Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է դիմում-բողոքների հիման վրա հանրաքվեի արդյունքների վերահաշվարկման գործընթացը, եւ արդեն իսկ պարզ է՝ «ոչ»-երի թիվը դրանից ոչ միայն չի ավելացել, այլեւ պակասել է։ Այդուհանդերձ «Ոչ»-ի ճամբարը շարունակում է բողոքի ակցիաները՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունները։ Ինչպե՞ս դուրս գալ այս շրջապտույտից. շատերին մտահոգող այս հարցի վերաբերյալ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ։
-Ընդդիմադիրները պնդում են, որ հանրաքվեի ընթացքում կիրառվել են ընտրակեղծարարության «նոր հնարքներ», մասնավորապես նշվում է, որ առանձին տեղամասերում ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների, վստահված անձանց վկայականներն ինչ-որ հրաշքով հայտնվել են հանրապետականների ձեռքին, ինչի հետեւանքով «Ոչ»-ականները զրկվել են քվեարկության ընթացքին հետեւելու հնարավորությունից։
-Մամուլում հայտարարությունների պակաս չի զգացվում։ Հայտարարում են, որ «Ժառանգության» անդամի թղթերը հայտնվել են Հանրապետականի շտաբներում, հետո փորձում են մեկնաբանություններ ստանալ այդ «փաստի» առնչությամբ…
Եթե նման դեպք իսկապես արձանագրվել է, ինչը բացառում եմ՝ ինչ-որ մեկը կեղծ փաստաթղթով հայտնվել է ընտրատեղամասում, դա արդեն իսկ քրեորեն պատժելի արարք է՝ հանցագործություն։ Բայց տեսնում ենք, որ մամուլում, սոցցանցերում պտտվող այդ «հաղորդումները» հայտարարություններից այն կողմ չեն անցնում։ Սա էլ է նոր երեւույթ՝ նոր գործելաոճ։
Չեմ ուզում պնդել, թե զանգվածային այս դրսեւորումը միտումնավոր կամ կազմակերպված բնույթ է ունեցել։ Այդ հայտարարությունների առնչությամբ հարուցված գործերի համակողմանի քննությունը ցույց կտա դրանց իրական կամ կեղծ լինելը։
Գիտեք, կարելի է ամենատարբեր վարկածներ առաջ քաշել եւ ասել՝ ապացուցեք, որ այդպես չէ։ Պետք է խնդրեմ ընդդիմության մեր գործընկերներին եւ լրատվամիջոցներին՝ զերծ մնալ այդ գործելաոճից, նաեւ զսպվածության կոչ անել։ Հնարավորություն տանք իրավապահներին՝ մեկ առ մեկ ուսումնասիրելու իրավախախտումների բոլոր դեպքերը, որոնք ներկայացվել են օրենքով սահմանված կարգով, զինվենք համբերությամբ եւ սպասենք քննության արդյունքներին։ Հակառակ դեպքում կմտնենք անպտուղ բանավեճերի, փոխադարձ մեղադրանքների դաշտ, որ որեւէ մեկին որեւէ լավ բան չի խոստանում։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:


















































