Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Թուղթն աչքը կոխելու պահին ազատվեք ուսուցչից»

Օգոստոս 29,2015 13:27

Օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների եւ մանկավարժների հետ հանդիպման ժամանակ Ալավերդու  թիվ 5 դպրոցի տնօրենը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին դժգոհեց, որ իրենց դպրոցի աշակերտներին համապատասխան մարզական ֆեդերացիան տարել է ձեռքի գնդակի մրցումների՝ առանց տնօրենի  ու նախարարության գիտության:  Տիկինը հրավիրեց նախարարի ուշադրությունը նման հարցերին:

«Մեր աշակերտները պարտավոր են բացակայել, երբ արտոնում ենք իրենց բացակայությունը միջազգային երաժշտական փառատոների, սպորտային միջազգային առաջնություններին մասնակցելու նպատակով… Եթե դա այդքան կարեւոր միջոցառում է, Սպորտի նախարարությունը պետք է գրի նամակ Կրթության եւ գիտության նախարարությանը, իսկ եթե  դա ֆեդերացիաների կողմից «տակից» է արվում, ուրեմն պետք է պատժվի… Հարգելի կհամարեք միայն այն բացակաները, որոնք իրենց տակ հիմք կունենան՝ համապատասխան ֆեդերացիաների միջնորդությունն՝ ուղղված ԿԳ նախարարությանը»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Հրազդանի 13 դպրոցի տնօրենին այլ հարց էր հետաքրքրում: Նա փաստեց, որ բոլոր ուսուցիչները ատեստավորված են, եւ կրճատումների ժամանակ հնարավոր չէ կողմնորոշվել ում կրճատել: «Նա առաջարկեց, որ ատեստացիոն վերապատրաստումները ավարտվեն քննությամբ, թե չէ, տնօրենի ձեւակերպմամբ. «Ո՞ր ուսուցչին կարող ես ասել՝ չես համապատասխանում պահանջներին, թուղթը կվերցնի, աչքդ կկոխի…»:

«Հենց աչքը կոխելու պահին»,-ժպտալով ասաց նախարարը:

Ապա հավելեց, որ ատեստացիան քննությամբ ավարտելը տարաբնույթ դժգոհությունների տեղիք կտա՝ սկսած բյուրոկրատական քաշքշուկից, վերջացրած այլ թեմաներով: «Մենեջմենթի խնդիր է՝ ընտրել չարյաց փոքրագույնը, անկախ նրանից, կքննադատե՞ն, թե՞ ոչ…»,-խորհուրդ տվեց նախարարը՝ առաջարկելով տարբերակել պոտենցիալ կրճատվողին, որակյալ մասնագետից:  Հանդիպման ժամանակ այլ առաջարկներ էլ հնչեցին, օրինակ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ցանկություն հայտնեց, որ երեք տարին մեկ գիտելիքների թեստային ստուգում իրականացվի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31