Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հայրենականից մինչեւ Շուշի

Մայիս 09,2015 23:34

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Խաղաղության հրապարակի հարևանությամբ բլրակի վրա է Արցախյան գոյամարտում նահատակված հայորդիների հուշահամալիրը: Այստեղ երեք խոնարհված պատերին փորագրված է Քաշաթաղի տարածքում մարտիրոսված 300-ից ավելի քաջորդիների անունները:IMG_9811

Այստեղ կանգուն են նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Հատուկ գնդի, Շուշիի ազատագրման համար մարտիրոսված տղաներին նվիրված հուշակոթող-խաչքարերը, այլ հուշարձաններ:  Մայիսյան Եռատոնի առթիվ առավոտյան մարդաշատ էր հրապարակը. այստեղ էր շրջանի ղեկավարությունը՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, ուժային և այլ կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, Բերձորի և հարևան համայնքների բնակիչներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր:IMG_9793

Ժամը 10-ին սկսվեց վերելքը դեպի  հուշահամալիր, որտեղ  հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախյան գոյամարտում մարտիրոսված հազարավոր մեր պապերի ու հայրերի, մարտական ընկերների հիշատակին: Բազում ծաղիկներ խոնարհվեցին հուշահամալիրում գտնվող խաչքար-կոթողների և խոնարհված պատերի մոտ: Հանդիսավոր մասն սկսվեց Արցախի Օրհներգով: Եղավ լռության րոպե:   Ներկաներին Եռատոնի առթիվ շնորհավորեց  շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը. «Կրկին հավաքվել ենք տոնելու և միմյանց շնորհավորելու Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակի, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի առթիվ», ասաց Ս. խաչատրյանը՝ հավելելով, որ մեզ պարտադրված վճռական ու փառավոր հաղթանակների հաստատման մեջ անհամեմատելի մեծության պատվին արժանացածները, ցավոք, այսօր նահատակներ են, և մենք՝ նրանց հետնորդները, հպարտությամբ ենք հիշում և արժևորում նրանց սխրանքը:  Ս. Խաչատրյանը խոսեց նաև մարտի 19-ին հայոց սահմանը հերոսաբար պաշտպանած և անհավասար մարտում մարտիրոսված տղաների մասին, որոնց շարքում էր նաև Քաշաթաղի շրջանի Աղձոր գյուղի բնակիչ 19-ամյա Հակոբ Խաչատրյանը:

Կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը կարևորեց Մեծ Հայրենականում տարած հաղթանակը՝ նշելով, որ ֆաշիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում մեր ժողովրդին նոր ցեղասպանություն էր սպառնում:  Խոսելով Շուշիի ազատագրման մասին՝ նշեց, որ  այդ հաղթանակը փառք ու պատիվ բերեց հայ անվեհեր ռազմիկներին: Նշեց նաև, որ այսօր էլ մեր զինվորները, իրենց կյանքը վտանգելով, անառիկ են պահում հայոց սահմանը: ԼՂՀ Նախագահի հրամանով 3 ազատամարտիկներ՝ Մհեր Եսայանը, Կարեն Ավագյանը և Արտյոմ Ավանեսյանը պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ կին ազատամարտիկներն ու զոհված հերոսների կանայք ստացան նվերներ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի կողմից:

Ելույթ ունեցան նաև Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն.  դպրոցի սաները՝ երգով ու ասմունքով խորհրդանշելով Եռատոնը:  Հանդիսավոր մասից հետո տոնի մասնակիցներից շատերը մեկնեցին Գողթանիկի համայնք, որտեղ Շալուա գետի աջ ափին կայացավ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 70 ամյակին նվիրված այգու հիմնումը: Բերձորցի և տարածքի բնակավայրերի շատ  երիտասարդների, աշակերտների մասնակցությամբ տնկվեցին 70 մրգատու ծառեր: Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ծառատունկից հետո կայացավ տոնական խնջույք, որի ընթացքում կատարվեցին ռազմահայրենասիրական երգեր, աշակերտները հանդես եկան երգերով ասմունքով: Կայացան մարզական ու ժողովրդական խաղեր:  Ներկաներին ժողովրդական և ռազմական պարերով ոգևորեցին Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակի սաները. ներկաներից շատերը միացան պատանի պարողներին: Երեկոյան Բերձորում տեղի ունեցավ տոնական հրավառություն:

   Զոհրաբ Ըռքոյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031