Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի քաղաքացուն Իջեւանում կազատազրկե՞ն վրացուհու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար

Մայիս 11,2015 10:37

Գերմանիայի քաղաքացի, Թբիլիսիում բնակվող, 1958թ. ծնված Ֆրանկ-Ալեքսանդր Լանգեին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. սեպտեմբերի 12-ին ժամը 17.30-ի սահմաններում, իր կողմից վարվող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով Մ-16 ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում, Նոյեմբերյան քաղաքի ուղղությամբ ճանապարհի երեք գոտուց բաղկացած երթեւեկելի մասի մեջտեղի երթեւեկելի գոտով ընթանալիս, թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 54 եւ 55 կետերի ու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ:

Լանգեն երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է ավտոմեքենան վարեր երթեւեկելի մասի իր ընթացքի ուղղությամբ աջ կողմի երթեւեկելի գոտով՝ այլ ավտոմոբիլների կամ խոչընդոտների բացակայության պայմաներում ձեռնպահ մնալով երթեւեկելի մասի մեջտեղի երթեւեկելի գոտի մուտք գործելուց: Նա բախվել է երթեւեկելի նույն գոտով իրեն հանդիպակած ընթացող, Երեւանի բնակիչ Գրիգոր Միրզախանյանի կողմից վարվող «Նիսան Սանի» ավտոմեքենային, որի հետեւանքով վերջինիս ավտոմեքենայի ուղեւորներ, Վրաստանի քաղաքացիներ Նանա Տարտարաշվիլու առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ Թամար Ջգամաձեն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Լանգեին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով: Նույն 2 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաեւ Երեւանի բնակիչ,1984թ. ծնված Գրիգոր Միրզախանյանին: Սույն քրեական գործով դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է մայիսի 13-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031