Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարի. «Դուք մինչեւ ինձ չգնդակահարեք, ես չեմ լռելու». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2015 19:45

Դատավորը Գասպարիին խնդրում էր կոռեկտ արտահայտվել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 16-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր քննվել Վարդգես Գասպարիի գործը:

Դատական նիստի ընթացքում Վարդգես Գասպարին հայտարարեց՝ եթե լքի դատական նիստը կամ ցանկացած դեպքում բացակայի դատական նիստից, իր պաշտպաններից որեւէ մեկը լիազորված չէ ներկա գտնվել եւ պաշտպանել իր շահերը: Դատավոր Նելլի Բաղդասարյանը նշեց, որ իրավունքները եւ պարտականությունները բացատրելիս նաեւ ասվել է այն հանգամանքը, որ Գասպարին իրավունք չունի խոչընդոտել դատական նիստին, չենթարկվել նախագահող դատավորի օրինական կարգադրություններին: Նա հավելեց, որ եթե նման վերաբերմունք դրսեւորվի, ապա դատարանը հարկադրված կլինի Գասպարիի նկատմամբ կիրառել դատական սանկցիա:

«Խնդրում եմ նշեք՝ ո՞ր փուլում եմ գնդակահարվելու»,- հետաքրքրվեց Գասպարին, սակայն նրա հարցն անպատասխան մնաց:

Դատական նիստի ընթացքում Գասպարիի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը դատարանին ներկայացրեց կողմի՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը: Վարդգես Գասպարին այդ կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը դատավորի հարցին, թե արդյոք հարցուպատասխան է եղե՞լ իր ու Գասպարիի միջեւ, պատասխանել է՝ ո՛չ, սակայն վկաները պնդել են, որ հարցուպատասխան եղել է, Գասպարին էլ հայտարարել է, որ Սոնա Մելիքյանը ստում է:

«Ես անձամբ այդպիսի պահանջով Ձեզ չեմ դիմում: Դուք այստեղ ինքնաբացարկ անելու բան չունեք, դուք չէ, որ որոշում եք: Դուք կգնաք խորհրդակցական սենյակ, Ձեզ ինչպես ասեն, այնպես էլ կանեք: Եվ քանի որ …»,- սակայն Գասպարիին ընդհատեց դատավորը՝ խնդրելով կոռեկտ լինել արտահայտություններում եւ արտահայտել դիրքորոշումը ինքնաբացարկի վերաբերյալ:

Գասպարին պատասխանեց. «Շատ կոռետ, դուք՝ դատավորներդ ընդամենը իշխող ռեժիմի կույր գործիքն եք: Ես դրանից չեմ վրդովվի, որ Դուք ինձ իմ իրավունքներից զրկեք, որովհետեւ դա արել եք բազմաթիվ դեպքերում եւ ավելի կոպտորեն, ես հիշեցնում եմ Ձեզ, եթե Դուք փոքր-ինչ ինքնասիրություն ունենայիք …»:

Դատավորը կրկին ընդհատեց նրան եւ խնդրեց կոռեկտ լինել եւ հայտնել դիրքորոշումը միջնորդության հետ կապված, հակառակ դեպքում՝ դատարանը կարող է հետաձգել դատական նիստը կամ սանկցիա կիրառել:

«Ես մոտավորապես ծանոթ եմ այն սանկցիաների հետ, որոնք դուք կարող եք կիրառել, մասնավորապես՝ իմ տան առաջ թրիք բերել, ես դա գիտեմ, դուք կարող եք անել»,-եղավ Գասպարիի պատասխանը: Նելլի Բաղդասարյանը խնդրեց քրեական գործի շրջանակներում արտահայտվել:

«Դուք ուզո՞ւմ եք ձեւացնել, որ սա դատարան է, ո՛չ գործիք է»,- բացականչեց Գասպարին: Դատավորը կրկին հայտարարեց, որ եթե Գասպարին այսպես շարունակի, ապա հարկադրված է լինելու սանկցիա կիրառել:

«Դուք մինչեւ ինձ չգնդակահարեք, ես չեմ լռելու: Ամոթ Ձեզ»,- բացականչեց Գասպարին եւ դուրս եկավ դատական նիստերի դահլիճից:

Դատական նիստը ընդմիջվեց:

Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Գասպարիին 2014թ. ապրիլի 7-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետևյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավականա մարդասպաններին ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարիա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետևյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց, քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում» «Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930