Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ

Հունիս 02,2015 13:06

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր  հանդիպում է ունեցել  Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:

Ողջունելով Հովիկ Աբրահամյանին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում՝ Յան Համաչեկն արձանագրել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը  և  կարևորել  Հայաստանի  վարչապետի պաշտոնական  այցը Չեխիա` հայ-չեխական կապերն էլ ավելի խորացնելու և տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու առումով:  Հայ-չեխական հարաբերությունների ամրապնդման և խորացման առումով բարձր է գնահատվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիա: Պատգամավորների պալատի նախագահը, կարևորելով միջխորհրդարանական կապերի խորացումը,  անհրաժեշտ է համարել  համագործակցության հետագա զարգացումը նաև տնտեսության ոլորտում: Յան Համաչեկը կարևոր է համարել փոխգործակցության խորացումն Արևելյան գործընկերության շրջանակում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները և քաղաքական երկխոսությունն ակտիվացել են, որոնք նշանավորվել են բարձրաստիճան տարբեր փոխայցելություններով և հանդիպումներով: Նա  կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը: Վարչապետ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի հետագա ակտիվացումը և զարգացումը: Նա նշել է, որ Չեխիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության այլ ձևաչափերում փոխգործակցության խորացումը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին Չեխիայի Սենատի և Պատգամավորների պալատի պատվիրակության մասնակցությունը և շնորհակալություն հայտնել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և շեշտել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում,  խաղաղ բանակցությունների արդյունքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում փոխգործակցությունը:

Հանդիպումից  հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պրահայի Սենովաժնե հրապարակում ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությունը խորհրդանշող խաչքարին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930