Լրահոս
Օրվա լրահոսը

65 մլն դրամի աջակցություն շուրջ 1500 ընտանիքի

Դեկտեմբեր 29,2015 21:29

Այսպիսին է 2015-ին Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գործունեության ամփոփ պատկերը: Օրերս կենտրոնի նախաձեռնությամբ նաև իրականացվեց տարեվերջյան` «Ուրախ ամանոր սահմանում» ծրագիրը, որի նպատակը սահմանամերձ գյուղերի բնակիչներին շնորհավորելն էր, ամանորյա ուրախ տրամադրություն պարգևելը:

«Մայր Աթոռը բավական առիթներ ունեցել է սահմանամերձ համայնքներին դրամական, նյութական օժանդակություն ցուցաբերելու, որը շարունակվելու է նաև առաջիկայում: Իսկ այս ծրագրի բուն նպատակն այդ մարդկանց ոչ թե սոցիալապես աջակցելն էր, այլ շնորհավորելը Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ»,- նշում է Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Դեկտեմբերի 19-ին Երևանի 5 սուպերմարկետների հաճախորդներին առիթ էր ընձեռվել իրենց տոնական գնումներին զուգահեռ փոքրիկ նվերներ գնել նաև Իջևանի սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչների համար՝ շնորհավորելով նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Քաղաքացիների կողմից գնված ամբողջ ապրանքը հասցվել է ինը սահմանամերձ գյուղեր:

ognutyun-2«Սահմանը պահում են ոչ միայն սահմանապահ զինվորները, այլև սահմանամերձ գոտում ապրող մարդիկ: Կարևորը բուն նյութական աջակցությունը չէ, այլ մեր հոգատարությունը, ջերմ վերաբերմունքն այդ մարդկանց փոխանցելը»: Տեր Հոր խոսքով`նմանատիպ ձեռնարկները կշարունակվեն նաև 2016-ին:

Կենտրոնը նաև համագործակցում է տարբեր երիտասարդական կառույցների հետ, և «Ուրախ ամանոր սահմանում» նախաձեռնությունն իրականություն դարձավ հենց երիտասարդների միջոցով:

Սահմանամերձ շրջաններից զատ, Սոցիալական ծառայության կենտրոնի ուշադրության կենտրոնում են նաև սիրիահայերը, հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով անձինք, կենսաթոշակառուներ, միայնակ մայրեր, որոնց ցուցաբերվում է և՛ դրամական, և՛ նյութական աջակցություն`հագուստի, ուտելիքի, գրենական պիտույքների, երբեմն`(հաշմանդամություն ունեցողների համար) սայլակի տեսքով:

2015-ին Արարատյան Հայրապետական թեմի հետ նաև շարունակվել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը`50 մլն դրամի օգնություն ցուցաբերելով զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին:

Սոցիալական ծառայության կենտրոնի հոգածության ներքո են նաև Մայր Աթոռի 5 բարեգործական ճաշարանները՝ Երևանի Մալաթիա, Արաբկիր, Նորք համայնքներում, Էջմիածնում և Վանաձորում: Այստեղ ամեն օր տաք սնունդ են ստանում շուրջ 900 կարիքավորներ:

socialakan carayutyan kentronՆշենք, որ Սոցիալական ծառայության գրասենյակի գործունեությունն իրականացվում է գերազանցապես Մայր Աթոռի կողմից տրամադրվող միջոցներով: «Անհատ անձինք ևս գումարներ նվիրաբերում են, բայց դա շատ փոքր մասն է կազմում»,-նշում է Տեր Մարկոսը:

Սոցիալական ծառայության կենտրոնի ձեռնարկները շարունակվելու են նաև 2016-ին: Տեր Մարկոսը նպատակ ունի մշակել ծրագիր, որի շնորհիվ կարիքավոր և հաշմանդամություն ունեցող մարդիկ հնարավորություն կունենան տանը համակարգչով աշխատելու և գումար ստանալու`թվայնացնելով տպագիր գրականությունը: Ինչպես նշում է Տեր Հայրը` ծրագրի միջոցով հնարավոր է երեք կարևոր խնդիր լուծել`համացանցում հայերենի ներկայացվածության, մարդկանց ինքնազարգանալու, ինքնակրթվելու և կայուն աջակցության:

Հարցին, թե ամենից առաջ ինչի՞ կարիքն ունի դժվարության մեջ գտնվող մարդը, Տեր Մարկոսը պատասխանում է. «Նրան ամենից առաջ հոգևոր խնամք, հոգեբանական օգնություն է անհրաժեշտ: Շատ դժվար է այդ ամենը հասցնելը, այնուամենայնիվ, փորձում ենք մեր ուժերի ներածին չափով: Ի վերջո, կարևոր է ոչ միայն նյութական աջակցությունը, այլև ջերմության, հոգատարության և ուշադրության դրսևորումը: Ամենակարևորը մարդուն հոգևոր ծանր կացությունից դուրս հանելն է, որ նա կարողանա շարունակել ապրել, հակառակ դեպքում մեր օգնությունը լիարժեք չի լինի»:

Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031