Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշինքների տխուր պատմությունը

Փետրվար 17,2016 12:00

Քաղաքական գործընթացների մասնակիցները
սովորաբար հիմնվում են իրենց դառը փորձի վրա

Մարդիկ կյանքի մասին իրենց պատկերացումներում ղեկավարվում են այն մոդելներով, որոնք տեսել են եւ կիրառել: Երբ երկու տարեկան երեխան (որը մանկապարտեզ դեռ չի գնացել) մարդկանց հետ շփվելիս օգտագործում է «ա՛յ անասուն» արտահայտությունը, կարելի է 100 տոկոսանոց ճշգրտությամբ պնդել, որ այդ արտահայտությունը նա լսել է իր ընտանիքում: Նրանք, ովքեր ամեն մի կիսաընդդիմադիր հեռուստաելույթի համար իրենց մոտ էին կանչում պատասխանատուներին եւ «վտիկ» էին անում, բնականաբար, պետք է ենթադրեն, որ հիմա էլ է ամեն ինչ արվում «վերեւից զանգերով»:

Նույնը՝ դաշինքներն ու կոալիցիաները: Նրանք, ովքեր երբեւէ եղել են որեւէ ընդդիմադիր կամ իշխանամետ դաշինքի կամ կոալիցիայի անդամ, առավել եւս՝ նրանք, ովքեր նման համագործակցության «ճարտարապետներն» էին, այդ գործընթացից հիասթափված ու դառնացած են եւ, հետեւաբար, ոչ մի լավ բան չեն կանխատեսում: Իրոք որ՝ եթե հիշենք, օրինակ, 95 թվականի «Հանրապետություն» միավորումը, ապա կարելի է փաստել, որ բավական էր 97 թվականի աշնանը այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մեկ «հակալեւոնական» ելույթը, եւ միավորումը շատ արագ փլուզվեց: Հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքը «հոկտեմբերի 27-ից» հետո տրոհվեց՝ ՀԺԿ-ն գնաց ընդդիմություն, ՀՀԿ-ն մնաց իշխանության մեջ եւ առայսօր նույն կարգավիճակում է: Դրանից հետո ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ քառյակն աստիճանաբար դարձավ եռյակ, հետո դուետ, հետո՝ սոլո:

Նույնը՝ ընդդիմադիր դաշինքները: «Ազգային համաձայնություն» դաշինքը, որը 95 թվականին ներկայիս բոցավառ դեմոկրատները խորհրդարանական ընտրություններից առաջ չէին էլ գրանցել, շատ արագ քանդվեց: Հաջորդ՝ «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ոգեւորված պատմում էր հանրությանը, թե որքան է Սերժ Սարգսյանը դնում «կոնի» վրա, բայց հիմա բարեխղճորեն աշխատում է նախագահի աշխատակազմում: ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» հրաշալի քառյակը դարձավ եռյակ, իսկ մեկ տարի առաջ նախագահի մի ելույթի հետեւանքով դադարեց իր գոյությունը: Հայ ազգային կոնգրեսը նույնպես դաշինք էր, բայց 18 կուսակցություններից հիմա մնացել է մեկը՝ խիստ անձնակենտրոն կառուցվածքով:

Պարզ է, որ հիմա, երբ ուրվագծվում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը, բոլոր նրանք, ովքեր երբեւէ որեւէ դաշինքում են եղել, հիշում են իրենց գլխին եկածը, մտաբերում են նաեւ, թե ինչ դրդապատճառներով էին մտել այդ դաշինքները եւ ինչու դուրս եկել, ու այդ դառը փորձի հիման վրա եզրակացություններ անում: Իսկապես դաշինքները Հայաստանում (հատկապես իշխանամետ), կարծես թե, ստեղծված են կուսակցություններին փչացնելու համար: Պարզ է, որ հիմա «ամենաանշառ» գործը Դաշնակցությանը թիրախ դարձնելն է եւ «ծախվածության» ու «կերակրատաշտի» մասին խոսելը:

Ամենեւին չբացառելով դաշնակցական որոշ գործիչների նյութական շահագրգռվածությունը (մանավանդ, որ մինչեւ հիմա էլ նրանցից ոմանք, մեղմ ասած, սոված չէին մնում)՝ դիտարկենք հարցը զուտ քաղաքական հարթության մեջ: Ո՞րն է «հոգեպես ավելի ազնիվ»՝ հայտարարել մոտալուտ իշխանափոխության, ռեժիմի անխուսափելի փլուզման, թեժ գարնան կամ աշնան մասին, պտտացնել մարդկանց Երեւանի կենտրոնով՝ հայտարարելով, որ հեղափոխությունը սկսված է, հետո հերթական անգամ ջարդվել եւ բողոքե՞լ, թե՞ փորձել սեփական նպատակներն իրականացնել իշխանության մեջ: Երկուսի մեջ էլ կա կեղծավորության եւ երեսպաշտության տարր: Բայց ասել, թե մեկը հերոսություն է, իսկ մյուսը՝ դավաճանոթյուն, նույնպես չափազանցություն կլիներ:

Ի դեպ, Դաշնակցությունը նույնպես, ինչպես երեւում է անվանումից, դաշինք էր, ֆեդերացիա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29