Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական նվագախմբի երաժիշտները վարպետության դասեր են անցել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետում

Փետրվար 10,2016 13:00

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները պարբերաբար գործուղվում են աշխարհում մեծ համբավ ունեցող նվագախմբեր՝ առաջնակարգ այդ կոլեկտիվներում վերապատրաստվելու համար։ Մասնավորապես, Երիտասարդական նվագախմբի հինգ երաժիշտներ՝ ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանը, հոբոյահար Տիգրան Վարդանյանը, կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը, ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը, գալարափողահար Արմեն Կարագյանը, հունվարի 27-29-ը մեկնել էին Գերմանիա՝ վարպետության դասեր անցնելու Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետում։

Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետը հիմնադրվել է 1988թ.՝ Հերբերտ ֆոն Կարայանի կողմից Բեռլինի ֆիլհարմոնիկը ղեկավարելու տարիներին։ Այն աշխարհահռչակ նվագախմբերի կազմում ստեղծված առաջին փողային կվինտետն է, որն ունի կամերային երաժշտության հարուստ ավանդույթներ։ Փողային կվինտետի անդամները Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ են, ովքեր, համերգային գործունեությունից բացի, հանդես են գալիս նաև կրթական ծրագրերով՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդներին։

Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը շատ արդյունավետ գնահատեց Բեռլինի ֆիլհարմոնիկի փողային կվինտետի երաժիշտների դասընթացները։ Անհատական մասնագիտական պարապմունքներից բացի, օրը երկու ժամ պարապմունքներ էին անցկացվում նաև փայտափողային կվինտետի հետ։ Նիկոլայ Պողոսյանը նշում է, որ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխարհում մրցակցությունից դուրս է, ու նման կոլեկտիվի երաժիշտների հետ համագործակցությունը ցանկացած երաժշտի համար մեծ ձեռքբերում է։
Նիկոլայ Պողոսյանը նկատում է, որ Բեռլինի ֆիլհարմոնիկի երաժիշտները նույնպես ուրախ էին համագործակցության համար և հատկապես շեշտում էին հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությունը։ Բեռլինի ֆիլհարմոնիկի երաժիշտները հույս են հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի, և որպես շարունակականության արդյունք՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում համատեղ համերգ կազմակերպել Բեռլինի ֆիլհարմոնիկի փողային կվինտետի և Երիտասարդական նվագախմբի փողային անսամբլի մասնակցությամբ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29