Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ուսումնական տարին Հայաստանի ամենահին ԲՈՒՀ-ում

Սեպտեմբեր 08,2015 17:29

Այս տարի Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունները համալրվել են 43 սանով: Նրանցից 29-ը կուսանեն Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 14-ը`Գևորգյան հոգևոր ճեմարանում: Եվս 15 աշակերտ ընդունվել է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան: Գիշերօթիկ հաստատությունում ուսանելն ու ընտանիքից հեռու լինելն ապագա հոգևորականներին այդքան էլ չի վախեցնում. «Ամեն խոչընդոտ հաղթահարելի է. եթե նպատակ ենք դրել մեր առջև, ամեն ինչ պետք է անենք դրան հասնելու համար»,- ասում են նրանք:

«Այստեղ շատ հոգեհարազատ է ինձ: Ճեմարան գալու, հոգևորականի ուղին ընտրելու որոշմանը նպաստեց նաև մեր քահանայի հետ շփումը». 1-ին լսարանի սան Արսեն Մարտիրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարան ուսանելու է եկել Գագրայից (Աբխազիա), որտեղ 3 տարի սպասավորել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: «Որոշումս շատ ուրախացրեց ծնողներիս. հայրս միշտ ասում էր, որ պետք է գնամ, ծառայեմ մեր հայրենիքին»,- պատմում է Արսենը: Նա արդեն հասցրել է մտերմանալ ավագ ուսանողների ու սարկավագների հետ:

chemaran_2

Գևորգյան հոգևոր ճեմարանում այսօր 103 սան է ուսանում: «Բոլորն ապրում են իբրև մի ընտանիք, եթե ինչ-որ մեկը խնդիր է ունենում, ավագները միշտ խորհուրդներ են տալիս, աջակցում»,-նշում է 2-րդ լսարանի սան Ալբերտ Արշակյանը: Նա այստեղ է եկել Բաթումիից: Ի դեպ`ճեմարանում այսօր սփյուռքից եկած մոտ մեկ տասնյակ սան է ուսանում: Նրանց հետ անհատական աշխատանք է տարվում` հաշվի առնելով հայոց լեզու, հայոց պատմություն առարկաների հետ կապված դժվարությունները:

ԳՀՃ-ում դասավանդում են 28 հոգևորական և 43 աշխարհական դասախոսներ: «Նրանց հետ պարզապես շփումը սաների համար կրթող և դաստիարակիչ է: Այստեղ է աշխատում նաև մեր եկեղեցու ավագագույն հոգևորականներից Տեր Եղիշե ավագ քահանա Սարգսյանը, որ ճեմարանի նոր շրջանի պատմության կենդանի վկան է: Ամեն ինչ նպաստում է սաների հոգևոր ներաշխարհի ձևավորմանը»,-նշում է ԳՀՃ ուսումնական գծով փոխտեսուչ Գևորգ Մադոյանը:

Ճեմարանը հոգևոր, աստվածաբանական և հայագիտական կրթություն է տալիս: Ուսումնական ծրագրի մեջ ներառված են Սուրբ Գրքի ուսումնասիրություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, հայրաբանություն, լեզուներ եւ այլ առարկաներ: Ճեմարանականները նաև ակտիվ մասնակցում են քարոզչական, հովվական, կրթական և սոցիալական տարբեր ծրագրերի:

Հայաստանի ամենահին`140-ամյա բարձրագույն ուսումնական հաստատությունը պարբերաբար համալրվում է նոր դասախոսներով, ներդրվում են նոր առարկաներ, հրատարակվում դասագրքեր, օժանդակ ձեռնարկներ: Այս տարի Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ նաև ձևավորվել է ճեմարանի գիտական խորհուրդը, որը զբաղվում է ճեմարանի համար ուսումնական ծրագրերի մշակմամբ:

 

Մարիամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930