Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտյանին ապատեղեկատվություն են ներկայացրել». Հովհաննես Թոքմաջյան

Հունիս 06,2015 15:40

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ համաձայն է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ ընտրություններից հետո բուհում պետք է վերականգնվի բարոյական և կրթական մթնոլորտը:

Հստակեցնելով, թե ինչ ասել է՝ ինքը համաձայն է ԿԳ նախարարի հետ՝ Թոքմաջյանն ասաց, որ պաշտոնյաների խոսքը պետք է բառացի հասկանալ: Նա ասել է՝ պետք է վերականգնել կրթական մթնոլորտը, ասում եմ՝ այո, պետք է վերականգնել: Մեր բուհում պետք է գործ չունենան Խոեցյանները, Կիրակոսյանները, Խաչատրյանները»,- ասաց Հ. Թոքմաջյանը՝ ընդգծելով, որ նրանց՝ Պոլիտեխնիկից հեռացնելը որևէ կապ չունի իր անվան հետ կապվող վիրտուալ սեքս-սկանդալի հետ, ի դեպ, որին վերաբերող տեսանյութ այսօր ներկայացրեց նա:

«Կիրակոսյանն ազատվել է աշխատանքից, քանի որ գումարներ է տեղափոխել այլ կազմակերպություն, Խոեցյանն ազատվել է պարտականությունները չկատարելու համար, իսկ Խաչատրյանը դուրս է մնացել համալսարանից կրճատման արդյունքում»,- վստահեցրեց Հ. Թոքմաջյանը:

Դառնալով իր և ԿԳ նախարարի տարաձայնություններին և պատասխանելով հարցին, թե ինչու այդ սկանդալային գրագրության հրապարակումից հետո Թոքմաջյանի և Արմեն Աշոտյանի հարաբերությունները վատացան, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց. «Աշոտյանը եղել է իմ ընկերը, և ես շատ եմ ափսոսում նրա վերաբերմունքի փոփոխման համար: Կարծում եմ՝ նա լավ ինֆորմացված չէ. ցանկացած բուհում նա ունի իր մարդիկ, այդ թվում՝ այստեղից ինչ-ինչ երիտասարդներ, որոնք ապատեղեկատվություն են ներկայացրել նրան: Համոզված եմ, որ հետաքննությունից և ընտրություններից հետո նա ճիշտ գնահատական կտա, և կուզենայի, որ նա օբյեկտիվ լինի»,- ասաց Թոքմաջյանը՝ հավելելով, որ նախարարները, ռեկտորները գալիս-գնում են, իսկ Պոլիտեխնիկը հավերժ կմնա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930