Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանողը բուհն ավարտելուց հետո պետք է հոգեպես էլ պատրաստ լինի աշխատելու»

Նոյեմբեր 11,2015 20:20

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր երիտասարդները ծանոթանում էին թափուր աշխատատեղերին: Գործատու ընկերությունների ներկայացուցիչներն այստեղ առանձին տաղավարներում նրանց տրամադրում էին նյութեր ընկերությունների, առաջարկվող աշխատատեղերի, իրենց կադրային քաղաքականության մասին։

Հիշեցնենք, որ 2014 թվականին հայաստանյան առաջատար բուհերի ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հուշագիրը կնքած բուհերից մեկը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում են բուհերը, ինչպես նաև իրենց գործընկերներն ու ուսանողները:

2015-11-11-12.51 2015-11-11-12

Այս տարի «Բուհից աշխատաշուկա՝ մեկ քայլ» խորագիրը կրող միջբուհական տոնավաճառը կազմակերպվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:

«Յուքոմ» ընկերության աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, օրինակ, տեղեկացրեց, որ իրենք վաճառքի գործակալի և օպտիկամանրաթելային ցանցի կառուցման տեխնիկի կարիք ունեն:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն իրենց տաղավարում ներկայացնում էին ոչ միայն թափուր աշխատատեղերը, այլև տարբեր ծրագրեր, որոնց մասնակցելով՝ երիտասարդները հնարավորություն են ունենում հետագայում աշխատանքի անցնելու հենց այդ ընկերությունում:

«Ռոսգոսստրախ Արմենիա»-ի աշխատակցուհի Լուսինե Գևորգյանի խոսքով՝ այս պահին բավականին շատ թափուր հաստիքներ ունեն հատկապես մարզերում:

«Ռոստելեկոմ Արմենիա» ընկերությունը ևս տարբեր առաջարկներ ունի երիտասարդների համար, նաև այնպիսիք, որոնցից ուսանողներն էլ կարող են օգտվել՝ առանց դասերից բացակայելու:

Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Անի Գրիգորյանի դիտարկմամբ՝ այսօր վստահության պակաս կա ուսանողի ու գործատուի միջև. «Այսինքն՝ երբ ուսանողն ինչ-որ առաջարկ է ստանում, առաջին հերթին մտածում է, որ, գուցե, այստեղ իրեն օգտակար ոչինչ չլինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անի Գրիգորյանը:

Ըստ նրա՝ հաճախ ուսանողը նաև տրամադրված չէ ինչ-որ դժվարություններ հաղթահարելու, որոշակի ծրագրերում ներգրավվելու. «Ուսանողը բուհն ավարտելուց հետո պետք է հոգեպես էլ պատրաստ լինի աշխատելու: Մինչդեռ, միշտ չէ, որ նա պատրաստ է ինչ-որ մի քայլ իր կողմից անելու և հետագայում ունենալու աշխատանքի առաջարկ: Իսկ առաջարկ կլինի, եթե փորձի սկսել ինչ-որ մի բանից, այլ ոչ թե սպասի, որ հենց սկզբից շատ լուրջ պաշտոն պիտի առաջարկեն իրեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Գաղտնիք չէ, որ երիտասարդության հիմնական խնդիրներից մեկն այսօր աշխատանքի բացակայությունն է։ Ըստ գործատու ընկերությունների ներկայացուցիչների՝ նման ձևաչափով միջոցառումները հնարավորություն են տալիս ապահովել աշխատաշուկա-երիտասարդ կապը, լրացնել ուսանողների և ընդհանրապես երիտասարդների շրջանում առկա տեղեկատվական բացը, հասկանալ գործատուների կադրային քաղաքականությունն ու գտնել աշխատանք։

«Համացանցից մշտապես օգտվողներից շատերը գիտեն՝ ինչպես և որ կայքերում կարող են աշխատանք փնտրել: Իսկ տոնավաճառը հիմնականում այն մարդկանց համար է, որոնք ավելի շատ կենդանի շփումների միջոցով են տեղեկատվություն ստանում: Այնպես որ, այսպիսի միջոցառումների կազմակերպումը բավականին կառուցողական է»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժնի ծրագրերի ղեկավար Անահիտ Ղազարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30