Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հոգսերի ամառներն ու ձմեռները

Նոյեմբեր 02,2015 12:00

Այս ամառ չափազանց շոգ էր, եւ մենք շատ էինք տրտնջում ահավոր շոգից: Հատկապես ծանր ու դժվարին ամառ էր մեր այն քաղաքացիների համար, ովքեր հանգստանալու եւ որեւէ տեղ մեկնելու հնարավորություն չունեին: Չափավոր հնարավորություն ունեցողներն էլ ընդամենը մի քանի օրով մեկնեցին ու շուտ վերադարձան՝ շարունակելով կրել աննախադեպ շոգը՝ իր բոլոր հետեւանքներով: Շատերն այն կարծիքին էին, որ ձմեռը հազար անգամ գերադասելի է, քան այսպիսի ահավոր ամառը:

Հիմա, երբ շոգերն արդեն հաղթահարել ենք, մարդիկ մտափոխվել են եւ արդեն ահասարսուռ սպասում են ձմռանը: Ոչ թե ցրտից են վախենում ու սարսափում, այլ գազի, լույսի եւ այլնի ամենամսյա մուծումներից: Ինչքան ձմեռը մոտենում է, այնքան մարդիկ ավելի հստակ են հասկանում, որ եթե նույնիսկ էլեկտրաէներգիայի նախկին գինը պահպանվի, դրանից իրենց սոցիալական վիճակն առանձնապես չի թեթեւանա: Խոսքը վերաբերում է Հայաստանի շարքային ու հիմնական քաղաքացիներին, այսինքն՝ մեծամասնությանը, ովքեր այս պահին ավելի շատ իրենց հոգսերի մասին են մտածում, քան Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների: Հոգսեր ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք առաջիկա ձմեռվա ծախսերը, որոնք հաղթահարելը մեծ ջանքեր ու ճիգեր են պահանջելու Հայաստանի շարքային ու հասարակ քաղաքացուց:

Շարքային ու հասարակ քաղաքացի ասելով՝ նկատի ունենք նրանց, ովքեր ոչ միայն պաշտոններ չեն զբաղեցնում, այլեւ կուսակցություններում էլ ընդգրկված չեն, ինչպես նաեւ «ոչ» եւ «այո» շարժումների մեջ ընդգրկված չեն, եւ նմանապես ընդգրկված չեն «Ազգային փրկության ճակատում», եւ բացառապես իրենց փրկության մասին են մտածում, այլ ոչ թե ուրիշների, եւ շատ էլ ճիշտ են անում, որովհետեւ եթե իրենք իրենց մասին չմտածեն, ոչ ոք չի մտածի, եւ նույնիսկ ընդդիմությունը չի մտածի, եւ հատկապես ընդդիմությունը չի մտածի, որովհետեւ ընդդիմությունը չափազանց զբաղված է սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերով, ավելի ճիշտ՝ ընդդիմությունը չափազանց զբաղված է սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելով, եւ, փաստորեն, ժողովրդի սոցիալական ծանր վիճակն ինչքան իշխանություններին է հուզում, նույնքան էլ ընդդիմությանը, եւ «եղունգ ունես՝ գլուխդ քորի» ասույթն այսօր ժողովրդի մեջ ամենաընդունվածն ու ամենատարածվածն է, եւ փոփոխված ու անփոփոխ Սահմանադրության տարբերակները ժողովրդին առանձնապես չեն հետաքրքրում, որովհետեւ ժողովուրդն այս քսանհինգ տարիների ընթացքում բոլորից լավ է հասկացել, որ այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, իր կյանքի ու իր հոգսի հետ բացարձակապես կապ չունի, եւ եթե նույնիսկ կապ էլ ունի, այդ կապն իրականության հետ որեւէ կապ չունի, որովհետեւ նրանք, ովքեր կոչված են իրականություն դարձնել Սահմանադրության մեջ գրվածը, շատ հնարավոր է՝ չեն էլ կարդացել գործող Սահմանադրությունը, եւ քանի որ չեն կարդացել, հեշտությամբ են համաձայնվում, որ ներկա Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկվի, եւ քանի որ առաջարկվող փոփոխություններին էլ առանձնապես ծանոթ չեն, չեն էլ կարող չհամաձայնվել առաջարկվող փոփոխությունների հետ, եւ հատկապես ծանոթ չեն գործող եւ, հուսով ենք, նաեւ փոփոխության ենթարկված Սահմանադրության այն կետին, որում ասված է՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», եւ չնայած Սահմանադրության մեջ նշված չէ, թե որ ժողովրդին է իշխանությունը պատկանում, ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է հիմնականում հայ ժողովրդին, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմնականում հայեր են, բայց քանի որ ժողովուրդն էլ է Սահմանադրությունից անտեղյակ, բնականաբար՝ անտեղյակ է նաեւ, որ մեր երկրում իշխանությունն իրեն է պատկանում:

Ժողովուրդն անտեղյակ է եւ, ըստ ամենայնի, անտեղյակ էլ կմնա, քանի որ Սահմանադրություն կարդալու ոչ ժամանակ ունի, ոչ էլ մանավանդ՝ հավես: Ժողովուրդն առավոտից իրիկուն իր հոգսերի հետ է, որոնք օրեցօր ավելանալու են, որովհետեւ առաջիկայում ձմեռ է, ընդ որում՝ անկանխատեսելի ձմեռ. անկանխատեսելի՝ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների առումով:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30