Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2015-16 համերգաշրջանն սկսում է Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Այն նվիրված է Ազգային ֆիլհարմոնիկի 90-ամյա հոբելյանին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 28-ն ընթացող փառատոնային ծրագիրը բավականին հագեցած է. 8 սիմֆոնիկ և վեց կամերային համերգներ:
Փառատոնը կբացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 10-ին կայանալիք համերգով, որտեղ հանդես կգա ռուս անվանի ջութակահար Վադիմ Ռեպինը՝ ներկայացնելով Բրուխտի Ջութակի կոնցերտը:
«Սա փառատոն է, իսկ փառատոնը նախ և առաջ երաժշտության տոն է: Ես տեղյակ եմ, որ այն նվիրված է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Իհարկե, ցեղասպանությունը ողբերգություն է: Ես հույս ունեմ, որ իմ ներկայությամբ և արվեստով կկարողանամ հուզել մարդկանց»,- Երևանում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վադիմ Ռեպինը։
Կարդացեք նաև
«Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը մեր երաժշտական աշխարհի կարևոր իրադարձություններից մեկն է դարձել: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փորձել ենք մեծ երաժիշտների ներգրավել»,- ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Նշենք, որ փառատոնի օրերին Երևանում հանդես կգան շուրջ 30 հրավիրյալ և հայաստանցի երաժիշտներ:
Փառատոնի հյուրերի թվում են դաշնակահարներ Ֆրանսուա-Ֆրեդերի Գին (Ֆրանսիա), Մարիաննա Շիրինյանը (Դանիա), ալտահար Քիմ Քաշքաշյանը, ջութակահարներ Իդա և Անի Կավաֆյանները (ԱՄՆ), Անուշ Նիկողոսյանը (Հայաստան), Բորոդին քառյակը, ֆլեյտահար Մասսիմո Մերչելին (Իտալիա), դիրիժորներ Քրիստոֆ Պոպպենը (Գերմանիա), Պիեր Կառլո Օրիցիոն (Իտալիա) և ուրիշներ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ