Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության պատվիրակությանը

Մայիս 26,2015 17:44

Մայիսի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարի և «Մայքրոսոֆթ» ընկերության պատվիրակության միջև:

Պատվիրակության կազմում էին` «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախագահ Դոն Գրանթհամը, ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի զարգացող շուկաների գծով գլխավոր մենեջեր Պիլար Տոռեսը, ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գլխամասային գրասենյակի անվտանգության գծով ղեկավար Դանիել Գրաբսկին և «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին` վերջին 10 տարիներին Հայաստանում ընկերության ակտիվ գործունեության համար և հույս հայտնել, որ ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:

Դոն Գրանթհամն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` ընկերության հետ համագործակցության պատրաստակամության ու Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ծրագրերին աջակցության համար, և տեղեկացրել, որ ընկերությունը մտադիր է առաջիկայում Հայաստանում իրականացնել մի շարք հեռանկարային ծրագրեր` ՀՀ կառավարության հետ հաստատելով երկարաժամկետ համագործակցություն կրթության, անվտանգության, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, նորարարության ոլորտներում:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժ ճարտարագիտության, ինֆորմատիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում, բարձրակարգ և շնորհալի մասնագետներ` տեխնիկական հմտություններով և գիտելիքներով: Նախարարի համոզմամբ, թվարկվածը կարևոր նախադրյալ է վերազգային ընկերությունների կողմից Հայաստանում ներկայացուցչություններ հիմնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ Հայաստանում առկա է մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ:

Զրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են մայիսի 26-ին ՀՀ կառավարությունում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրման կարևորությանը: Նշվել է, որ փաստաթղթերի փաթեթի ստորագրման արդյունքում նախատեսվում է Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, կրթական և անվտանգության ոլորտներում համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում, ինչն էապես կնպաստի տարածաշրջանում Հայաստանի` որպես նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկրի, վարկանիշի բարձրացմանը։

Հանդիպման ավարտին Կարեն Ճշմարիտյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական է վերազգային կազմակերպությունների հետ համագործակցության և ՀՀ-ում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովման հարցում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031