Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«8 տարեկանից ընկել եմ մանկատուն, տանջվել եմ. Աստված է ինձ պահել-պահպանել»

Մայիս 08,2015 15:30

Երբ մտա տուն-ինտերնատի դարպասներից ներս, մի կին` փոքրիկ մարմնով, սայլակի վրա, բայց լայն ժպիտով եւ փայլող աչքերով ինձ դիմավորեց: Նա ուրախ էր, որովհետեւ իր մոտ մարդ է եկել: Տիկինը մի ձեռքի օգնությամբ իր սայլակն էր առաջ տանում, իսկ մյուս ձեռքը անշարժ կրծքի վրա էր պահում: Նա 50 տարեկան է, սակայն կշռում է ընդամենը 25 կգ:
Տիկին Կարինեն (անունը փոխված է) 18 տարեկանից ապրել է գիշերօթիկում: 1988 թվականին տեղափոխել են տուն-ինտերնատ, որտեղ էլ մինչ օրս ապրում է: Ծնունդով Դսեղ գյուղից է: Ծնվելուն պես ծնողները Կարինեին հանձնել են մանկատուն, քանի որ ուներ հաշմանդամություն. ոտքերը թույլ էին, հյուծված, սովորականից ավելի փոքր չափերի:
«8 տարեկանից ընկել եմ մանկատուն, տանջվել եմ: Աստված է ինձ պահել-պահպանել»,- կյանքի պատմությունը երկու տողով ներկայացնում է տիկին Կարինեն: Նա սիրում է հաճախել եկեղեցի: Իհարկե, դժվար է ամեն կիրակի տաքսու գումար տալ՝ գնալ-գալու համար: Բայց երջանիկ է, որ շաբաթվա մեջ մեկ անգամ հնարավորություն է ունենում դուրս գալ ծերանոցից. «Այնտեղ շատ տարբեր մարդկանց հետ ծանոթացա, իրենք ինձ սովորեցրին չամաչել, մարդամեջ դուրս գալ»,- ասում է տիկին Կարինեն, որի միակ ցանկությունն այս պահին կարդալ, գրել սովորելն է: Նա անգամ տառերը չգիտի: Կարինեն իրեն հավատացյալ է համարում, թեեւ ինչպես ինքն է ասում՝ Աստվածաշունչը չի կարողացել կարդալ. «Միշտ ուզեցել եմ սովորել, բայց առաջ մեր մանկատունը անտերանոց էր, ո՞վ էր հետեւում կրթությանը»:

Կարինեն պատմում է, որ ունի երկու եղբայր, որոնք ՌԴ-ում են, եւ քույր, որը խնամում է իրենց հիվանդ մորը: Ընտանիքի անդամներն այցելում են նրան, բայց՝ ուշ-ուշ: Նա այնպիսի թեթեւությամբ է պատմում իրեն լքած ընտանիքի մասին, որ տպավորություն է ստեղծվում, թե նրանք իր կողքին են, նրանք մոտ են իրեն, եւ նա նեղացած չէ, որ ընտանիքն իրեն լքել է:
Կարինեն առաջին կարգի հաշմանդամ է: Ասում է. «Շատ եմ ուզում, որ ստացածս թոշակից ինձ մի քիչ տան, ձեռքի փող է, էլի»:

Սակայն, ինչպես տեղեկացանք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ըստ օրենքի՝ պետության կողմից տրամադրված կենսաթոշակը Կարինեի ձեռքը կարող էր ընկնել, եթե նա ունենար աշխատանքային ստաժ: Այսինքն՝ թոշակի մի մասը, որը տալիս է պետությունը, գնում է տուն-ինտերնատի բյուջե, մյուս մասը, որը տրվում է աշխատանքային ստաժի դիմաց՝ թոշակառուին: Եվ քանի որ կինը ի ծնե ունի տեղաշարժման եւ այլ առողջական խնդիրներ, երբեք չի աշխատել:
Հարցի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից. «Նյութի հերոսուհին երբեւէ չի աշխատել, հետեւաբար հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի փոխարեն նրան նշանակվում է հաշմանդամության նպաստ: Միաժամանակ, «Պետական նպաստների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (ծերանոց) բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում եւ չի վճարվում»:

Մեր այն հարցին՝ արդյոք օրենքը չի՞ խախտում մարդու իրավունքները, սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով օմբուդսմենի տեղակալ  պարզաբանեց. «Նշված կարգավորումը, մասնավորապես, պայմանավորված է առկա սահմանափակ պետական ֆինանսական միջոցներով, ինչպես նաեւ նրանով, որ պետությունն իր վրա է վերցրել նշյալ անձին խնամելու՝ կենսապահովման նվազագույն մակարդակ ապահովելու պարտավորությունը: Ուստի այդ անձի համար օրենքով չեն նախատեսվել հաշմանդամության նպաստի տեսքով հավելյալ սոցիալական երաշխիքներ»:
Ստացվում է, որ միայնակ կինը ստիպված է անցկացնել ողջ կյանքը տուն-ինտերնատում: Իհարկե, տուն-ինտերնատում թույլ են տալիս դուրս գալ, բայց առանց ձեռքի գումարի ինչպե՞ս հաշմանդամության առաջին խումբ ունեցող կինը կարող է որեւէ տեղ գնալ: Մանավանդ այն պայմաններում, որ երկրում երթուղայինները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց, իսկ մարդիկ դեռ լիովին պատրաստ չեն առողջ վերաբերմունք ցուցաբերել հաշմանդամություն ունեցողներին:

ԳԱՅԱՆԵ ՄԱԴԱԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031