Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ընդունելո՞ւ է ՀՅԴ-ի առաջարկը՝ թմրամոլներին ու կաշառակերներին պաշտոնանկ անելու վերաբերյալ

Հունվար 22,2016 14:30

Համագործակցությունը փոխզիջումներ է ենթադրում: Հանրապետությունում
կայուն իրավիճակ ստեղծելու համար ՀՀԿ-ն պատրաստ է անել ամեն ինչ

Հանրապետականի ինչի՞ն է պետք կոալիցիան՝ այս փուլում, երբ ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա: Երեկ «Առավոտի» այս հարցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ցանկացած երկրում ցանկացած իշխանություն քաղաքական կայունության անհրաժեշտություն ունի: Կուսակցությունների համագործակցությունը դրա ամենավառ երաշխիքն է: Կոալիցիաները համագործակցության արդյունք կարող են լինել կամ նախապայման: Ես չեմ բացառում, որ առաջիկայում՝ ինչպես նախքան համապետական ընտրությունները, այնպես էլ ընտրություններից հետո հնարավոր է կոալիցիայի ձեւավորում: Քաղաքական համագործակցության անհրաժեշտություն կա: Եվ մենք, որպես քաղաքական ամենահզոր ուժը հանրապետությունում, համագործակցության առաջարկություններ տարբեր քաղաքական ուժերի, կարծում եմ, կանենք»:

Սերժ Սարգսյանի թիկունքն ամուր չէ՞ ի դեմս ՀՀԿ-ի, որ հավելյալ կայունության խնդիր կա, ՀՀԿ-ում խժդժություննե՞ր կան, որ հիմա ուզում է տարբեր ուժերի վրա հենվել՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Այդ ասածներից ընդունելի է միայն կայուն քաղաքական իրավիճակ ստեղծելու անհրաժեշտությունը: Խժդժություններ ընդհանրապես չկան, նման իրավիճակ չեմ տեսնում»:

Գագիկ Մելիքյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ի հետ բանակցություններում պաշտոնների հարց չի քննարկվել:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն այս կոնսուլտացիաները սկսել ՀՅԴ-ից, ԲՀԿ-ին առաջարկ չի՞ արվելու, նա պատասխանեց. «ՀՀԿ-ն բաց է ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցության: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կցանկանան մեզ հետ համագործակցել, հաճույքով նրանց հետ կկիսենք իրենց կարծիքը»:

ՀՅԴ-ն 7 կետանոց առաջարկ էր ներկայացրել իշխանություններին ու հայտարարում էր, որ մինչեւ այդ կետերը չկատարվեն՝ կոալիցիայի մասին խոսք չի լինի, նաեւ արտագաղթի դեմ 11 ուղղություններից բաղկացած ծրագիր էր առաջարկել: Այդ ծրագրի միայն 1-ին կետով պահանջում էր իշխանություններից, որ պաշտոններից ազատվեն այն մարդիկ, ովքեր դրսեւորում են հակաքրիստոնեական եւ հակամարդկային հատկանիշներ՝ թմրամոլ են, ունեն կոռուպցիոն դրսեւորումներ, խաղատուն են գնում եւ այլն:

Մեր հարցին՝ այդ կետերից գոնե մեկը ՀՀԿ-ն պատրա՞ստ է կատարել, ընդունելո՞ւ եք թմրամոլներին ու կաշառակերներին պաշտոնանկ անելու կետը, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ կետերն արժանի են ուշադրության եւ քննարկման: Համոզված եմ, որ քննարկումների ընթացքում որոշակի հաջողություններ կլինեն»:
Համագործակցությունը ենթադրում է նաեւ զիջումներ, ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ ՀՀԿ-ն՝ ՀՅԴ-ի հետ համագործակցության եւ, ինչպես ասացիք, կայունության ստեղծման համար, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Համագործակցությունը փոխզիջումներ է ենթադրում: Հանրապետությունում կայուն իրավիճակ ստեղծելու համար ՀՀԿ-ն պատրաստ է անել ամեն ինչ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031