Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գնդակոծությունների պատճառով խաղողը գիշերն են քաղում

Սեպտեմբեր 24,2015 12:47

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզխորհրդի նիստում նշվեց, որ ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 25-30 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվի: Այդ այգիներից սպասվում էր շուրջ 150 տոննա բերք:

Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ գնդակոծվող խաղողի այգիները գտնվում են գյուղի «Ուռի հողեր» տարածքում: Այստեղ խաղողի բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է այգեհովտցի Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ադրբեջանական դիպուկահարի կրակից մեծ չափով վնասվել է:

Նշենք, որ այս տարի ադրբեջանական գնդակոծությունների պատճառով Կոթիի սահմանագոտում առանց հնձելու մնաց 25 հա ցորենի արտ:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզխորհրդի նիստում մարզի համայնքների ղեկավարներին ասաց, որ սահմանամերձ վտանգավոր հատվածներում, ուր ադրբեջանական գնդակոծությունների պատճառով բերքահավաքը հնարավոր չէ, հարկ չէ գարնանը ցանք կատարել, որպեսզի գյուղացու կատարած ծախսերն ու ֆիզիկական աշխատանքն իզուր չլինեն:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում խաղողի այգիների որոշ տերեր ընտանիքի անդամներով, բարեկամներով հավաքելով `բերքահավաքը գիշերով են կատարում, որպեսզի ադրբեջանական դիպուկահարների թիրախ չդառնան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930