Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Եթե չլիներ Երեւանի քաղաքապետը, Քանյե Ուեսթը չէ՞ր երգելու»

Ապրիլ 13,2015 17:20

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հայտնի ռեփեր, 21 «Գրեմմիի» ասպետ Քանյե Ուեսթի՝ Կարապի լճի մոտ ունեցած համերգի առիթով հաղորդավարի շնորհակալությունը ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Առաջին օրերին նկատելի էր, որ բոլորը փորձում են հեռավորություն վերցնել Քարդաշյաններից, օրինակ, Գյումրիի քաղաքապետն ասում էր՝ մենք աղուհաց չենք տվել, ՀՀԿ-ն եւս սկզբում պասիվ էր, հետո, երբ տեսան հասարակությունը ջերմ ընդունում է եւ հետեւում է Քարդաշյաններին, յուրաքանչյուրը սկսեց իրեն կպցնել նրանց: Չեմ ասի, թե դեմ եմ, որ մարդկանց աշխատանքը շեշտվի, պետական ինստիտուտների արածը ընդգծվի, բայց ամեն ինչը ձեւ ունի: Ի վերջո, համաշխարհային մեծության աստղը, 21 «Գրեմմի» ունեցող դեմքը համաձայնել է տնայնագործական, ոչ պրոֆեսիոնալ պայմաններում, առանց գրիմի ու լուրջ տեխնիկայի հինգ երգ երգել, եւ դա էնպես մատուցել, որ եթե չլիներ Երեւանի քաղաքապետը, Քանյե Ուեսթը չէր երգի, ծիծաղելի է: Բոլորն էլ հասկանում են, որ գիշերվա ժամը 12-ին թույլտվություն է պետք, Կարապի լճի շրջակայքում համերգ կազմակերպելու դեպքում առնվազն Երեւանի քաղաքապետի ներդրումը կա, քաղաքապետարանի աջակցությունը, որեւէ մեկը դա չի կարող հերքել:

Զավեշտալին այն է, որ մեկ նախադասությամբ ներկայացնում են երգչին ու չեն մոռանում երկրորդ նախադասությամբ էլ ինչ-որ մեկի PR-ն անել: Չեմ կարծում, թե Տարոն Մարգարյանի սրտի ցանկությունն էր, որ դա այդպես լինի, ուղղակի մեր երկրում ընդունված է տգեղ քծնելը, զավեշտալի հաճոյանալը: Հասկանալի է, որ համերգի կազմակերպմանը Տարոն Մարգարյանն օգնել է, դա ավելի մեծ PR է, քան այն, որ մարդիկ փորձում են քծնել»:

Պարոն Սաֆարյանը մեկ այլ զուգահեռ էլ տարավ. «Ամբողջ աշխարհն այս օրերին Հռոմի պապի ելույթն է քննարկում, որն, ըստ էության, քաղաքական տեքստ էր, ու մենք դրա համար ասում ենք շնորհակալություն՝ Վատիկանում մեր դեսպանին: Չէ՞ որ Հռոմի պապի ելույթի տեքստը դեսպանը չի գրել: Ոչ մեկը չի ասում՝ չշեշտել պաշտոնյայի արած գործը, մանավանդ պաշտոնյան դա մեծահոգաբար չի արել, դա իր պարտականությունն է եւ պարտավոր է անել օրենքով: Իհարկե, կարելի է ասել, որ լավ էր կազմակերպվել, բայց չի կարելի դա այնպես ներկայացնել, որ դեռ մի բան էլ պարտավոր ենք ազգովի շնորհակալություն հայտնել պաշտոնյային»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Այս այն բացառիկ դեպքն է,որ համամիտ եմ Ս,Սաֆարյանի հետ:Մի քծնեք,անհարմար է,հետո ամաչելու եք ձեր երեխաներից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930