Լրահոս
Օրվա լրահոսը

Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնը վերադարձավ հյուրախաղերից

Նոյեմբեր 25,2015 12:30

Նոյեմբերի 1-17-ը Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է Մոսկվայում կայացած «Սմոտրինի» ժամանակակից ռուսական դրամայի միջազգային փառատոնին, որը նվիրված էր գրող, դրամատուրգ, «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի ստեղծագործական ժառանգությանը։ Մոսկվայի Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Աֆրոդիտեի ձախ կուրծքր»՝ ըստ Պոլյակովի պիեսի՝ նոր կազմով եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ։ Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը։ Բարձր գնահատականի է արժանացել Ա. Գրիգորյանի ռեժիսուրան եւ ՀՀ վաստակավոր արտիստներ Ֆրեդ Դավթյանի, Սերգեյ Մագալյանի աշխատանքները։

450 տեղանոց հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել (դրվել են նան լրացուցիչ աթոռներ)։ Ինչ վերաբերում է «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» ներկայացմանը, առաջնախաղը կայացել էր 2008թ.-ին։

«Սմոտրինի» փառատոնի ժամանակ այս տարի ցուցադրվել է 13 ներկայացում: Դրանք, ի թիվս այլ կոլեկտիվների, ներկայացրել էին հետեւյալ թատրոնները՝ Նիժիգորոդի մարզային դրամատիկական թատրոն, Կիրովի մարզային դրամատիկական թատրոն, Պենզայի մարզային դրամատիկական թատրոն, Երեւանի ռուսական դրամատիկական թատրոն, Վասիլեւսկի պետական դրամատիկական թատրոն, Կեչկեմտ քաղաքային թատրոն, Հարավ-ղազախական ռուսական դրամատիկական թատրոն, Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոն եւ այլն: Ի դեպ, փառատոնի նախագահն է Յուրի Պոլյակովը: «Սմոտրինի» փառատոնից հետո Ստանիսլավսկու անվան թատրոնը նոյեմբերի 12-13-ին մասնակցել է նաեւ Մոսկվայում անցկացվող «Մեծ հյուրախաղեր-2015» ծրագրին, որի շրջանակում ցուցադրել են «Կրքեր՝ ըստ ռեւիզորի» (հեղինակ՝ Ն. Գոգոլ, բեմադրությունը՝ Ա. Գրիգորյանի) եւ «Ամեն ինչ վաճառվում է» (հեղինակ՝ Ա. Օստրովսկի, բեմադրությունը՝ Ա. Գրիգորյանի) ներկայացումները։

Մոսկվայի Կինոդերասանի թատրոնի բեմում եւս հայ դերասանները մեծ հաջողություն են ունեցել։ Ջերմ է եղել հանդիսատեսի արձագանքը։

«Մեծ հյուրախաղեր» ծրագիրն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության, Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի եւ Հյուրախաղային գործունեության աջակցման համերկրային կենտրոնի աջակցությամբ։

«Մեծ հյուրախաղեր» ծրագիրն իր մեջ ամփոփում է ոչ միայն ՌԴ, այլ նաեւ ԱՊՀ երկրների տարածքում գտնվող ռուսական թատրոնների հյուրախաղեր՝ ՌԴ տարածքով։ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերին աջակցել է Ռուսաստանի հայերի միությունը, որի կողմից թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը եւ տնօրեն Ֆրեդ Դավթյանն արժանացել են մրցանակի՝ ՌԴ հետ բարեկամության եւ համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման եւ խորացման գործում նշանակալի ավանդի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30