Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն  Բաբայան. «Արմեն Ամիրյանը, կոպիտ ասած, այն հաբռգած չինովնիկներից չէ»

Օգոստոս 13,2015 18:04

 

Վերջին օրերին մամուլում շատ է խոսվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնանկության և Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի՝ այդ պաշտոնում հավանական նշանակման մասին:

Aravot.am-ը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեց՝ Արմեն Ամիրյանին տեսնու՞մ է մշակույթի նախարարի պաշտոնում, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ես Արմեն Ամիրյանին հարգում ու սիրում եմ, ճանաչում եմ իրեն մարդկային և մասնագիտական տեսանկյունից: Չեմ ուզում խառնվել հարցերի մեջ, որոնք ինձ համար բացարձակապես անհետաքրքիր են, քանի որ իմ ստեղծագործական գործունեությունը երբևէ չեմ կապել նրա հետ, թե ով կլինի մշակույթի նախարար: Եթե նման լուրջ թեմա կա, սա Արմեն Ամիրյանի լուծելու հարցն է: Եթե նա գալու է այդ պաշտոնին որոշակի ծրագրով, պետք է պատասխան տա, թե որքանով կկարողանա իրագործել այդ ծրագիրը: Եթե գալու է պարզապես նախարարի պաշտոն զբաղեցնելու, չգիտեմ»:

Ռուբեն Բաբայանը նշեց, թե երբևէ  մեծ հույսեր չի կապել որևէ պաշտոնյայի փոխելու հետ՝ սկսած երկրի նախագահից. «Ինձ թվում է՝ համակարգն է փտած, և այնտեղ նույնիսկ ամենակարգին մարդիկ լավագույն դեպքում չեն կարողանում դիմադրել, վատագույն դեպքում փտում են»: Մեր հարցին՝ Արմեն Ամիրյանն այն տեսա՞կն է, որ կարողանա դիմադրել, պարոն Բաբայանը պատասխանեց. «Արմեն Ամիրյանը, երկար ժամանակ լինելով Հանրային ռադիոյի ղեկավար, շատ կարգին է իրեն պահել: Նա, կոպիտ ասած, այն հաբռգած չինովնիկներից չէ»:

Ռուբեն Բաբայանը Արմեն Ամիրյանի հետ կապված մի դրվագ հիշեց, երբ նրա որդին ընդունվել է Թատերական ինստիտուտ՝ անվճար համակարգով, նա որդուն տեղափոխել է վճարովի համակարգ, որպեսզի անվճար սովորի այն երեխան, որի ծնողներն ի վիճակի չէին վճար մուծել:

Պարոն Բաբայանը միևնույն ժամանակ նշեց, որ շատ լավ է աշխատում նաև Հասմիկ Պողոսյանի հետ: Մեր հարցին գո՞հ է ներկայիս նախարարի աշխատանքից, նա պատասխանեց. «Այն, ինչ վերաբերում է թատրոնին, դեռ չի եղել մի հարց, որ մերժի: Դժգոհ եմ այնքանով, որքանով մեր մշակույթի կազմակերպման գործունեությունը դոփում է տեղում, չի ենթարկվում բարեփոխումների: Ինչքանով այստեղ կա իր մեղքը,  ինչքանով` համակարգի, սա արդեն ուրիշ հարց է»: Զուգահեռներ անցկացնելով Հասմիկ Պողոսյանի և ՌԴ մշակույթի նախարարի միջև՝ պարոն Բաբայանը նշեց, թե «Հասմիկ Պողոսյանը տասը գլուխ ավելի լավ է»:

Հասմիկ Պողոսյանի պաշտոնանկության մասին պարոն Բաբայանն ասաց. «Մենք բոլորս պաշտոնյաներ ենք և ժամանակավոր ենք մեր պաշտոնում: Ավելի երիտասարդները պիտի գան հետաքրքիր մտքերով, քանի որ, եթե փոփոխություն տեղի չունենա, ամեն ինչ ճահճանում է: Եթե Արմեն Ամիրյանը գալու է, ապա կարևոր հարցն այն է, թե ինչ ծրագրով է գալու և ինչքանով կկարողանա իրականացնել այդ ծրագրերը: Իսկ մարդկային տեսակետից դրական եմ նրան գնահատում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31