Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսակցությունները մեծամասամբ ներկայացված են երեւանցիներով, եւ հնարավոր է` խորհրդարանում մարզերից ներկայացուցիչներ չլինեն»

Հուլիս 24,2015 15:00

Կարծում է իրավագետ, «Հայե» իրավագիտական ընկերության
տնօրեն Մելիք Սողոմոնյանը

– Պարոն Սողոմոնյան, մինչ շրջանառության մեջ դրված ՀՀ Սահմանադրության նախագծի մասին հարցազրույցս` մշտապես զրուցակիցներիս ուղղում եմ հետեւյալ հարցը. ծանոթացե՞լ եք նախագծի բոլոր հոդվածներին, կարո՞ղ եք ներկայացնել Ձեր կարծիքը:

– Պետք է ասեմ, որ Սահմանադրության նախագիծը դեռեւս հանգամանորեն ուսումնասիրում եմ, սակայն նախնական ասեմ, որ այն ունի եւ դրական նորամուծություններ, եւ որոշակի շտկումների կարիք: Գնահատելի է, որ Սահմանադրության նախագիծը մշակող հանձնաժողովի անդամները հայտարարեցին առաջարկություններ ընդունելու իրենց պատրաստակամության մասին:

Մեծ առաջընթաց եմ համարում նոր Սահմանադրությամբ պառլամենտական կառավարման ներդրումը Հայաստանում եւ գտնում եմ, որ անկախ նոր Սահմանադրության մասին տարբեր մոտեցումներից` պառլամենտական կառավարումը դրական ելքերի է բերելու: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ պառլամենտական կառավարումը հատուկ է ժողովրդավարական երկրներին: Չնայած պետք է ասեմ նաեւ, որ ժողովրդավարության միակ եւ բավարար դեղատոմսը չէ:

Ուզում եմ հատկապես խոսել Հայաստանի նախագահի` նախատեսվող կարգավիճակի մասին: Հայտնի է, որ պառլամենտական կառավարմամբ երկրներում «Նախագահի» այսպես ասած խորհրդանշական կարգավիճակն ընդունված երեւույթ է: Բերեմ մեկ օրինակ:

Գերմանիայի Սահմանադրությամբ նախագահը չունի երկիրը կառավարելու առաքելություն, սակայն դրա հետ մեկտեղ ունի լուրջ դերակատարություն ճգնաժամային իրավիճակները լուծելու հարցում: Գերմանիայի նախագահը կարող է արձակել Բունդեսթագը եւ նոր ընտրություններ նշանակել, երբ Բունդեսթագը չի կարողանում նշանակել կանցլեր: Կամ՝ իրավասություն ունի նաեւ այդ դեպքերում կանցլեր նշանակելու միանձնյա: Նախագահի կողմից Բունդեսթագն արձակելու այլ դեպքեր նույնպես նախատեսված են: Այսինքն` նույնիսկ միայն այդ առաքելության համար Գերմանիայի նախագահի ինստիտուտը արդարացված է: Այլ օրինակներ նույնպես կարելի է բերել: Հայաստանի Սահմանադրության առաջարկվող նախագծով նախագահը պետության գլուխն է եւ ազգային միասնության մարմնավորողը, սակայն դրանց իրացման լիազորություններ գրեթե չունի: Չեմ կարծում, թե մեր ժողովրդի համար ընկալելի կամ ընդունելի կլինի այդ կարգավիճակով նախագահի ինստիտուտը: Այս պարագայում երեւի ավելի նպատակահարմար է Սահմանադրության մեջ առանձին նախագահի ինստիտուտ չնախատեսել եւ պետության գլխի, ինչպես նաեւ նախագահի համար նախատեսված լիազորությունները (կամ դրանց մի մասը) դնել Ազգային ժողովի նախագահի վրա: Իհարկե, մանրամասները կարելի է քննարկել:

– Դուք նախկինում աշխատել եք ԱԺ իրավաբանական վարչությունում: Ի՞նչ կասեք «Ազգային ժողով» գլխի, մասնավորապես` խորհրդարանի գործառույթների հետ կապված:

– Ազգային ժողովը բավականին ծանրակշիռ մարմին կդառնա` մեծ լիազորություններով, կառավարության գործունեության նկատմամբ հսկողական եւ վերահսկողական մեխանիզմներով: Գտնում եմ` ճիշտ կլինի Սահմանադրության նախագծից հանել միայն համամասնական ընտրակարգի գաղափարը եւ այն թողնել «Ընտրական օրենսգրքի» սահմանմանը: Միայն համամասնական ընտրակարգը այս փուլում նպատակահարմար չէ` կարծում եմ: Տեսեք, կուսակցությունները մեծամասամբ ներկայացված են երեւանցիներով, եւ հնարավոր է` խորհրդարանում մարզերից ներկայացուցիչներ չլինեն: Կարծում եմ՝ մեծամասնական ընտրակարգը դեռ իրեն չի սպառել: Իմիջիայլոց, ես կառաջարկեի նոր Սահմանադրությամբ օրենսդիր մարմինը «Ազգային ժողովի» փոխարեն` անվանել «Խորհրդարան»:

Առավել հնչեղ է, եւ ըստ էության մեր խոսակցականում ավելի շատ օգտագործում ենք «Խորհրդարան», քան «Ազգային ժողով» բառերը: Կառաջարկեի նաեւ Գերմանիայի Բունդեսթագի եւ Իսրայելի Կնեսետի օրինակով բոլոր լեզուներով էլ օգտագործել ոչ թարգմանաբար:

– Պարոն Սողոմոնյան, վիճահարույց համարվեց թերեւս Սահմանադրության նախագծի 23-րդ հոդվածի «Կյանքի իրավունքը, մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետը, որում սահմանվում է. «Կյանքից զրկելը չի համարվում վկայակոչված հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Շատերը կարծում են, որ դա մահապատժի խրախուսում է նշանակում: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:

– Չեմ կարծում, որեւէ խրախուսում չկա: Ճիշտ սահմանում է: Խոսքն այստեղ ինքնապաշտպանության կամ պատերազմական գործողությունների ժամանակ թշնամուն վնասազերծելու կամ ծայրահեղ անհրաժեշտ այլ իրավիճակների մասին է: Սակայն կարելի է ձեւակերպումը փոխել եւ հստակեցնել, որպեսզի տարակարծությունների տեղիք չտա:

– Ձեր խոսքի սկզբում ասացիք, որ Սահմանադրության նախագիծը որոշակի շտկումների կարիք ունի: Կարո՞ղ եք հստակեցնել` ինչի՞ մասին է խոսքը:

– Որոշ հոդվածների օրինակով ասեմ: Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը մարդն է»: Կարծում եմ` գործող Սահմանադրության 3-րդ հոդվածի ձեւակերպումն ավելի հստակ է: Մասնավորապես սահմանվում է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Կարեւոր է շեշտել, որ բարձրագույն արժեք են նաեւ մարդու իրավունքներն ու ազատությունները: Նախագծի 37-րդ հոդվածով սահմանվում է, որ միջնակարգ կրթության նվազագույն տեւողությունը տասը տարի է: Կարծում եմ` առավել նպատակահարմար է միջնակարգ կրթության նվազագույն տեւողությունը սահմանել օրենքով եւ ոչ Սահմանադրությամբ: Նույն հոդվածում վրիպակ կա: Գրված է «միջնակարգ մասնագիտական կրթություն», սակայն մինչեւ օրս օգտագործել ենք «միջին մասնագիտական կրթություն» բառերը եւ այլն:

Պետք է ասեմ նաեւ, որ շատ դրույթներ կան, որոնք արդարացված նորամուծություն են: Օրինակ՝ համաչափության եւ որոշակիության սկզբունքները: Սահմանվել է նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպանին կարող են դիմել ոչ միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից, այլ նաեւ կազմակերպությունների կողմից իրավունքի խախտման դեպքերում եւ այլն:
Հուսով եմ` աշխատանքային քննարկումների արդյունքում Սահմանադրության նախագիծը կկատարելագործվի:

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031