Լրահոս
Օրվա լրահոսը

Թղթախաղի ողբերգական հետևանքները. մանրամասներ զինծառայողի ինքնասպանության դեպքից. «Ժողովուրդ» 

Դեկտեմբեր 12,2015 10:47 Share

Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 2 դեպքեր գրանցվեցին զինծառայողների շրջանում: Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանն էր ինքնասպան եղել, իսկ ավելի վաղ` նոյեմբերի 9-ին, ինքնասպանության փորձ էր կատարել ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը:

Դեռեւս 2013 թվականի ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի եւ նրա ծառայակից ընկերների միջեւ մի «պզուկի» պատմության հետեւանքով տեղի ունեցած սպանության դեպքը, կարծես թե, դաս չեղավ ինչպես ՊՆ-ի, այնպես էլ զինվորների համար: 2015 թվականի հունվարի 29-ին` հայոց բանակի կազմավորմանը օրը նշելուց մեկ օր անց, գազանաբար սպանվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը:

Ապագա սպան, որը պետք է բանակում ապահովեր բարոյահոգեբանական մթնոլորտը, կարգավորեր զինվոր-հրամանատար անհասկացվածությունը կամ, առհասարակ, զսպեր բանակում «լավ տղա կարգվելու» դրսեւորումները, դարձավ հենց դրա զոհը: Այս օրերին  Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննությունը շարունակվում է: 2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, իրեն ամրակցված ինքնաձիգով   ինքնասպան էր եղել:

Ավելի ուշ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից այս գործով կապիտան Մ. Ոսկանյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր. 364.1-ին հոդվածի 2-րդ մասի (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը), 375-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը չարաշահելը) 360-րդ հոդվածի 2-րդ մասի (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանտ Հ. Վարդեւանյանին՝ 375-րդ  հոդվածի 1-ին մասով եւ 375-րդ  հոդվածի 1-ին մասի (իշխանությունը չարաշահելը), շարքայիններ Հ. Մուրադյանին՝ 364.1-ին հոդվածի 1-ին մասի (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը), 359-րդ հոդվածի 1-ին մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը), 360-րդ հոդվածի 1-ին մասի (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա. Սարգսյանին՝ 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տեղեկացնենք, որ կապիտան Ա. Ոսկանյանի  եւ շարքային Հ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Հ. Վարդեւանյանի եւ Ա. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չբավարարվեց: Գեւորգ Խաչատրյանի ինքնասպանության դեպքից «Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես թե ինչ մոլեխաղեր են կազմակերպել գործով անցնող կապիտանը, ավագ լեյտենանտն ու երկու շարքայինները, եւ ինչո՞ւ էր շարքային Գեւորգ Խաչատրյանը գնացել ինքնասպանության: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերոնշյալ օրը Գեւորգ Խաչատրյանը կապիտան Ոսկանյանը, ավագ լեյտենանտ Հ. Վարդեւանյանը եւ շարքայիններ Հ. Մուրադյանը եւ Ա. Սարգսյանը թղթախաղ են խաղացել եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պարտվողը պետք է անի այն, ինչ հաղթողները կամենան: Գեւորգը խաղը պարտվել է, եւ վերոնշյալ անձինք նրան ծիծաղելի առաջադրանք են տվել, ինչը նա պայմանի համաձայն կատարել է: Օրինակ՝ չոքեչոք գնա կապիտանի շան մոտ ու նրան կերակրի կամ այլ նմանօրինակ առաջադրանքներ:

Նշենք, որ ի սկզբանե, խաղը սկսելուց առաջ, տղաները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե պարտվողը չանի, ապա նշանակում է, որ դրժում է տղամարդավարի տված իր խոսքը: Եվ, ահա, Գեւորգը պարտվելուց հետո որոշել է տեր կանգնել տղամարդու իր խոսքին ու կատարել է տղաների զվարճալի առաջադրանքը: Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվել: Ու այդ խաղը ճակատագրական դարձավ շարքային Գեւորգի համար: Բանն այն է, որ խաղից հետո ծառայակից տղաները սկսել են ծաղրել, անընդհատ հիշեցնել, թե ինչպես ծնկաչոք կեր տվեց կապիտանի շանը եւ այլն: Ըստ էության, Գեւորգին դուր չի եկել ծառայակից ընկերների կողմից իրեն ծաղրելու դրսեւորումները, եւ նա զգուշացրել է` դադարեցնել ծաղրանքը: Սակայն նրա խոսքը տեղ չի հասել, եւ նրան ծաղրելու փորձերը շարունակվել են, ինչի արդյունքում Գեւորգ Խաչատրյանը իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031