Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնադատաստաննե՞րն են, որ պակասություն են անում մեր կյանքում. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 24,2015 11:53

Սմբատ Հակոբյանը վերջին մոտ մեկ տարում հասարակական ակտիվություն է դրսեւորում, հանդես է գալիս իշխանություններին խիստ ընդդիմադիր դիրքերից: Եվ նման պայմաններում, համոզված ենք, իրավապահ մարմինները կրկնապատկված ջանքեր պիտի գործադրեն հանցագործությունն ու հանցագործներին բացահայտելու համար: Պատահական չէ, որ Սմբատ Հակոբյանի վրա կատարված այդ սանձարձակ հարձակման մասին հայտնի դառնալուց վայրկյաններ անց ընդդիմադիր կամ հակաիշխանական տարբեր շրջանակների եւ կուսակցությունների ներկայացուցիչներ ինչ ասես, որ չսկսեցին ասել:

Մի կողմից այդ կայծակնային մեղադրանքների ու գնահատականների դրսեւորումը կարծես «շղթայի մեջ» է. հարձակման ենթարկվելուց րոպեներ առաջ Սմբատ Հակոբյանը ՀՀԿ-ի դեմ երթի է մասնակցել, հակաիշխանական բնույթի ելույթ է ունեցել, եւ բանն այնպես էր ներկայացվում, որ դրա հետ կապված՝ մի քանի հոգի նրան հետապնդել ու դաժանորեն խփել են: Բայց անկախ նրանից, թե իշխանությանն ով ինչպես է վերաբերվում, ամեն ինչ մի տեսակ շատ ուղղագիծ է։

Ի վերջո, իշխանությունների հասցեին եթե ոչ ամեն օր, ապա հաճախակի շատ ավելի թունդ ու ծանր մեղադրանքներ են հնչեցնում նաեւ բազմաթիվ այլ՝ հայտնի ու այդպիսով հայտնի դառնալ ցանկացող տարբեր քաղաքական ու մերձքաղաքական դեմքեր:
Ի վերջո, հնարավոր է՝ ինչ-որ անձինք կոնկրետ ինչ-որ խնդիր են ունեցել Սմբատ Հակոբյանի հետ: Համենայն դեպս առանց ծանրակշիռ ապացույց կամ փաստ ունենալու չարժե շտապել այս դատապարտելի բռնության դեպքը քաղաքականացնելու հարցում: Կարծում ենք, նախ արժե սպասել քննության արդյունքներին: Ի վերջո, եթե վաղը հանկարծ պարզվի, որ այս ամենը Սմբատ Հակոբյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ կապ չունի՞: Կարո՞ղ է, չէ՞, հանկարծ նման բան պարզվել:

Ոչ պակաս ուշադրություն է գրավում Սմբատ Հակոբյանի մարտական ընկերների, «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության այլ ներկայացուցիչների, ի դեպ, միանգամայն հարգելի ազատամարտիկ-հրամանատարների արձագանքը: Մարդիկ, օրինակ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, հարձակվողներին ինքնադատաստանի ենթարկելու եւ նման տրամադրությունների մասին էին խոսում: Ու միայն նա չէ, ուղղակի արտահայտվողների մեջ նա հանրությանն ամենից հայտնի կերպարներից է:

Մեկ այլ ազատամարտիկ՝ Ռազմիկ Պետրոսյանն էլ հայտարարել է, թե իրենք երդվել են, որ հետամուտ են լինելու այս հանցագործության բացահայտմանը, եւ եթե իրավական ճանապարհով հարցը չլուծվի, ապա իրենք իրենց ձեւով կտան դրա պատասխանը:
Լավ, ի՞նչ ինքնադատաստանի մասին է խոսքը: Որքան էլ որ մարդկայնորեն հասկանալի լինի մարդկանց վրդովմունքն ու զայրույթը՝ իրենց ընկերոջ վրա, կարելի է ասել՝ դարանակալ հարձակման ու նրան արնակոլոլ անելու փաստի հետ կապված, միեւնույն է, ի՞նչ ինքնադատաստանի մասին է խոսքը: Առհասարակ, եթե վրեժխնդրության մեջ են մարդիկ տեսնում խնդրի լուծումը, ապա գնում ու վրեժ են լուծում, առանց զանազան հայտարարություններ անելու: Մանավանդ լրագրողների ու կայքերի միջոցով հայտարարելու:

Այդ դեպքում անհասկանալի է, թե էլ ինչու են դիմում իրավապահ մարմիններին: Գիտե՞ք, վստա՞հ եք՝ ովքեր են, գնացեք, ինչպես ասում եք՝ ինքնադատաստանեք: Բայց դա ելք չէ, որովհետեւ ի՞նչ իմանաս, որ հիմա էլ այդ ինքնադատաստանվածների ինչ-որ մի մտերիմ կամ ազգական էլ իր հերթին պատասխան ինքնադատաստանի մղումներ չի ունենալու, հետո՝ էլի այս մի ինքնադատաստանողները նրանց հանդեպ, հետո էլի՝ այս մյուս խումբը այն մեկի հանդեպ եւ այդպես շարունակ: Հետո՞:

Ինքնադատաստաննե՞րն են, որ պակասություն են անում մեր կյանքում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930