Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կարող ենք սովորել չինացիներից

Սեպտեմբեր 24,2015 10:04

Չկան աշխարհում ազգեր կամ անհատներ, որոնցից մնացած անհատներն ու ազգերը ոչինչ չունեն սովորելու։ Ես, համենայնդեպս, այդ նախատրամադրվածությամբ եմ շփվում թե անհատների, թե այլազգիների հետ։ Ակնհայտ է, որ չինացիներն այն մարդիկ են, որոնց բնավորության շատ գծեր կարող են մեզ համար ընդօրինակելի լինել։ Հայաստանում, հավանաբար, շատերն են հանդիպել նրանց՝ Երեւանում կան չինացի ուսանողներ, մեր ընկերությունների կողմից Չինաստանից գնված տեխնիկան որոշ ժամանակ սպասարկում են նրանց մասնագետները։ Այդ ազգի ներկայացուցիչները աշխատասեր են եւ բարեհամբույր, նրանց երիտասարդները պարզապես տենչում են նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել։

Չինաստանում հայտնվելով՝ այդ գովելի հատկանիշների հետ մեկտեղ ես հայտնաբերեցի եւս մեկը, որը գուցե թվարկածների հիմքն է՝ ներքին խաղաղությունը, հանգստությունը, կասեի նույնիսկ՝ ներքին թեթեւ ժպիտը։

Այդ երկիրը ձեւով կոմունիստական է, բայց, ինձ թվում է, բովանդակային առումով թե՛ ազգային հոգեբանության եւ թե՛ կառավարման համակարգի արմատները շատ ավելի խորն են, դարավոր շերտերի մեջ են, ոչ թե ընդամենը 19-րդ դարում Եվրոպայում ծագած ուսմունքի մեջ։ Եվ գուցե իրենց հինավուրց մշակույթի հիմնական տարրերը պահպանելով եւ զարգացնելով են չինացիները տնտեսապես հզոր երկիր ստեղծել, աշխարհի երկրորդ տնտեսությունը։

Ես Չինաստանում էի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովի շրջանակներում, որին մասնակցում էին 60 երկրների լրատվամիջոցների ղեկավարներ։ Մի քանի տարի առաջ այդ երկրի ղեկավարությունը առաջ էր քաշել Մետաքսի ճանապարհի ժամանակակից վերաիմաստավորման ծրագիր, որն ունի առաջին հերթին տնտեսական, բայց նաեւ՝ քաղաքական, մշակութային եւ, կարելի է ասել՝ քաղաքակրթական բնույթ։ Կասկած չունեմ, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունն այդ ծրագրին մեզ միայն օգուտ կբերի։
Այդ երկրում իսպառ բացակայում են Արեւմուտքում ընդունված ժողովրդավարական ազատությունները, եւ Չինաստանի ներքին կյանքի կազմակերպման այդ բացասական գծերը, բնականաբար, պետք չէ ընդօրինակել։ Բայց արտաքին աշխարհի համար այդ երկիրը բաց է եւ հանդուրժող, եւ Մետաքսի ճանապարհի գաղափարը հիմնված է հենց այդ փիլիսոփայության վրա։ «Երբ բախվում են քարերը, կայծեր են առաջանում, երբ բախվում են գաղափարները, առաջանում է իմաստություն»՝ ժողովրդական այդ իմաստությունը համաժողովի բացման ժամանակ հիշեցրեց Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Եվ իսկապես, համաժողովի ընթացքում ոչ մի «գրաքննություն» չկար՝ ամերիկացիները, աֆրիկացիները, եվրոպացիները, տարածաշրջանի ազգերի ներկայացուցիչներն ասում էին այն, ինչ մտածում են։

Բայց ինձ վրա մեծ տպավորություն են թողնում առաջին հայացքից մանր թվացող դետալները։ Համաժողովում «ռայկոմի քարտուղարները» ներկայացնում էին իրենց մարզերի տնտեսությունը, պատմությունը, մշակույթը (օրինակ, մեկն ասում էր՝ մեր մարզը համեմատաբար փոքր է՝ ընդամենը 35 միլիոն բնակիչ)։ Դա ինքնին հետաքրքիր էր, բայց առավել հատկանշական էր, թե ինչպես էին նրանք ամբիոնին մոտենալուց առաջ գլուխ տալիս լսարանին՝ միաժամանակ ե՛ւ շատ հարգալից, ե՛ւ շատ մեծ արժանապատվությամբ։
Նաեւ շատ գեղեցիկ բան նկատեցի կիրակի երեկոյան Պեկինի Ազգային պարկում. երիտասարդների բազմաթիվ խմբեր երգում էին, պարում (առանց «հայրենասիրական» միտինգների), մարզվում էին, եւ այդ ամենը՝ շատ կազմակերպված եւ մեծ նվիրումով։
…Համաժողովի ժամանակ եվրոպացիներից մեկն ասաց, որ Չինաստանը գերտերություն է, բայց չինացի գործընկերն առարկեց՝ մենք գերտերություն չենք, մենք շարունակում ենք մնալ զարգացող պետություն։ Չինացիները նաեւ համեստ են։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Մի ջղագվի, սիրելիս։ Եվ մի փորձիր Չինաստանից «սովորել» այնպիսի բաներ, ինչը չի հակասում Եվրասիական միության հետ՝ Հայաստանի ստորագրած պայմանագրին։ Քանի անկախությունդ չես նվաճել, միակ տեղը որտեղից քեզ թույլատրված է ինչ-որ բան սովորել՝ Ռուսաստանն է։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930