Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանն արդարացվել է դատարանի կողմից

Սեպտեմբեր 10,2015 13:00

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանն Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը վերացրեց նաեւ Խ.Մարոզյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

«Ես, որպես կազմակերպության ղեկավար, միշտ ակտիվ եմ եղել ու որպես կանոն՝ միշտ խեղճի ու տկարի կողքին եմ եղել: Հնարավոր է մեկին այդ ընթացքում՝ դատախազ կամ քննիչ, կամ այլ պաշտոնյա, ցավեցրել եմ կամ իրեն չեմ ենթարկվել, դա իրենց դուրը չի եկել ու ուզում էին ինձ շարքից հանել, դա իրենց գործն է, բայց ես կշարունակեմ այսպես: Սա է արդարության խթանման ճանապարհը, պայքար, միայն պայքար ու քաղաքացիական հասարակության կայացում»,- դատավճռի հրապարակումից հետո «Առավոտին» ասաց Խաչիկ Մարոզյանը:

Նրա պաշտպանությունն, ի դեպ, առաջին ատյանի դատավարության ժամանակ իրականացրել է ճանաչված փաստաբան Արա Զաքարյանը:

Խ. Մարոզյանն ասում է, որ ամբողջ քրեական գործի պատմությունը ցույց տվեց, որ նախաքննությունը ուղղորդված է եղել քննիչի կողմից. «Գործում առկա են նաեւ կոռուպցիոն ռիսկեր»:

Խաչատուր Մարոզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սվետլանա Թորոսյանի «խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով», վերջինիս իրավաբանական օգնություն ցուցաբերելու եւ նրա քրոջ` Ծովինար Սիմոնյանի վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով, երկու տարի առաջ մաս-մաս վերցրել է 1.640.000 դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար եւ գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար: Ըստ տուժողի, բացառությամբ Մոսկվա մեկնելու եւ նշված հանգամանքի շուրջ կատարված գրավոր հարցումից, իրավապաշտպանը որեւէ այլ գործողություն չի կատարել:

Նախաքննության ժամանակ Խ. Մարոզյանը ցուցմունք տալուց հրաժարվել է, իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատարանում ցուցմունք է տվել, եւ կրկին իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի ցուցմունքի, 2013թ. մարտին զանգել է իր վաղեմի ծանոթ Ս. Թորոսյանը եւ ասել, որ ցանկանում է հանդիպել իր հետ, խնդիրներ ունի: «Ասացի, որ կազմակերպությունում կան որակյալ իրավաբաններ եւ փաստաբաններ, որոնք կարող են իրավաբանական օգնություն ցույց տալ: Պայմանավորվեցինք հանդիպել կազմակերպությունում»,-ասել էր Խ.Մարոզյանը: Հանդիպմանը նրա կողքին եղել է փաստաբան Մ.Շիրինյանը, իսկ Ս. Թորոսյանը եկել է քրոջ` Ծ.Սիմոնյանի հետ:

Դատարանում տված ցուցմունքի համաձայն, Ս. Թորոսյանը պատմել է, որ քրոջ` Ծ.Սիմոնյանի ամուսինը` Ա. Սիմոնյանը, նրան բնակարանից վտարելու պահանջով 2013թ. հայց է ներկայացրել Արաբկիրի դատարան: Հայցի հիմքում դրվել է Ա. Սիմոնյանին եւ Ծ.Սիմոնյանին ամուսնալուծելու վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի վճիռը, որն, ըստ իրենց, կեղծ է, քանի որ Ծ. Սիմոնյանը 2003թ. Սուրգուտից չի բացակայել, ապրել է իր ամուսնու հետ նույն բնակարանում եւ ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճռի մասին տեղեկացել է միայն Արաբկիրի դատարանում առկա հայցադիմումից:
Երբ փաստաբան Շիրինյանն ուսումնասիրել է իրենց ներկայացված գործը, պարզել է, որ վճռի վրա բացակայում է գործի համարը, ինչն էլ կասկածներ է առաջացրել:

Եթե այդ կասկածը փարատվեր, դա նշանակում էր, որ Արաբկիրի դատարանը կմերժեր հայցը: Վճռի կեղծ լինելը կհաստատվեր գործի նյութերին ծանոթանալուց հետո միայն: Խ.Մարոզյանի տեղեկացմամբ, Մ.Շիրինյանն առաջարկել է Ծ.Սիմոնյանին մեկնել Սուրգուտ եւ դատարանից ստանալ գործի նյութերը, կամ լիազորել որեւէ մեկին այդ գործողությունները կատարելու համար: Ծ. Սիմոնյանը մի քանի օր հետո եկել է իրավապաշտպան կազմակերպության գրասենյակ, առաջարկել գնալ Սուրգուտ:
Խ.Մարոզյանի հաշվարկով գործուղման ծախսերը կկազմեր 4000 ԱՄՆ դոլար: Ս.Թորոսյանն առաջարկել է Մարոզյանին, որպեսզի նա գնա, այլ ոչ թե փաստաբան Շիրինյանը:

Ըստ գործի նյութերի, Խ. Մարոզյանը համաձայնել է եւ օրեր անց, երբ Ս. Թորոսյանից ստացել է 2000 ԱՄՆ դոլար գումարը, Ծ. Սիմոնյանի կողմից իր անվամբ տրված լիազորագիրը` վերալիազորման իրավունքով, Երեւան-Մոսկվա ինքնաթիռով մեկնել է Մոսկվա: Մոսկվայում Խ. Մարոզյանը հանդիպել է փաստաբանների հետ, ներկայացրել է խնդիրը, որից հետո վերալիազորել է փաստաբան Օկսանա Բուզինսկային, որպեսզի վերջինս Սուրգուտից ստանա ամունալուծության գործի նյութերը: Ս. Թորոսյանի առաջարկով Խ. Մարոզյանը վերադարձել է Հայաստան, իսկ Օկսանա Բուզինսկան ուղարկել է Սուրգուտի դատարանի վճռի պատճենը, որի վրա ձեռագրով նշված է եղել գործի համարը: Մարոզյանը ցուցմունք էր տվել, որ դրանից հետո վճռի կեղծ լինելու հանգամանքը պարզելու խնդրանքով դիմել է Սուրգուտ քաղաքի իրավապահ մարմիններին. «2013թ. աշնանը ստացա դիմումիս հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Սուրգուտ քաղաքի դատախազի որոշումը, որի մասին հայտնել եմ Ս. Թորոսյանին եւ նրան ասել, որ իրավունք ունեն բողոքարկելու այդ որոշումը»: Իրավապաշտպանի տեղեկացմամբ, Ս. Թորոսյանը դրանից հետո ասել է, որ ոչ մի բան անելու կարիք չկա, քանի որ Ծովինար Սիմոնյանի ամուսինը՝ Ա. Սիմոնյանը, հրավիրվել է ոստիկանություն, հարցաքննվել է եւ եկել է Հայաստան, ցանկանում է հաշտվել Ծովինարի հետ: Մի քանի ամիս անց Ս. Թորոսյանը պահանջել է վերադարձնել իրեն տված 4000 ԱՄՆ դոլարի մի մասը, սակայն ինքը հրաժարվել է:

Տուժող Սվետլանա Թորոսյանը, ըստ գործի նյութերի, դատաքննության ընթացքում ցուցմունք էր տվել: Նա իրավապաշտպան-ծանոթին տեսել էր հեռուստատեսային «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում եւ իր վրա լավ տպավորություն է թողել: Երբ քրոջ հետ կատարվածի կապակցությամբ հանդիպել են, իրենք ցույց են տվել ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի վճիռը եւ հարցրել՝ արդյոք կարո՞ղ են իրենց իրավական օգնություն ցուցաբերել. «Խ.Մարոզյանը ծանոթանալով վճռին՝ պատասխանել է, որ առկա են բազմաթիվ կեղծիքներ, այդ թվում՝ վճռի վրա բացակայել է համարը եւ անհրաժեշտ է որոշ պարզաբանումներ կատարել, որից հետո հնարավոր կլինի ճշտել վճռի իսկությունը, որի համար անհրաժեշտ է մեկնել Սուրգուտ: Ինքը համաձայնել է, իսկ Խ. Մարզոյանն ասել է, որ կհաշվարկեն ծախսերը, կորոշեն՝ ինքն է մեկնելու ՌԴ, թե Մ. Շիրինյանը եւ լրացուցիչ կհայտնեն: Հաջորդ հանդիպման ընթացքում Խ. Մարոզյանն ասել է, որ ինքն է մեկնելու Սուրգուտ՝ վճռի հիմքերը եւ օրինականությունը պարզելու»:

Ինչ վերաբերում է Մոսկվա մեկնելու պատմությանը, տուժողն ասել էր, թե Խ. Մարոզյանն իրեն հայտնել է, որ անձնական գործեր ուներ Մոսկվայում եւ խոստացել է իր անձնական գործերի հետ զբաղվել նաեւ իրենց գործով: ՌԴ-ում գտնվելու ժամանակ ինքը բազմաթիվ անգամներ զանգել է նրան, որպեսզի ճշտի, թե գործը ինչ փուլում է գտնվում, սակայն վերջինս խուսափել է տեղեկություններ տրամադրելուց, ասելով, որ ամեն ինչ նորմալ է ընթանում եւ վերադառնալուց հետո կպատմի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930