Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեղուտի» գործերը լավացել են, «Յուքոմինը»՝ վատացել

Մայիս 09,2015 14:30
harkatu

Այս տարվա առաջին եռամսյակի համար հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ուշագրավ տեղաշարժեր են գրանցվել:

Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ «Երեւանի կոնյակի գործարանը», նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եւ դիրքերն է զիջել, եւ վճարած հարկերի քանակով է հետընթաց ունեցել: Եթե 2014 թվականի հունվար-մարտ ամիսներին կոնյակի գործարանը ցանկի 12-րդ տեղում էր՝ վճարելով 1 միլիարդ 163 միլիոն 859.1 դրամ, ապա այս տարի 16-րդ հորիզոնականում է, վճարած հարկերն էլ մոտ 900 հազար դրամով պակաս են: Ամենայն հավանականությամբ, այս ընկերության գործերը վատացել են Ռուսաստանում ստեղծված իրավիճակի պատճառով, ինչի հետեւանքով Հայաստանից արտահանումները զգալիորեն նվազել են:

Փոխարենը լավացել են «Թեղուտ» ընկերության գործերը, որը նախորդ տարվա ցանկի 55-րդ տեղից այս տարի բարձրացել է՝ հայտնվելով 17-րդ հորիզոնականում:
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլ, անցյալ տարի լինելով 36-րդ տեղում, հարկայինին վճարել է 690 միլիոն 257.9 դրամ, այս տարի՝ 602 միլիոն 258.1 դրամ, սակայն ավելի բարենպաստ դիրքերում է: Ընդհանուր վճարած հարկերի չափով այս ընկերությունն այս տարի ավելի շատ հարկ է վճարել:

Անցյալ տարվա 42-րդ տեղից «Յուքոմ» ընկերությունն այս տարի հայտնվել է 66-րդ հորիզոնականում: Եթե անցյալ տարի «Յուքոմը» հարկայինին վճարել է 542,964.5 դրամ, ապա այս տարի այս ընկերության վճարած հարկերը զգալիորեն կրճատվել են՝ կազմելով 346,480.5 դրամ:

Շուրջ 31 հորիզոնականով դիրքերը զիջել է նաեւ «Քեթրին գրուպը», եւ չնայած այդ հանգամանքին՝ այս ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գտնվելով ցանկի 100-րդ տեղում՝ ավելի շատ հարկ է վճարել հարկային մարմնին, քան նախորդ տարի: Այս տարի նրա վճարած հարկերը կազմել են 17 միլիոն 104.3 դրամ, անցյալ տարի, գտնվելով 69-րդ հորիզոնականում, «Քեթրին գրուպը» վճարել է 7,990.9 դրամ:
Այս ցանկում դիրքերը բարելավել է «Իմեքս գրուպը», որը հանրությանն ավելի հայտնի է «Իդեալ» ապրանքանիշով, 35-րդ հորիզոնականից հայտնվելով ցանկի 26-րդ տեղում: Այս տարի «Իդեալը» հարկայինին վճարել է 530,858.1 դրամ, անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 302,028.7 դրամ:

Երեւանի ՋԷԿ-ը թե՛ նախորդ տարի եւ թե՛ 2015-ի առաջին եռամսյակում նույն դիրքում է մնացել: Երկու տարի ցանկի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող Երեւանի ՋԷԿ-ը, սակայն, այս տարի հարկային մարմիններին ավելի քիչ հարկ է վճարել:

«Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը անցյալ տարվա ցանկի 21-րդ տեղից բարձրացել է՝ այս տարի հասնելով ցանկի 15-րդ հորիզոնականին: «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն անցյալ տարի վճարել է 112,821.4 դրամ, այս տարի՝ 152,259.9 դրամ:

Այս տարվա ցանկում հետընթաց է արձանագրել նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ դիրքերը զիջելով 10 հորիզոնականով: Եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածում կոմբինատը, լինելով ցանկի 26-րդ տեղում, հարկայինին վճարել է 643,715.4 դրամ, ապա այս տարի՝ 413,629.8 դրամ:

Այս տարի իր վճարած հարկերով դիրքերը բարելավել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը՝ անցյալ տարվա 62-րդ տեղից հայտնվելով ցանկի 40-րդ հորիզոնականում: Եթե նախորդ տարի համալիրը վճարել է 455,052.5 դրամ, ապա այս տարի՝ 625,466.2 դրամ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031