Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-2015. Աշոտյան-ԵՄ հանձնակատար` երկկողմ հանդիպում

Մայիս 14,2015 13:57

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անձամբ հանձնակատարին աջակցության համար` գագաթաժողովի կազմակերպչական, ֆինանսական և մեթոդաբանական օգնության հարցերում:

Արմեն Աշոտյանը, խոսելով Բոլոնյան գործընթացի մասին ընդհանրապես և երևանյան գագաթաժողովի մասին մասնավորապես, բարձր է գնահատել կրթության և գիտության ոլորտում ընթացող ինտեգրացիոն գործընթացի ներկա զարգացումները: Նախարարի խոսքով` հակամարտող երկրների համար կրթությունը կարող է դառնալ շատ կարևոր գործիք` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ ուսանողների համար փակ սահմանների պայմաններում կրթությունը դառնում է ոչ մատչելի` այս համատեքստում կարևորելով կրթության միջազգայնացման խնդիրը:

Հանձնակատարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է արդիականացնել եվրոպական բարձրագույն կրթության տարածքը` ընդգծելով ուսանողների շարժունության և փոխանակման ծրագրերը: Նա հույս է հայտնել, որ Երևանյան գագաթաժողովը կունենա վճռորոշ և պատմական նշանակություն` եվրոպական կրթական միասնական տարածքի ընդլայնման համար, նոր շունչ կհաղորդի ողջ տարածքում իրականացվող կրթական բարեփոխումերին: Հանձնակատարը նաև կարևորել է հարևանության գործընթացը` որպես կրթամշակութային կամուրջ հարևան երկրների միջև:

Նախարարն անդրադարձել է Tempus և Erasmus + ծրագրերին և դրանցում ՀՀ բուհերի ներգրավման խնդիրներին, շեշտել երկկողմ հորիզոնական կապերի խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են Երևանի կոմյունիկե և Բոլոնիայի 4-րդ քաղաքական ֆորումի հայտարարագրի ընդունումը և դրանց հետագա նշանակությունը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031