Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները ՀՀ անկախության 24-րդ տարում

Սեպտեմբեր 20,2015 13:50

* Զեկուցումը ներկայացվել է Միջազգային և ազգային հայկական ինստիտուտի՝ սեպտեմբերի 19-ին կայացած փորձագիտական կլոր սեղանի ժամանակ: Ներկայացվում է որոշ կրճատումներով:

 

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

 

1.Հայաստանի Հանրապետության անկախության
երկու գլխավոր փաստաթղթերը որպես պետական ուղենիշներ
Համաձայն 1990 թ. օգոստոսի 23-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի Անկախության Հռչակագրի՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները» («ՀՀ Գերագույն խորհուրդ», Եր., 1995թ. էջ 14): Մեկ տարի անց կայացած 1991 թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի Անկախության հանրաքվեի արդյունքները պատմական և նշանակալի էին բոլոր առումներով:

Քսանչորս տարի առաջ այս օրերին Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ էր. անկախության հանրաքվեի մոտալուտ օրը՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ը, դարձել էր համահայաստանյան հասարակական-քաղաքական խանդավառության օր, դեպի որը ընթանում էր Խորհրդային Հայաստանի բնակչությունը: Ըստ Հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի՝ հանրաքվեին մասնակցել էին իրավունք ունեցող քաղաքացիների 95,4 տոկոսը: Հանրաքվեի հարցադրմանը «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ՝ԽՍՀՄ կազմից դուրս», «Այո» էին քվեարկել 94,39 տոկոսը: «Ոչ»՝ 10.002 էր՝ 0,46 տոկոսը, անվավեր ճանաչված քվեաթերթիկները 0,19 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների մեծ մասը պարունակում էր խանդավառ արտահայտություններ, շրթներկի հետքեր: Հանրաքվեին հրավիրվել էին 117 դիտորդ՝ 25 երկրներից: Սեպտեմբերի 21-ի Հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Գերագույն խորհուրդը սեպտեմբերի 23-ի նիստում ընդունեց Հայաստանի անկախության հռչակման մասին հետևյալ պատմական որոշումը.

«Հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին հռչակագրին,
հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման նորմերի վրա,
նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ,
հիմք ունենալով 1991թ. սեպտեմբերի 21-ի ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները,

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն» (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ, Եր., 1995 թ. էջ 19):

Հայաստանի նորագույն շրջանի պատմության ընթացքում այս երկու պատմական փաստաթղթերը՝ Օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագիրը և Գերագույն խորհրդի սեպտեմբերի 23-ի որոշումը, որոնք ընդունվել են հասարակական խանդավառության, միջազգային վստահության, քաղաքական նոր իրողությունների, բարձր ներկայացուցչականության պայմաններում, այդ փաստաթղթերը առանցքային, հիմնարար, ծրագրային, ուղենշային դեր և նշանակություն ունեն Հայաստանի պետականության և հասարակության համար: Այս փաստաթղթերի գործողությունը, իրավունակությունը, քաղաքական դերակատարումը անվիճելի են, դրանք արհամարհելու, ոտնահարելու յուրաքանչյուր քայլ առաջ է բերում ոչ միայն բարոյական, քաղաքական, հանրային, այլև նախևառաջ՝ իրավական պատասխանատվություն:

Անկախ ժողովրդավարական պետությունը ինքնանպատակ չէ. այն տվյալ տարածքում հասարակության ինքնակազմակերպման, ազատ ընտրությունների անցկացման, ներկայացուցչական հաստատությունների ձևավորման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման, երկրի անվտանգության, տարածքային անձեռնմխելիության երաշխավորման բարձրագույն ձև է, որը պետությունը, ՄԱԿ անդամ դառնալով և միջազգային սուբյեկտի կարգավիճակի ձեռք բերելուց հետո դառնում է միջազգային հանրության լիիրավ անդամ՝ իրավունք ստանալով կառուցել անկախ և միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետություն՝ ներքին և արտաքին, տնտեսական քաղաքականության մեջ որոշումներ կայացնելու ինքնուրույնությամբ, անվտանգության ապահովման, երկրի տարածքային ամբողջականությունը և պետական սահմանները պաշտպանելու իրավունակությամբ: Նման նվաճումից և հեռանկարից աշխարհում հատուկենտ ժողովուրդներ են հրաժարվել:

1991 թ. սեպտեմբերի 23-ի նիստում Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին» ուղղված ուղերձ, ուր մասնավորապես ընդգծվում էր.

«Խոհեմաբար յուրացնելով առաջադեմ պետությունների փորձը՝ մենք պետք է կարողանանք պահպանել և հարստացնել մերը: Այո՛, մենք գնում ենք դեպի համայն մարդկության ընտանիք, բայց արդեն մեր դրոշի ներքո, մեր անկախ պետականության և մեր ազգային սեփական դիմագծով: Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ: Դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար»:

Այսօր՝ 24 տարի անց մենք ցավով, ամոթով, ափսոսանքով, դառնությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը անկախության քննությունը չբռնեց՝ իր պատմության մեջ որերորդ անգամ գերադասելով և ընդունելով օտար երկրի տիրապետությունը:

2.Հայաստանի անկախության և ինքնիշխանության սպառնալիքները

Այսօր հաճախ կարելի է հանդիպել պնդումների, թե եթե այսօր հանրաքվե անցկացվի Հայաստանը ԽՍՀՄ-ի (իմա՝ Ռուսաստանի) կազմ վերադարձնելու մասին, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ, ապա ՀՀ բնակչության մեծամասնությունը «կողմ» կքվեարկի: Այս պնդումները հերքելու կամ հաստատելու գործը կարելի էր վստահել հայ սոցիոլոգներին, եթե իհարկե, սոցիոլոգիայի հանդեպ Հայաստանում վստահություն լիներ: Միաժամանակ պարզ է, որ 24 տարի առաջ Հայաստանի անկախությանը «դեմ» քվեարկած 10002 մարդն այժմ զգալիորեն ավելացրել է իր համախոհների թիվը:

Հայաստանի անկախացումից 24 տարի անց ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության մարտահրավերները երբևէ այսքան իրական, վտանգավոր, սպառնալից չեն եղել, ինչպես այսօր: Օրինաչափ հարց է առաջանում՝ ինչու՞ Հայաստանի անկախությանը «կողմ» քվեարկած քաղաքացիներն ի զորու չեղան սատար կանգել, պաշտպանել երկրի անկախությունը ներքին և արտաքին վտանգներից, Հայաստանի անկախության և ինքնիշխանության ներքին և արտաքին հակառակորդներից:
Քաղաքականության մեջ, ինչպես և բնության մեջ, ոչինչ անհետևանք չի անցնում, և Հայաստանի ներքին և արտաքին յուրաքանչյուր ձախողում՝ կուտակվելով՝ մեծացնում է Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերների աստիճանը:

Անհնար է պնդել, թե Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները միայն արտաքին քաղաքական պատճառներ և բնույթ ունեն: Հայաստանի ներքին քաղաքականությունը, որպես կանոն, միշտ թելադրել է արտաքին քաղաքականության քայլերն և ուղեգիծը:
ՀՀ ինքնիշխանության մարտահրավերները պայմանավորված են երկու՝ ներքին և արտաքին գործոններով, որոնք ունեն նաև իրենց բաղադրիչները:

Պատմական-աշխարհագրական բաղադրիչ: Պատմականորեն Հայաստանը եղել, համարվել և ընկալվել է որպես ռուսական տարանուն կայսրության ազդեցության գոտի: 1813 թ. հոկտեմբերի 24-ի Գյուլիստանի պայմանագրով Հայաստանը վերածվեց Ռուսաստանի հավերժական միջնաբերդի՝ ֆորպոստի, որի կարգավիճակից չի կարողանում ազատվել արդեն 200 տարի: Հայ հասարակական-քաղաքական միտքը պատմական այս բաղադրիչը մեծապես պայմանավորվել է Հայաստանի աշխարհագրական դիրքով: Մինչդեռ առավել իրատեսական և նախաձեռնողական արտաքին քաղաքականության դեպքում Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող էր մեծապես նպաստել Հայաստանի անկախության ամրապնդմանը, խաչմերուկում լինելու հանգամանքը կարող էր նպաստել, ոչ Հայաստանում հատվեին հատվել Արևելքի և Արևմուտքի քաղաքական հետաքրքրությունները և շահերը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների հավասարակշռությունը: Ահաբեկելով Հայաստանի հասարակությանը մահմեդական հարևանների գոյությամբ՝ հայ քաղաքական առաջնորդները զրկել են Հայաստանի ժողովրդին սեփական ուժերին ապավինելու կարևոր գիտակցումից՝ դրանով իսկ վախ սերմանելով երկրի ինքնիշխանության հանդեպ: Այսօրինակ արատավոր մոտեցումը և մտածելակերպը հայ ժողովուրդը իր նորագույն պատմության ընթացքում միայն մեկ անգամ հաղթահարեց՝ ղարաբաղյան Շարժման և դրան հաջորդող մի քանի տարիներին, սակայն հայ ժողովուրդը իր պատմության այդ էջը փակել է:

Հայաստանի ինքնիշխանության հնարավոր կորստի պատմական բաղադրիչը նաև ընդգծված գաղափարախոսական բնույթ է կրում, որն ամփոփված է «հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսի մեջ:

Պատմականորեն ձևավորված հաջորդ արգելքը, որ կանգնած է այսօրվա Հայաստանի առջև, իր քաղաքական ճակատագիրը Ռուսաստանով պայմանավորելն է, իր ՛շահերը Ռուսաստանից ածանցելը: Այսօր Երևանն իր շահերը մշտապես ստորադասում է օտար պետության՝ Ռուսաստանի շահերին արդեն ՀՀ արտաքին գործերի նախարարի մակարդակով: Վկան՝ նրա վերջին հարցազրույցը բրիտանական BBC ռադիոկայանին:
Հայաստանի ինքնիշխանության հաջորդ մարտահրավերը քարոզչական է: Հայաստանի անկախությունից ի վեր բոլոր դժվարությունները, որոնք հիմնականում պայմանավորված էին ղարաբաղյան պատերազմով և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի փլուզմամբ, նաև՝ մեծացող սոցիալական անարդարությամբ, այս ամենը հասարակությանը մշտապես մատուցել են որպես անկախության անխուսափելի հետևանքներ: Այդ քարոզչությունը ետխորհրդային Հայաստանի այս 24 տարիների ընթացքում իրականացրել են անդադար՝ ԶԼՄ-ները, հասարակական-քաղաքական գործիչները, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձիք: Ռուսական ազդեցության գործակալների լայն ցանցը Հայաստանում երկրի անկախացումից ի վեր այդ անկախության դեմ լայնածավալ և անկանգ հակաքարոզչությունն է իրականացնում, որի հետևանքով Հայաստանի բոլոր արատավոր երևույթների, ձախողումների, ապօրինությունների մեղավոր հռչակվեց Անկախությունը: Այսօրինակ քարոզչությունը բարոյահոգեբանական ավերներ թողեց հասարակական գիտակցության մեջ՝ խեղելով հանրային չափորոշիչները և ընկալումները: Անկախությունն աստիճանաբար ընկավեց որպես չարիք, որից պետք է ազատվել:

Այսօրինակ կենսակերպն ու մտածելակերպն առաջ բերեց երրորդ՝ բարոյահոգեբանական բաղադրիչը: Հայ ժողովրդին մշտապես ներարկելով «մենք փոքր ենք», «մեր երկրի չափերը փոքր են», «մեզնից բան չի կախված», «մենք ոչինչ չեն կարող որոշել աշխարհում, մեր փոխարեն արդեն որոշել են» մանիպուլյացիան մտածելակերպը՝ անկախության հակառակորդներին հաջողվեց դրանք վերածել հանրային կարծրատիպերի, թեպետ դրանք ընդամենը մանիպուլյացիան միֆեր են:

Քաղաքական բաղադրիչ: Հաջորդ մարտահրավերը, որ 1995 թ. ի վեր դարձել է Հայաստանի ինքնիշխանության իրական սպառնալիք, պարբերաբար ընտրակեղծիքներով, բռնարարքներով ուղեկցվող ընտրություններն են, որոնց արդյունքները ձևավորել են ոչ լեգիտիմ իշխանություն: Յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմությունը ավելի խոցելի է դարձրել Հայաստանի դիրքերն արտաքին աշխարհում, մեծացրել խզումը հասարակության և պետության միջև՝ դրանով իսկ էապես թուլացրել հանրային վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ, ստիպել է իշխանություններին զիջման գնալ արտաքին գործընկերների հետ այնպիսի հարցերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար: 1995 թ. մինչև 2013 թվականը հայաստանյան կեղծված բոլոր ընտրությունները դամոկլյան սրի նման կախված են եղել Հայաստանի ինքնիշխանության գլխին: Ընտրություններին նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում պաշտոնական Երևանի ընդունած արտաքին քաղաքական որոշումները, փաստաթղթերը, քաղաքական համաձայնությունները աստիճանաբար վերածվել են իրական սպառնալիքի Հայաստանի համար: Այսպես:

Ընտրակեղծիքներով և բռնարարքներով ուղեկցվող 1995 թ. հուլիսի 5-ի ԱԺ ընտրություններից և Սահմանադրության հանրաքվեից մի քանի ամիս առաջ՝ 1995 թ. մարտի 16-ին, պաշտոնական Երևանը՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, կնքեց, ապա և խորհրդարանական վավերացման ներկայացրեց «ՀՀ տարածքում ռուսական ռազմական հենակետերի մասին ՌԴ և ՀՀ միջպետական պայմանագիրը», որով ՌԴ ռազմական միավորումները Հայաստանի տարածքում ձեռք բերեցին ռազմական հենակետերի կարգավիճակ, և Հայաստանի հարավային սահմանների վերահսկողությունը 25 տարով անցավ ռուսական կողմին:

2008-2009 թթ. աղմկահարույց ընտրություններից հետո, 2010 թ. օգոստոսի 20-ին ՌԴ նախկին նախագահ Դ. Մեդվեդևի` Երևան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց Հայ-ռուսական Մեծ պայմանագրի թիվ 5 Արձանագրությունը, որով Հայաստանում ռուսական ռազմահենակետերի տեղակայման ժամկետը երկարաձգվեց 49 տարի:

2013 թ. փետրվարի ՀՀ նախագահի կեղծված ընտրություններից մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանը միանալու Երևանի պատրաստակամության մասին՝ դրանով իսկ մեկեն հրաժարվելով ԵՄ Ազատ և համապարփակ առևտրի և Ասոցացման պայմանագրերի նախաստորագրումից, որի շուրջ բանակցություններն ընթանում էին չորս տարի անընդմեջ: 2013 թ. նոյեմբերի 28-ին Վիլնյուսում Մոսկվայի դրդմամբ Երևանը հրաժարվեց ԵՄ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի նախաստորագրումից:

Երևանի քաղաքական այս ընտրությունը ամրապնդվեց 2014 թ. մայիսին Աստանայում ստորագրված ԵՏՄ կազմավորման փաստաթղթով: Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց 2014 թ. դեկտեմբերի 4-ին՝ «Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ միանալու մասին» որոշման ընդունմամբ:

1995 թ. կնքած Հայ-ռուսական Մեծ պայմանագիրը չփրկեց Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա քաղաքական թիմին, թիվ 5 արձանագրությունը և ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունի չի փրկելու նաև Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական թիմին: Սակայն ձևավորվեց Հայաստանի ինքնիշխանության մյուս վտանգը, որն աստիճանաբար վերածվեց իրական սպառնալիքի Հայաստանի անկախության համար: Դա ՀՀ ինքնիշխանության արտաքին մարտահրավերների կամ արտաքին գործոնի ռազմաքաղաքական բաղադրիչն է:

Հայաստանն այժմ տարածաշրջանի միակ երկիրն է, ուր տեղակայված են ռուսական զինուժը և զինտեխնիկան: Չնայած հայ-ռուսական մեծ պայմանագրին՝ Ռուսաստանը չի դադարում զենք վաճառել Ադրբեջանին՝ շարունակելով տարածաշրջանի միլիտարիզացիան, ինչը լրջորեն վտանգում է խաղաղությունը տարածաշրջանում և ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման փոքր հնարավորությունը:

Հայաստանի ինքնիշխանության ռազմաքաղաքական բաղադրիչն ամբողջանում է ղարաբաղյան հիմնախնդրի առկայությամբ և պատերազմի մշտական սպառնալիքներով:
ՀՀ ինքնիշխանության գլխին կանգնած հաջորդ մարտահրավերը կամ ներքին գործոնի հաջորդ քաղաքական բաղադրիչը Հայաստանում պառլամենտարիզմի աննախադեպ նահանջն է, դրա փաստացի չգոյությունը: Խորհրդարանը, որպես ներկայացուցչական հակակշիռ, չի իրացնում իր գործառույթները և պարտականությունները, այնտեղ չկան քաղաքական քննարկումներ երկրի քաղաքական մարտահրավերների, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական դրության, արտագաղթի, պետբյուջեի պարբերական մսխումների շուրջ: ՀՀ Ազգային ժողովը փաստացի վերածվել է գործադիր իշխանության օրենսդրական նախաձեռնությունների դակիչի: Պառլամենտարիզմի բացակայությունը հնարավոր դարձրեց ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, որին 2014 թ. դեկտեմբերի 4-ին «դեմ» քվեարկեց միայն յոթ պատգամավոր: Պառլամենտարիզմի բացակայությունը հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումներ կայացնել Հայաստանի քաղաքական ներկայի և ապագայի շուրջ:

Ինքնիշխանության սպառնալիքի քաղաքական բաղադրիչն ամբողջանում է նաև՝
– ՀՀ կուսակցությունների և քաղաքական հոսանքների՝ ռուսական կողմնորոշմամբ,
– Հայաստանում ռուսական ազդեցության գործակալների ցանցով,
– ՀՀ անվտանգության մարմինների՝ ժամանակ առ ժամանակ Մոսկվայից ուղղորդվող գործունեությամբ:

Հասարակական բաղադրիչ: ՀՀ ինքնիշխանության հասարակական սպառնալիքներից ամենալուրջը Հայաստանից արտագաղթի ծավալների աննախադեպ աճն է, հատկապես՝ Հայաստանից Ռուսաստան:

Հասարակական հաջորդ բաղադրիչը կոռուպցիայի և կաշառակերության բարձր ռիսկային մակարդակն է: Հասարակական մյուս բաղադրիչը Հայաստանում պետական լեզվի՝ հայերենի դիրքերի էական թուլացնում է:

ՀՀ ինքնիշխանության հաջորդ մարտահրավերը արտաքին քաղաքական է, այն է՝ հայ-թուրքական սահմանադռան փակ լինելու հանգամանքը, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հայ-թուրքական միջպետական հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ գրեթե թշնամական դիրքորոշումը Հայաստանն ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ է դնում երրորդ երկրից՝ Ռուսաստանից: Ըստ այդմ՝ Հայաստանի ապաշրջափակումը, հայ-թուրքական միջպետական հարաբերությունների հաստատումը, Թուրքիայի քաղաքական վերաբերմունքի փոփոխությունը և ժխտողական քաղաքականության վերանայումը Ցեղասպանության հարցում կարող են մեծապես նպաստել Հայաստանի ինքնիշխանության ապահովմանը:

Դրանից բխում է ՀՀ ինքնիշխանության մյուս սպառնալիքը Հայաստանի անվտանգության ապահովումը երրորդ երկրով, տվյալ դեպքում Ռուսաստանով պայմանավորելու՝ Հայաստանի հասարակության և իշխանության մտայնությունն է: Սեփական ուժերին ապավինելու փոխարեն, հայկական զինված ուժերի բարեփոխման, արատավոր բարքերի և երևույթների վերացման փոխարեն Հայաստանն իր անվտանգությունը պայմանավորում է մի երկրով, ով զենք է վաճառում հակառակորդ Ադրբեջանին:

ՀՀ ինքնիշխանության լրջագույն սպառնալիքի է վերածել արտաքին քաղաքական հաջորդ բաղադրիչը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ռուսական տնտեսությանը և քաղաքականությանը Հայաստանի սերտաճումը լրջորեն վտանգել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները: Արտաքին աշխարհում Ռուսաստանի դրդմամբ Հայաստանը հանդես է գալիս Ռուսաստանի շահերի պաշտպանությամբ այն դեպքում, երբ շահերն այժմ հակադրվում են միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի նորմերին և փաստաթղթերին: Գտնվելով Մոսկվայի շահերի սպասարկման կիզակետում՝ Հայաստանը գիտակցաբար իր վրա է կրում այն բոլոր հարվածները, որոնք ստանում է Ռուսաստանը՝ միջազգային բարձրագույն ատյաններում պաշտպանելով Ռուսաստանի մերժելի դիրքորոշումները և գործողությունները: Ըստ այդմ, Հայաստանի ինքնիշխանության գլխին կանգնած մյուս սպառնալիքը դառնում է Հայաստանի միջազգային մեկուսացումը: Այսօր Երևանը լրջորեն վտանգում է այնպիսի կարևոր գործընկերների հետ հարաբերությունները, ինչպիսին են Վրաստանը, Ուկրաինան, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ:

Հայաստանի ինքնիշխանության մյուս սպառնալիքը բխում է տնտեսական բաղադրիչից, որը դարձյալ պայմանավորված է Ռուսաստանով: 2002թ. Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՀՀ 100 մլն դոլար պետական պարտքի դիմաց ՀՀ 5 ձեռնարկություններ հանձնեց ՌԴ-ին որպես սեփականություն: 2013 թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում Պուտինի այցի ընթացքում ստորագրվեցին 12 փաստաթղթեր, որոնցից մեկով ՀՀ կառավարությունը «Գազպրոմին» զիջեց «Հայռուսգազարդում» ՀՀ բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը:

Ռուսաստանի ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային ներխուժումը Հայաստան ամբողջացավ: Ինտերվենցիան (լատ. interventio)՝ (թարգ.՝ ներխուժում, միջամտություն) մեկ կամ մի քանի պետությունների բացահայտ կամ քողարկված միջամտությունն է մեկ այլ պետության ներքին գործերին՝ ուղղված նրա տարածքային ամբողջականությանը կամ քաղաքական անկախությանն ու ինքնիշխանությանը: Ներխուժումը կարող է լինել ռազմական, տնտեսական, դիվանագիտական: Միջազգային իրավունքն արգելում է ինտերվենցիան բոլոր տեսակներով (Большой юридический словарь, М., 2010, стр. 278):
Ռուսական ներխուժումը Հայաստան ավարտին հասցրեց Սերժ Սարգսյանը: Սա իշխանության զանցառում է, իրավունքների գերազանցում,, որն առաջացնում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական հետեւանքներ:

Հայաստանի անկախության և ինքնիշխանության ինքնալուծարման այս աղետալի գործընթացը կարող է անկասելի դառնալ, եթե մենք՝ ՀՀ քաղաքացիներս, չկանգնեցնեք այն: Դա մեր անօտարելի իրավունքն է: Նույնքան անօտարելի իրավունքը, որքան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անկախությունը, և ինքնիշխանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930