Օրերս Երեւանի քաղաքապետարանի ավագանին հավանություն տվեց դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին Երեւանում՝ Մարգարյան փողոցում գտնվող նորակառույց շենքում, բնակարան նվիրաբերելու քաղաքապետարանի որոշմանը:
ԳԽ պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ ողջունում է քաղաքային իշխանությունների նախաձեռնությունը` համարելով, որ այդպես պետք է խրախուսվեն պետության համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտների ներկայացուցիչները:
-Կրթությունը, մշակույթը, արվեստը, գիտությունը, առողջապահությունը եւ անվտանգության համակարգը առանցքային են մեր երկրի համար եւ թանկարժեք «հաճույքներ» են: Ուստի պետությունն առանձնահատուկ ուշադրությամբ ու հոգածութամբ պետք է վերաբերվի այդ ոլորտներին, դրանցում աշխատող մասնագետներին, խրախուսի նրանց` առանց միջոցներ խնայելու:
Ինչո՞ւ: Որովհետեւ այդ մարդիկ միայն հոգսաշատ չլինելու դեպքում կարող են լիարժեքորեն նվիրվել իրենց գործին, արարել, կատարել իրենց առաքելությունն ու արդարացնել իրենց վրա դրված հույսերը: Եթե ուզում ենք ունենալ լավ մշակույթ, արվեստ, կրթություն, գիտություն, առողջապահություն, անվտանգություն, ուրեմն պետք է թանկ վճարենք դրա համար, խնայողություններ չանենք:
Այս առումով ես ողջունում եմ Երեւանի քաղաքապետարանի որոշումը՝ արվեստի բնագավառի նեկայացուցիչներին բնակարանով ապահովելու համար: Հոգեւոր Հայաստանը ձեւավորող արվեստագետներին տրվող նվիրատվությունները արդարացված են:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հրապարակումն ամողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:


















































