Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղում ամանորյա միջոցառմանը ներկա էր նաեւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանը

Դեկտեմբեր 26,2015 20:36

Դեկտեմբերի 25-ից Քաշաթաղի շրջանում ևս սկսվել են տոնական միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Ծննդյան օրերին և Ամանորին: 26-ին Բերձորում՝ շրջվարչակազմի հարևանությամբ գտնվող հրապարակում, որտեղ կանգուն է մայր տոնածառը, կայացավ տոնական հանդես, որին մասնակցեցին Բերձորի ու մոտակա բնակավայրերի բնակիչներ, մանուկներ, հյուրեր: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, շնորհավորելով ներկաներին Սուրբ Ծննդյան և գալիք Ամանորի առթիվ, տոնական հանդեսը հայտարարեց բացված:

Ներկաներին ողջունեցին և տոների առթիվ  շնորհավորեցին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Քաշաթաղի շրջանի բարեկամ, Բերձորի պատվավոր քաղաքացի Գուրգեն Մելիքյանը, ով նաև նվերներ էր բերել մինչև 10 տարեկան երեխաների համար, Բերձորի պետական մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանը, Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի կառույցի նախագահ Քերոբ Մովսիսյանը և սիրիահայ Սեպուհը: Բոլորն էլ մաղթեցին, որ նոր տարին իր հետ բերի ամենակարևորը՝ Խաղաղություն, որ հայ զինվորի ոգին աննկուն մնա, որ շենանա Հայոց աշխարհը: Գ. Մելիքյանը կարևորվեց նաև այն, որ Քաշաթաղի շրջանը յուրաքանչյուր տարի առաջընթաց է ապրում: Շնորհակալություն հայտնեց շրջվարչակազմին նվիրումով աշխատելու համար: Կարևորեց նաև այն, որ շրջանում բնակություն են հաստատել սիրիահայերը, ովքեր անմասն չեն տարածքի շենացման գործում, անցած տարի օգոստոսին մասնակցել են սահմաններում հերթապահությանը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակի սաները:

Այնուհետև եկան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, և հանդեսն ավելի գեղեցիկ ու ուրախ դարձավ: Ինչպես միշտ, այս անգամ էլ ներկա երեխաներին հատկացվեցին նվերներ: Ամանորյա հանդեսին ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը,Բերձորի  քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը, քաղաքում գործող տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ: Դրանից մեկ օր առաջ շրջվարչակազմի աշխատակիցները Ձմեռ Պապի ու Ձյունանուշի ուղեկցությամբ մեկնեցին շրջանի տարբեր բնակավայրեր՝ շնորհավորելու բնակչությանը ամանորյա տոների առթիվ և նվերներ բաժանելու մանուկներին:  ԱԱՄ Քաշաթաղի բաժանմունքի նախագահ Ք. Մովսեսյանի, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի տեղակալ Վահե Դավթյանի, Ձմեռ Պապի ու Ձյունանուշի հետ այցելեցի շրջանի հարավային մի շարք համայնքներ: Բազմազավակ ազատամարտիկների երեխաների համար նվերներ էր հատկացրել ԱԱՄ վարչությունը:: Նույն կառույցի կողմից «Հայրենյաց պաշտպան» մեդալով պարգևատրվեց Գետափի գյուղական  համայնքի ղեկավար Արմեն Բադալյանը: Վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի և բոլոր ազատամարտիկների անունից շնորհավորելով Ա. Բադալյանին, Ք. Մովսեսյանը նշեց, որ ոչ մի ազատամարտիկ ուշադրությունից դուրս չի մնա: Գետափում գործող տարրական դպրոցի(Սարատակի դպրոցի մասնաճյուղ) 6 սաները նվերներ ստացան Ձմեռ Պապի ու Ձյունանուշի կողմից: Րաֆֆու անվ. 3-4-րդ համակարգ դասարանում սովորում են 3 աշակերտ(դասվար՝ Լ. Հարությունյան):

Երրորդ դասարանցի Ելենա Կյուրեղյանը որոշել է հայերենի ուսուցիչ դառնալ, չնայած նաև ռուսերեն լավ արտասանեց: Իսկ նրա 4-րդ դասարանցի կարեն եղբայրը դեռ չի որոշել հետագա անելիքը: Համադասարանցի Արա Բաղդասարյանը զինվորական է դառնալու: Կարինե Գալստյանի ղեկավարած 1-2-րդ համակարգից երկրորդ դասարանցի Աստղիկ Բաղդասարյանը նաև ռուսերեն երգեց և ստացավ նվերը: Առաջին դասարանցիներ Ռոզա խաչատրյանն ու Սլավիկ Հակոբյանը Նոր տարվան նվիրված երգեր երգեցին: Գետափում կա 34 ընտանիք՝ 140 բնակչով: Բարձր դասարանցիներից 1 հոգի հաճախում է սարատակի միջն. դպրոց, իսկ 14-ը՝ մարտունաշենի Մ. Պապիկյանի անվ. միջն. դպրոց:  Օրվա ընթացքում եղանք նաև Ծաղկաբերդի, Սարատակի, Տիգրանավանի, Գետամեջի, Իշխանաձորի, Աղաձորի, Երիցվանքի գյուղական, ինչպես նաև  Կովսականի, Միջնավանի և Որոտանի քաղաքային համայնքներում:  ԱԱՄ-ի կողմից հատկացված նվերներ ստացան բազմազավակ մոտ 10 ազատամարտիկների երեխաներ՝ տարբեր համայնքներում:

Մինչև 6-րդ դասարանների աշակերտներին նվերներ հատկացվեցին ԼՂՀ ԿԳՍ նախարարության կողմից; Շրջվարչակազմի կողմից հատկացված նվերներ ստացան նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներ, կին ազատամարտիկներ: Այցելեցինք նաև այս տարվա մարտի 19-ին հերոսաբար մարտիրոսված Հակոբ Խաչատրյանի ընտանիք: Այցի ժամանակ Սարատակի միջն, դպրոցում տոնական հանդես էր ընթանում: Ներկա էր գյուղի ողջ ազգաբնակչությունը: Համագյուղացիներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն Գևորգ Դավթյանը և համայնքի ղեկավար Ժիրայր Մովսիսյանը: Սարատակի դպրոցը գործում է 1997 թվականից, այժմ ունի 34 աշակերտ, որից 6-ը՝ Գետափի տարրական մասնաճյուղում: Տնօրենը տեղեկացրեց, որ կրթօջախն ուսուցիչներով ապահովված է: Յուրաքանչյուր համայնք, թե օջախ մեծ ուրախությամբ ընդունեցին Ձմեռ Պապի ու Ձյունանուշի, մեր այցը: Կովսականում համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի դպրոցական թոռների համար մեծ անակնկալ էր Ձմեռ Պապի ու Ձյունանուշի՝ իրենց տուն այցելելը, նրանցից նվեր ստանալը: Տիգրանավանում ազատամարտիկ Էդիկ Հովսեփյանն ունի 6 զավակ՝ երեք տղա և երեք դուստր: Ավագ-տասնամյա որդին Վահագնը և երկու դուստրերը՝ Նարեն ու Նաիրան, դպրոցականներ են: Ամենափոքրը՝ Գոռը, 1 ու կես տարեկան է, Դավիթը՝ 3, իսկ Նանեն՝ 5: Իրենց տան բակում փոքրիկներն ստացան նվերները, անհավանական էր թվում Ձմեռ Պապի ու Ձյունանուշի հայտնվելը: Միջնավանում Արթուր Բալասանյանն ունի 5 որդի՝ ավագը՝ Արտյոմը, մոտակա օրերը տուն կվերադառնա հայոց բանակից: ԼՂՀ կառավարության կողմից նոր բնակարան է կառուցվել նրանց ընտանիքի համար, և պատրաստվում էին Նոր տարին նոր բնակարանում նշել: Նորակառույցի հարևանությամբ է Ռուբեն Գրիգորյանի տունը: ԼՂՀ ԱԻՊԾ Քաշաթաղի բաժանմունքի երիտասարդ աշխատակիցն արդեն  ունի 2 տղա և 4 աղջիկ: Ոսկին սովորում է Գ. Ստարովոյտովայի անվ. միջն. դպրոցի 10-րդ, իսկ Ոսկեհատը՝ 8-րդ դասարանում: Մեծ սիրով արտասանեցին: Հովհաննեսն այս տարի է դպրոց հաճախել, իսկ Սասունը կավարտի 4-րդ դասարանը: Նրանք նույնպես պատրաստակամորեն արտասանեցին և ստացան նվերներ: Փոքրիկ Անգելինային նվեր հասավ մանկասայլակ, որն ավելի հետաքրքրեց Օգսանային:   Տոնական միջոցառումները կլինեն շարունակական: Անցած և այս օրը նման հանդեսներ են կայացել շրջանի տարբեր համայնքներում ու դպրոցներում: Շրջանի երեխաների համար ամանորյա նվերներ են հատկացրել նաև ԼՂՀ Վարչապետը և «Տեղնոսերվիս» ՍՊԸ-ն:

  Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031