Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին շենգավիթցիները մութն ընկնելուն պես՝ վախենում են փողոցով քայլել

Հունիս 19,2015 15:00

Տարին մի քանի անգամ քաղաքային իշխանությունները ներկայացնում են, թե մայրաքաղաքում ինչպիսի ծրագրեր են իրականացրել՝ որքան կիլոմետր ասֆալտ են արել, ոռոգման ցանց անցկացրել, մայթեզրի քարեր փոխել եւ այլն: Սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչներն են նշում, չգիտես ինչու, այդ ծրագրերը իրենց մի շարք փողոցներ շրջանցում են, եւ տարիներով բնակիչներին անհանգստացնող խնդիրները՝ քանդված ու չլուսավորված փողոցներն այդպես էլ մնում են: Մասնավորապես՝ Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցում միայն վերջերս է ասֆալտապատում իրականացվել. մինչ այդ բնակիչները ցատկոտելով էին ման գալիս, որ ջրափոսերը չընկնեն, ավտոմեքենաների վարորդներն էլ մեքենան ծուռումուռ էին քշում: Սակայն լուսավորության խնդիրը ոչ այնքան երկար այս փողոցում այդպես էլ չի լուծվում ու չի լուծվում: Բնակիչներն ասում են, որ այս փողոցում երկար տարիներ է՝ արտաքին լուսավորություն չկա. մութն ընկնելուն պես՝ փողոցով քայլելն ավելի վտանգավոր է դառնում: Բնակիչների խոսքերով՝ փողոցում մանկահասակ եւ մեծահասակ բնակիչներ շատ կան, որոնք դժվարանում են հատկապես ձմռանը մութն ժամերին քայլել այդ փողոցով:

Անցյալ տարի այս հասցեի բնակիչները կրկին բարձրացրել էին փողոցի լուսավորության հարցը, ինչին ի պատասխան՝ վարչական շրջանից հայտնել էին, որ հարցն օրակարգում է, եւ որ այս տարի արդեն հարցը կլուծվի:

Սակայն օրերս բնակիչներին լուրեր էին հասել, որ այս տարի էլ խնդիրը չի լուծվի՝ ֆինանսների սղության պատճառով: Նրանց խոսքերով՝ տարին արդեն կիսվել է, բայց տված խոստումը քաղաքային եւ թաղային իշխանությունները, կարծես թե, չեն պատրաստվում իրականացնել:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորությամբ զբաղվում է «Երքաղլույս» ընկերությունը:
«Առավոտի» հարցին, թե ե՞րբ կլուսավորվի Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցը, ընկերության տնօրեն Վարդան Գաբրիելյանն ասաց, որ առաջնահերթությունը վարչական շրջանն է սահմանում, եւ որ նշյալ հասցեն այս տարվա ծրագրով ընդգրկված չէ: Ըստ առաջնահերթության՝ այս տարի Ներքին Շենգավիթի 5-րդ, 10-րդ, 14-րդ եւ այլ փողոցներն են նախատեսված:

Առաջնահերթության կարգով Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցը 4-րդ տեղում է, ինչը նշանակում է, որ առաջին երեք առաջնահերթությունները վերջացնելուց հետո միայն «Երքաղլույսը» կանցնի այս հասցեին: Իսկ թե երբ է նախատեսվում՝ ընկերության տնօրենն ասաց, որ պարզ չէ. «Եթե ֆինանսներ նախատեսվեն, հնարավոր է՝ այդ փողոցն էլ ընկնի առաջնահերթությունների ցանկ»,- ասաց պարոն Գաբրիելյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930