Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանն ԱԻՆ-ում հաբեր էր ընդունում, հետո նրան «մեկուսացրին» լրագրողներից (Տեսանյութ) 

Մայիս 26,2015 13:46

Այս պահին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին «մեկուսացրել են» ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրավիրված ասուլիսին ներկա էին մի շարք մարզպետներ, այդ թվում նաև Սուրիկ Խաչատրյանը:

Ասուլիսից հետո Aravot.am-ը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ վարկածներ ունի՞ ով կարող էր կրակել իր վրա, քանի որ շատերն ասում են, որ սպանության փորձը բեմադրված էր: Նա պատասխանեց. «Ես ոչ մեկի անուն չեմ տալիս, ոչ մեկին էլ չեմ կասկածում»:

Նշեցինք, թե մարդիկ կարծիք ունեն, որ իր դեմ կատարվածը բեմադրված էր, պարոն Խաչատրյանն ասաց. «Նման բան ասողները ղալլաթ են արել, այդ ասողը գլուխը պատին է տալիս»:

Դեռ մի քանի նախադասություն էլ չէր ասել Սուրիկ Խաչատրյանը, երբ նրան մեկուսացրին. ԱԻՆ աշխատակիցները, մարզպետներն ու փոխնախարարը շրջափակման մեջ առնելով, նրան մտցրին նախարարի սենյակ:

Այնուհետև, երբ այնտեղից դուրս եկան, լրագրողները հետաքրքրվեցին՝ Սուրիկ Խաչատրյանին հարցաքննե՞լ են, մարզպետը կրկին ոչինչ չասաց:

Մեր այն դիտարկմանը, գուցե իր վարկա՞ծն ասի, թե չէ ստացվում է, որ իրոք բեմադրված էր մահափորձը, քանի որ շատերը նման կարծիք ունեն, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Շատերը նման կարծիք չունեն, մի քանի թափթփուկ ունի նման կարծիք, ոչ մի նորմալ մարդ նման կարծիք չունի»:

Այս մի քանի նախադասությունից հետո, կրկին մարզպետին «փախցրին», ինը հարկ ստիպված էինք նրա հետևից վազել, որպեսզի գոնե մեկ հարց հղենք Սուրիկ Խաչատրյանին, սակայն նույն նախարարամարզպետական շքախումբը հիմա էլ մարզպետին թաքցրեց Ճգնաժամային կառավարման կենտրոնի մասնաշենքում:

Այս պահին, դեռ սպասում ենք, որ Սուրիկ Խաչատրյանը դուրս գա և վերջապես պատասխանի հանրությանը հետաքրքրող հարցերին:

Հ.Գ. Ասուլիսի ընթացքում նկատեցինք, որ Սուրիկ Խաչատրյանը հաբեր է ընդունում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031