Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի հեպատիտ C-ի գործով շուտով մեղադրվողներ կլինի

Մարտ 24,2015 18:41

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեն շուտով մեղադրանքներ կառաջադրի որոշ անձանց` Քաջարանի հիվանդանոցում բուժսպասարկում ստացած հիվանդներին հեպատիտ C-ով վարակման առիթով հարուցված քրեական  գործի շրջանակներում:

Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տրուզյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քննության շահերից ելնելով չի կարող մանրամասներ ասել: Ըստ Տռուզյանի, նշանակված են լրացուցիչ դատա-միկրոկենսաբանական, դատա-համաճարակաբանական, դատա-վարակաբանական համալիր հետազոտություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել: Սոնա Տռուզյանի վստահեցմամբ` տասնյակից ավելի անձանց քրեական գործի շրջանակներում տուժող են ճանաչել:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Քաջարանի բուժկենտրոնում վիրահատված մի շարք անձանց մոտ հայտնաբերվել է հեպատիտ C, փետրվարի 7-ի դրությամբ Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակվածների թիվն արդեն հասել էր 15-ի: Aravot.am-ի հարցին` թե ներկայումս որքա՞ն է վարակվածների թիվը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ արդեն 16-ն են եւ բոլորը գտնվում են համապատասխան հսկողության տակ:

Մեր այն հարցին էլ` արդյոք հետազոտվե՞լ են բոլոր այն անձինք, ովքեր ռիսկի խմբում են, բուժսպասարկում են ստացել, եւ արդյոք հիվանդների թիվը չի՞ ավելանա, պարոն Մուրադյանն ասաց. «Հետազոտվել են բոլոր հիվանդները, որոնք դիմել են Քաջարանի բժշկական կենտրոն, եւ այն հիվանդները, որոնք հասանելի են եղել` հետազոտվել են, իսկ դրանք մեծամասնություն են: Հետազոտվել է նաեւ ամբողջ բուժանձնակազմը: Հնարավոր է վարակվածների թիվն ավելանա, քանի որ կան մարդիկ, որոնք բուժօգնություն են ստացել, բայց չեն հետազոտվել, որովհետեւ բացակայում են հանրապետությունից: Հնարավոր է հետագայում հետազոտվեն, գուցե հեպատիտ C հայտնաբերվի, գուցե` ոչ: Բայց հաշվի առնելով, որ հիմնական զանգվածը հետազոտվել է, կարծում եմ` էական փոփոխություն չի լինի»:

Օրերս առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմակերպած սեմինարի ժամանակ, լրագրողներն Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին`թե ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ Քաջարանի հիվանդանոցի տնօրենը, երբ վարակման դեպքերը բացահայտվել էին, մեկնել էր վերապատրաստման, եւ արդյոք նա չպիտի՞ պատասխանատվության ենթարկվի: Պարոն նախարարն այս առնչությամբ ասաց` «Տնօրենի վերապատրաստման դասընթացը սկսվել է սեպտեմբերից, ոչ թե դեպքի հետ կապված, այնպես որ բերման ենթարկելու խնդիր չունենք, նման գործառություն ու ցանկություն էլ չունենք: Իրավապահ մարմինները շատ խորը ուսումնասիրություն են անում, կոնկրետ պատասխանատվություններ կլինեն»:

Նշենք, որ Քաջարանի հիվանդանոցի վիրահատարանը փակված էր. այս առնչությամբ էլ պարոն նախարարն ասաց, որ այն շուտով կբացվի. «Կարծում եմ, այն գործառույթները, որոնք իրականացվել են այնտեղ իրավապահ մարմիններն ու հիվանդությունների կանխարգելման կենտրոնը` ուսուցանելով, ստուգելով այդ աշխատանքներն, արդեն իսկ, կարծում եմ, վտանգներ չկան: Ներհիվանդանոցային վարակները տարեկան 1 կամ 5 ստուգումով հնարավոր չէ կանխել, սա հիվանդանոցի տնօրենի, գլխավոր բուժքրոջ, համաճարակաբանի ամենօրյա աշխատանքի արդյունք պետք է լինի: Եթե, որեւէ կենտրոն չի կարող հաստիքով համաճարակաբան ունենալ, ապա այն պարտավոր է գնել այդ ծառայությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031