Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողե՛ք աշխատենք» կոչն անիմաստ է

Դեկտեմբեր 22,2015 10:10

Վերջերս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԶԼՄ-ներին կոչ արեց երկու տարի չքննադատել իրեն, որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, ու երկու տարի անց միայն պահանջել արդյունք: Հուսով եմ, որ նախարարը պարզապես կատակել է, բայց չի կարելի ասել, թե դա իշխանություններին բնորոշ մտածելակերպ չի՝ «տվեք ինձ որոշ ժամանակով «քարթ-բլանշ», եւ ես որոշ ժամանակվա ընթացքում կանցկացնեմ բարեփոխումներ, կմաքրեմ Ավգյան ախոռները եւ այլն»:

Ամբողջ խնդիրն այն է, որ նման «քարթ-բլանշ» իշխանությանը տրվում է երկու դեպքում՝ ա/ հեղափոխությունից հետո, երբ ոգեւորված հասարակությունն այնքան է վստահում նոր իշխանությանը, որ իր կամքով որոշ ժամանակ հրաժարվում է վերջինիս քայլերի հանդեպ քննադատական վերաբերմունքից, բ/ բռնապետության դեպքում, երբ ժողովրդի դժգոհությունը ճնշվում է ուժային մեթոդներով: Մասնավորապես, հեղափոխությունից հետո ՀՀՇ-ն 1990-92 թվականներին նման հնարավորություն ուներ եւ տնտեսության ազատականացման ոլորտում շատ բան արեց (գիտեմ, որ հիմա գերիշխողն այլ կարծիքն է), բայց, օրինակ, նույն գիտության եւ կրթության ոլորտում կարող էր դիմել շատ ավելի արմատական քայլերի, բայց, ինչպես ասում են, «դուխը չհերիքեց»: Հիմա, երբ իշխանության նկատմամբ վստահությունը մի քանի անգամ ավելի քիչ է, ոչ մի նախարար նման քայլերի չի կարողանա գնալ:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում այլեւս հնարավոր չէ հեղափոխություն ու հնարավոր չէ նաեւ բռնապետություն: Երկու դեպքում էլ կասեմ՝ բարեբախտաբար: Բռնապետության վնասներն առանձնապես մեկնաբանության կարիք չունեն: Իսկ հեղափոխության դեպքում էլ այդ «քարթ-բլանշը» մի կողմից՝ հնարավորություն է կյանքը կտրուկ բարեփոխելու, բայց մյուս կողմից՝ նույնպիսի հնարավորություն է իշխանությունների համար ապօրինություններ գործելու՝ «չէ՞ որ մենք հերոսներ ենք», «չէ՞ որ մենք պայքարել ենք», «Շարժման տղերք ենք», «օրերով նստել-պառկել ենք փողոցներում» եւ այլն: Ավակովի նամակը Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին ձեզ օրինակ:

Եվ քանի որ թե՛ բռնապետությունը եւ թե՛ հեղափոխությունը Հայաստանում անհնարին են, իշխանությունը պետք է հրաժարվի իր կոչերից՝ «մի՛ խանգարեք, մի՛ քննադատեք, թողե՛ք աշխատենք»: Դրանք սին երազանքներ են, որոնք երբեք իրականություն չեն դառնա: 25 տարում իշխանությունը պետք է սովորեր, որ իր ամեն մի քայլը ուղեկցվում է եւ ուղեկցվելու է սուր քննադատությամբ՝ արդարացի եւ անարդար, զուսպ եւ չափազանցված, կառուցողական եւ ոչ կառուցողական, անձնական վիրավորանքներով եւ առանց դրանց, նույնիսկ՝ հայհոյանքներով: Վաղը, եթե լինի ուրիշ նախագահ, ուրիշ քաղաքական մեծամասնություն եւ ուրիշ նախարարներ, կամ եթե, ասենք, միջին աշխատավարձը դառնա 1000 դոլարին համարժեք դրամ, այդ քննադատության չափաբաժինը կլինի նույնը, շատ հնարավոր է՝ նաեւ ավելանա:

Հայաստանում ոչ մեկն այլեւս «քարթ-բլանշ» չի ստանա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    ԱշոԾյանը քարթ-բլանշ չի ուզում, դա ինձանից լավ եք հասկանում: Նա պարզապես “ինչ ուզում անում եմ” ամենաթողության և զոռբայության մթնոլորտը փորձում է “լուծել” քվազիինտիլիգենտության հեղուկով: Ի՞նչը պետք է բարեփոխի այդ մակերեսային չինովնիկը` ընդունելության քննության գները՞: Չեն թողնի`նախորոք են ծախսում իշխանավոր “ախպրտիք” և հետո հավաքում են:

  2. Artur says:

    Աշոտյանը ինչ կապ ունի կրթության և գիտության հետ? Նա նույնիսկ իր մայրենի լեզուն կարգին չգիտի, այսպես ասած ռուսախոս է “նաշ պարեն”: Բայց ամենակարևորն այն է, որ Հայաստանում այդպես էլ չհասկացան, որ “ընդունելության քննություն կոչված երևույթը” սովետից մնացած ատավիզմ է…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031