Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Թուրքիայի կտրուկ արձագանքը իրարահաջորդ բանաձևերի և ուղերձների հնարավոր վնասները նվազեցնելու միակ ձեւն էր»

Ապրիլ 20,2015 15:30

Թուրքագետի գնահատականը՝ հայ-թուրքական հարաբերություններում զարգացող իրադարձություններին

Օրեր առաջ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը եկավ գումարվեց դրան նախորդող՝ Հայոց պահանջատիրությունը հաստատող միջոցառումներին, որոնք զայրացրին հարեւան Թուրքիային, չնայած որ վերջինս ձեւացրեց, թե չի կարեւորում, դրանց լուրջ չի վերաբերում:

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հստակեցնում է Եվրախորհրդարանի քաղաքականության եւ Թուրքիայի պահվածքի պատճառները եւ ցույց տալիս բանաձևի կշիռը: Նա նշում է, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած ապրիլի 15-ի բանաձեւը ոչ միայն վերահաստատում է 1987թ. նույն կառույցի կողմից ընդունած Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, այլ նաև ավելացնում մի շարք կարևոր շեշտադրումներ: Այս առումով թուրքագետը նաև հավելում է. «Կարծես մոռանում ենք նշել նաեւ 2005 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունած բանաձևը, որի հինգերորդ կետով Թուրքիային կոչ է արվում ոչ միայն ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ Ցեղասպանության ճանաչումը համարում է Թուրքիայի Եվրամիության անդամակցության նախադրյալ»:

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը նկատում է, որ երբ համեմատում ենք 1987 թվականին ընդունված բանաձեւը դրան հաջորդողների հետ, տեսնում ենք, որ Թուրքիայի քաղաքականության մեջ այս ընթացում շատ քիչ բան է փոխվել, որ Թուրքիա-Եվրախորհրդարան հարաբերություններն ի սկզբանե խճճված են եղել:

«Եվրախորհրդարանը մշտապես վեր է հանել այն կարեւոր խնդիրները, որոնք վերաբերում են ոչ միայն Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին, այլ նաեւ այն խոչընդոտներին, որոնք խանգարում են, որպեսզի Թուրքիան առաջընթաց արձանագրի Եվրամիության հետ հարաբերություններում»,- ասում է նա եւ մատնանշում, որ Թուրքիայի արձագանքը վերջին իրադարձությանը արտացոլում է հենց այն վերաբերմունքը, որ նա ունի Եվրոպական այդ կառույցի նկատմամբ: Թուրքագետը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախկինում ևս «Թուրքիան քամահրական վերաբերմունք է դրսևորել Եվրոպական խորհրդարանի նկատմամբ: Ավելին, 2014թ. մայիսի 28-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ, որով իր մտահոգությունը հայտնեց ավելի վաղ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանի կազմի վերաբերյալ: Հաճախ չի հանդիպում, երբ ԵՄ անդամության թեկնածու երկիրը քննադատում է ԵՄ-ի օրենսդիր մարմնի ընտրությունների արդյունքները»:

Խոսելով Թուրքիայում բանաձևի հնարավոր հետևանքների մասին՝ Վահրամ Տեր -Մաթեւոսյանը նշեց. «Այսպիսի փաստաթղթերն, իհարկե, չեն կարող անհետեւանք մնալ, բայց եւ չեն կարող մեկ գիշերվա մեջ փոխել Թուրքիայի դիրքորոշումը: Այդ փաստաթղթերը քաղաքական եղանակ են փոխում, բայց միևնույն ժամանակ ցույց են տալիս, թե Թուրքիան որտեղ է գտնվում միազգային հարաբերությունների եւ միազգային իրավունքի միջև ընկած հարթությունում»:

«Առավոտի» հարցին՝ որքանո՞վ է Թուրքիայի համար այսօր կարեւոր Եվրամիության անդամ դառնալը՝ հաշվի առնելով նրա վարքագիծը, թուրքագետը պատասխանում է. «Կարծում եմ, որ 2007 թվականից ի վեր Եվրամիության անդամակցությունը դադարել է Թուրքիայի համար լինել առաջնային, օրակարգային խնդիր: 2007 թվականից ի վեր այս գործընթացում գրեթե ոչ մի շոշափելի առաջընթաց չի արձանագրվել՝ հատկապես Կիպրոսի հարցում Թուրքիայի ծայրահեղ ազգայնական դիրքորոշման պատճառով»:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Եվրախորհրդարանի բանաձեւին վերաբերող կոշտ գնահատականներին՝ պարոն Տեր-Մաթեւոսյանը հիշեցնում է՝ եւ Հայաստանի Հանրապետությունը, եւ Թուրքիան 2011 թվականից նախապատրաստվում էին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին՝ յուրաքանչյուրն իր ձեւով եւ իր նպատակներով: «Թուրքիայի կտրուկ արձագանքը միակ ձեւն էր՝ քողարկելու կամ նվազեցնելու իրարահաջորդ բանաձևերի և ուղերձների հնարավոր վնասը: Կարծում եմ՝ Թուրքիայի իշխանությունը չէր պատկերացնում, որ նման համընդհանուր ընդգրկում կունենա այն ալիքը, որը համակել է աշխարհի շատ պետություններ»:

Մեր դիտարկմանը՝ արդյոք Հայոց ցեղասպանության բարձրաձայնմանն ուղղված մեր ջանքերը միայն Եվրոպայում չե՞ն կենտրոնացած, նկատելի է, որ աշխարհի այլ հատվածներում հարցը, կարծես թե, փորձում են շրջանցել, պարոն Տեր-Մաթեւոսյանը պատասխանում է, որ երկրից երկիր, մայրցամաքից մայրցամաք աշխատանքի կազմակերպման սկզբունքները տարբեր են: Թուրքագետի տարակուսանքը վերաբերում է Ռուսաստանին. «Շատ է խոսվում Պուտինի այցի կարեւորության մասին: Բայց ինձ թվում է, որ մեզ համար շատ ավելի կարեւոր պետք է լինի ոչ թե այն հարցը, որ Պուտինը գալու է Հայաստան, այլ այն, թե ինչ ուղերձով է նա գալու, որովհետեւ դժվարանում եմ պատկերացնել թե նրա ֆիզիկական, ինքնանպատակ ներկայությունը ինչ օգուտ կարող է մեզ տալ: Պետք է հստակեցնենք, թե Հայաստանի ռազմավարական գործընկերն ինչ դիրքորոշում ունի թուրքական ժխտողականության և Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման հարցերում, եւ թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում աջակցել Հայաստանին այդ հարցում»,- ասում է պարոն Տեր-Մաթեւոսյանը եւ նշում, որ այս խնդիրը միայն Ռուսաստանին չի վերաբերում. Հայաստան այցելող ցանկացած երկիր պետք է ինչ-որ ասելիքով ներկայանա:

Խոսելով մեր դիվանագիտական կարողությունների եւ հնարավոր հաջողությունների մասին՝ թուրքագետը մատնանշում է, որ արտաքին քաղաքականություն վարելը բավական մեծ մարդկային եւ ֆինանսական ներդրումներ պահանջող ու ժամանակատար գործընթաց է: Նա նկատում է, որ վերջին շրջանում արտաքին քաղաքական գերատեսչությունը նկատելիորեն ակտիվ է՝ շնորհիվ նաեւ սփյուռքի գործոնի, եւ կարողանում է համադրել իր ջանքերը մի շարք ուղղություններով: «Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել, թե՝ «այն, ինչ կատարվում է, այդպես էլ պետք է լիներ»: Այդ պարզունակ պնդմանը կարելի է հակադարձել հետևյալ հարցադրմամբ՝ այդ դեպքում ինչո՞ւ է հենց հիմա դա արվում… Պետք չէ թերագնահատել մեր դեսպանատների, եկեղեցական ու Սփյուռքի կառույցների համատեղ աշխատանքը և գործադրած ջանքերը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930