Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ անշուշտ կա Հայաստանին որպես երրորդ կողմ ներգրավելու անհրաժեշտություն»

Փետրվար 01,2016 15:30

Լարիսա Ալավերդյանը կարծում է,
որ Եվրոպան Ադրբեջանին արդեն այլ աչքով է նայում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարություններին։

ՄԻԵԴ-ը ադրբեջանական եւ հունգարական կողմերից պահանջել է պաշտոնապես պատասխանել սպանված հայ սպայի հարազատների հայցին։ Դատարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2012 թվականի օգոստոսին Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ Սաֆարովի փոխադրումը Ադրբեջան այնտեղ պատիժը կրելու պայմանով է արված եղել, սակայն երկիր տեղափոխվելուց մի քանի ժամ հետո Սաֆարովը ազատ է արձակվել եւ անգամ ստացել է ութ տարվա աշխատավարձ եւ բնակարան:

«Առավոտի» հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը ասաց, որ կարեւոր հանգամանք է, որ Եվրադատարանը պատասխանող կողմերից Հունգարիայից պահանջում է պատասխանել հայցվոր կողմին, թե ինչու չունենալով հստակ ապացույց, որ Սաֆարովը Ադրբեջանում կստանա իր պատիժը, կանցնի միջազգային եւ ազգային օրենքներով, հանձնել է Ադրբեջանին:
Տիկին Ալավերդյանը բոլորի ուշադրությունը հրավիրում է նաեւ Եվրադատարանի տարածած հայտարարության «Կենտեքստ» հատվածի վրա, որտեղ հիշատակվում է նաեւ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում մերժված հակահայկական բանաձեւը եւ խոսվում 2015 թվականին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի՝ Ադրբեջանին արված կոչի մասին՝ հետեւելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:
«Ես կարծում եմ, որ այսպիսի նամակը, այսպիսի կոնտեքստ կոչվածը շատ մեծ հետաքրքրվածություն պետք է առաջացնի»,- ասում է Լարիսա Ալավերդյանը եւ նշում, որ բոլորն էլ արդեն զգացել են, որ Ադրբեջանը ցուցադրական ձեւով հակադրվում է միջազգային նորմերին: «Բոլոր պետություններում էլ, այդ թվում եւ մեր, մարդու իրավունքների ոտնահարում լինում է: Պետությունները փորձում են հերքել, թե նման բան չկա, կամ փորձում են փոխհատուցել: Բայց դա մի բան է, իսկ երբ որ պարզապես հարկադրվում են եւ ցուցադրաբար են դա անում, հիշեցնում են մեզ «Իսլամական պետության» կեցվածքը: Ես կարծում եմ, որ Եվրոպան, դեմ առ դեմ հանդիպելով այն ամենին, ինչը որ հիմա տեղի է ունենում, արդեն զգուշանում է, փորձում է արձագանքել դրան: Այս առումով դրական զարգացումներ ունեցող մի միջավայր կարող է ստեղծվել մեզ համար»,- ասում է տիկին Ալավերդյանը: Նա նշում է, որ մի ժամանակ Եվրոպան միայն ուշադրության էր արժանացնում Ադրբեջանի կողմից իր «յուրայինների» իրավունքների ոտնահարման դեպքերը, Հայաստանի նկատմամբ կիրառվող զանցանքները գրեթե անտեսվում էին. «Այսօր, երբ Եվրոպան տեսնում է, որ այս միտումը դառնում է արդեն վտանգավոր շատերի համար, նման «կոնտեքստով» է հանդես գալիս»:
Տիկին Ալավերդյանի կարծիքով՝ Եվրադատարանի կողմից գործը կոմունիկացնելը եւ Ադրբեջանից եւ Հունգարիայից պատասխան պահանջելը ամենեւին էլ քաղաքական իրադրությունով, Ադրբեջանի տնտեսապես թուլացմամբ պայմանավորված չէ. «Մեզ պետք է հետաքրքրի այն, որ Եվրոպան է հիմա նայում այլ աչքերով եւ տեսնում է, որ դա ավելի մեծ վտանգ է ներկայացնում: Այլ հարց է, որ երբեմն Եվրադատարանում քաղաքականացված է լինում այս կամ այն գործի դիտարկումը կամ չդիտարկումը: Ես այսօր կարծում եմ՝ այս գործընթացը ոչ այնքան Ադրբեջանի, որպես նավթային պետության, թուլացման հետեւանքով է, այլ ավելի շատ նրա՝ եվրոպական քաղաքակրթությանը հակադրվելու պատճառով է»:

Ըստ տիկին Ալավերդյանի՝ այս գործում Հայաստանը պետք է ունենա իր ներգրավվածությունը որպես երրորդ կողմ. «Գիտեմ, որ ժամանակին նաեւ արտգործնախարարությունը ներգրավված էր այս խնդրում: Դատարանում մեր ներկայացուցիչները ընդգծում են հանցագործության ազգային-էթնիկական կողմերը: Հայաստանն էլ պետք է ձգտի այնպես անել, որ աշխատանքները դրական լուծում ստանան: Մենք ամեն անգամ Եվրադատարան ենք դիմում առանձին քաղաքացու հարցով, բայց Սաֆարովի գործը այլ է. Ադրբեջանը ոչ միայն հերոսացրել է նրան, պետությունը վարձատրել է նրան անգամ այն օրը, երբ տեղի է ունեցել սպանությունը, այսինքն՝ այստեղից հետեւում է, որ սպանությունը պետական քաղաքականության արգասիք է: Ահա այստեղ անշուշտ կա Հայաստանին որպես երրորդ կողմ ներգրավելու անհրաժեշտություն, որովհետեւ ստանում ենք մի հնարավորություն՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի համար է ներկայացնում վտանգ եւ սպառնալիք, այլ նաեւ՝ տարածաշրջանի, իսկ այսօրվա տեխնիկայի զարգացման ժամանակներում մենք գիտենք, որ տարածաշրջանային բախումից մինչեւ գլոբալ բախում շատ փոքր քայլ է: Շատ կարեւոր է, որ ուշադրություն դարձվի այդ փաստին. հնարավոր է, որ այսօր հայի սպանություն է, բայց վաղը մեկ ուրիշը ճանաչվի Ադրբեջանի թշնամի, եւ էլի սպանությունը կդառնա քաղաքական պատվեր, վարձատրվի պետության կողմից եւ հերոսացվի»,- ասում է տիկին Ալավերդյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29