպքում որեւէ քաղաքական ուժ չի կարող միայնակ կառավարել: ՀՀ նախագահը պարզ խոսեց իր մտադրությունների եւ ծրագրերի մասին, պետք է գնահատել նրա անկեղծությունը: Ի վերջո՝ ինչո՞ւ է Ձեզ թվում, որ քաղաքական գործընթացները հերթով շարվել են իրար հետեւից ու լուծվելու են հաջորդաբար, ինչո՞ւ չի կարելի զուգահեռ բարեփոխել կառավարման համակարգը եւ զուգահեռ՝ համաժամանակյա լուծել բազում սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական հարցեր:

Ի՞նչն է խանգարում: Կարծում եմ՝ մեր կաղապարված մտածողությունը: Մեր գործընկերներին առաջարկում եմ բարեկամաբար՝ թոթափեք պատյանը եւ պատրաստ եղեք նոր որոշումների ու նոր լուծումների:

– Այնուհանդերձ՝ ինչո՞ւ նախագահն այդ բարեփոխումները նախաձեռնեց իր լիազորությունների ժամկետի ավարտին:

– Նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը 2018 թվականն է, սահմանադրական բարեփոխումների մասին առավել կոնկրետ արդեն մեկ տարի է՝ խոսվում է, որտե՞ղ եք տեսնում ավարտը: Իսկ ինչո՞ւ ոչ հիմա: Հարցերը ձեւավորվում են այն ժամանակ, երբ կան պատասխանների նախադրյալներ՝ այս մտքի հեղինակային իրավունքն իմը չէ: Ի վերջո՝ եթե ոչ հիմա, նկատի ունեցեք, եւս տասը տարի, հաջորդ նախագահական ընտրություններից հետո եկող որեւէ նախագահ չի գնա սահմանադրական փոփոխությունների՝ մտածելով իր պաշտոնավարման երկրորդ շրջանի մասին: Նաեւ սա հաշվի առնելով եմ առաջարկում գնահատել նախագահի քայլը: Խոսել համակարգային փոփոխությունների մասին զուտ հասարակության եւ միջազգային գործընկերների աչքին թոզ փչելու համար՝ արդեն մարած խաղաքարտ է: Բոլորը՝ եւ դրսում, եւ ներսում ամեն ինչ առավել քան լավ հասկանում են: Բոլոր նրանք, ովքեր անկեղծ են համակարգային փոփոխությունների իրենց ցանկության մեջ, պիտի ընդունեն սահմանադրական փոփոխությունների առաջարկը եւ աջակցեն իրենց տեսակետներով, իսկ ովքեր դեմ են դեմ լինելու համար, թող այսօրվանից որոնեն իրենց տեղը՝ որտեղ ուզում են, բայց ոչ քաղաքական դաշտում:

– ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մամուլում ասել էր, որ սահմանադրական բարեփոխումների նոր տարբերակով հնարավոր է՝ պատգամավորների թիվը կրճատվի: Դա ՀՀԿ-ականներին չի՞ մտահոգում, քանի որ, ենթադրաբար, նաեւ ՀՀԿ-ի ցուցակով խորհրդարանում ներկայացվածների թիվն էլ է կրճատվելու: Կա՞ն արդեն նման խմորումներ, ովքե՞ր, ըստ Ձեզ՝ կկրճատվեն, գործարար թեւի ներկայացուցիչները եւ մականունավորնե՞րը:

– Ցավոք, ես Նոստրադամուսը չեմ, բայց վստահ եմ՝ յուրաքանչյուր խորհրդարան հասարակության հայելին է: Կա՞ն մականունավորներ հասարակության մեջ, կլինեն խորհրդարանում։ Օրենքները շատ լավն են լինում, շատ ճիշտ, բայց հայտնի է, չէ՞, որ ամենամեծ օրենքը կյանքն է: Տարածված հիվանդություն է հետեւանքների դեմ պայքարելը, իսկ որեւէ երեւույթի պատճառների մեջ խորանալը ու անցանկալի երեւույթի պատճառը վերացնելը միայն ուժեղների ու առաջ գնացողների առաքելությունն է:
Եզրակացությունները թողնում եմ ձեզ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031