Լրահոս
Օրվա լրահոսը

Հայագիտության նվիրյալը

Մարտ 07,2016 11:30

Հայագիտությունը ծանր կորուստ կրեց. կյանքից անսպասելի հեռացավ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը: Կորստյան վիշտը համակել է ոչ միայն մերձավորներին, այլեւ իր հարյուրավոր, հազարավոր սաներին` համալսարանական եւ ճեմարանական ուսանողներին, գործընկերներին… Շատ-շատերն էլ, որոնք եթե անգամ անձնապես ծանոթ չեն եղել երեւելի պատմաբանին եւ բացառիկ դասախոսին, հասկանում են, որ Հայաստանը կորուստ ունեցավ, մեծ կորուստ: Ծանր կորուստ կրեցին Ս. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը եւ Երեւանի պետական համալսարանը: Ուսանողներն այլեւս չեն ըմբոշխնի անզուգական դասախոս Պետրոս Հովհաննիսյանի դասերը, երբ նա այնպիսի՛ վարպետությամբ էր խոսում պատմական իրադարձությունների մասին, որ ուսանողներին թվում էր, թե իրենք տեղափոխվել են, ասենք, Տիգրան Մեծի կամ Աշոտ Երկաթի ժամանակները, իսկ իրենց դասախոսն էլ նկարագրվող իրադարձությունների մասնակիցն է եղել:

Վախճանվեց հայ գրքի ամենաջերմ, կարելի է ասել ֆանտաստիկ սիրահարը եւ գիտակը: Բացառիկ հիշողություն ուներ, հայ գրքի մասին շատ բան գիտեր, անչափ շատ, կարելի է ասել՝ քայլող հանրագիտարան: Գրքերն իր սիրո եւ գուրգուրանքի առարկան էին: Ճոխ, եզակի գրադարան ուներ, Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի հայերեն եւ աշխարհի տարբեր լեզուներով բոլոր թարգմանությունների բացառիկ հավաքածու: Հայ հասարակությունից հեռացավ եւս մեկ մեծ մարդ, մեծատառով Մարդ` անչար, ջերմ, հավասարակշիռ եւ իմաստուն: Զտարյուն հայ, հայկականությամբ ողողված էություն, պայծառ հայրենասեր, որը հիանալի գիտեր Հայաստանը եւ Սփյուռքը: Աներեւակայելի աշխատասեր էր: Արդյունավետ է եղել Պետրոս Հովհաննիսյանի կատարած աշխատանքը, քրտնաջան աշխատանքի արդյունքը քաջ ծանոթ է հայությանը Հայաստանում եւ Սփյուռքում: Հրապարակի վրա են ականավոր պատմաբան Ն. Ադոնցի երկերի վեց եւ ակադեմիկոս Հ. Մանանդյանի երկերի վերջին երկու հատորները, որ հրատարակության է պատրաստել պրոֆեսոր Հովհաննիսյանը: Կազմել է Մովսես Խորենացու երկերի ամբողջական մատենագիտությունը: Համահեղինակն է եւ խմբագիրը Հայոց պատմության եւ հայ եկեղեցու պատմության բուհական եւ դպրոցական դասագրքերի:

Կազմել է Հայոց պատմության համալսարանական քրեստոմատիաներ: Հարյուրավոր հրապարակումների հեղինակ է հայաստանյան եւ սփյուռքյան գիտական, մշակութային եւ այլ պարբերականներում: Հմուտ պատմաբանի ստորագրությամբ լույս են տեսել հանրագիտարանային բազմաթիվ հոդվածներ («Հայկական սովետական հանրագիտարան», «Հայկական համառոտ հանրագիտարան», «Ամենայն Հայոց կաթողիկոսներ», «Քրիստոնյա Հայաստան»): Աշխատանքների ցանկում կան գիտական, ուսումնական, մեթոդական մի շարք այլ աշխատանքներ եւս: Այս ամենը մեկ բառով կարող ենք ամփոփել` նվիրյալ: Հայագիտության նվիրյալ, Հայոց պատմության եւ հայ եկեղեցու նվիրյալ: Կրթության գործի նվիրյալ: Ազգի նվիրյալ: Հայրենիքի նվիրյալ: Կենսագիրները Պ. Հովհաննիսյանի կենսագրությունը սեղմ այսպես կներկայացնեն: Ծնվել է 1944-ի հունիսի 22-ին Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում՝ Մեծ եղեռնից փրկված Հովհաննեսի բազմանդամ ընտանիքում: Դպրոցն ավարտել է հայրենի քաղաքում, ապա սովորել Երեւանի պետական համալսարանի պատմության բաժանմունքում: Ավարտելուց հետո` ուսումնառություն ասպիրանտուրայում, ատենախոսության պաշտպանություն, այնուհետեւ դասախոսական աշխատանք Երեւանի պետական համալսարանում (վերջին շրջանում հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատարն էր), Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում, Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: Գիտնականի եւ դասախոսի անդուլ աշխատանքը եւ նվիրումը գնահատվել են. արժանացել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանին, ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման: Ունի երկու որդի եւ թոռնիկներ: Մահկանացուն կնքել է 2016-ի փետրվարի 22-ին:
Սրանք չոր փաստերն են: Իսկ Պ. Հովհաննիսյանի սաները եւ գործընկերները, մտերիմները անվերջ կարող են պատմել նրա հետ ունեցած հանդիպումներից, դասերից, զրույցներից… Սիրով եւ ջերմորեն: Հիմա արդեն` ցավով…

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031